«Ընկերասեր էր, հարեհաս, բոլորի հանդեպ հարգանքով». տանկիստ Սամվել Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Վարանդայում. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
«Շատ չարաճճի երեխա էր Սամվելս, բայց մեծանալով՝ լրջացավ, փոխվեց: Ժիր էր, ընդունակ: Ընկերասեր, հարեհաս, բոլորի հանդեպ հարգանքով էր, թե՛ իրեն էին հարգում, թե՛ ինքն էր բոլորին հարգանքով վերաբերվում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սամվելի մայրիկը՝ տիկին Սիրունը:
Սամվելի մանկությունն անցել է Ազատամուտ գյուղում, հինգ տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Տավուշի մարզի Սևքար գյուղ, այստեղ դպրոց է հաճախել, Սևքարում նրա պատանեկությունն է անցել: Մայրիկի խոսքով, որդին դպրոցում նորմալ սովորել է, բայց ուսանող լինել չի հասցրել: Սամվելը դպրոցին զուգահեռ երկրորդ դասարանից հաճախել է սամբոյի: «Իր ցանկությամբ ընտրեց այդ սպորտաձևը: Մինչև 1617 տարեկանը սիրով հաճախել է սամբոյի: Արցախում, Ռուսաստանում, Հայաստանում տարբեր մրցումների է մասնակցել, բազմաթիվ մեդալներ, գավաթներ ու պատվոգրեր ունի: Մոսկվայում, մասնակցելով մրցումների, գրավել է մրցանակային երրորդ տեղը: 17 տարեկան էր, սկսեց պատրաստվել բանակ զորակոչվելուն և սամբոյի մարզումները թողեց»: Մայրիկն ասում է՝ որդին շատ նպատակներ ու երազանքներ ուներ:
«Իր հիմնական երազանքը տրակտոր ունենալն էր, այն վարելը, այգեգործական աշխատանքներում օգտագործելը: Իջևանում ջերմոցներ էին կառուցում, օրվա մեջ մի քանի ժամով գնում էր, օգնում, սովորում տրակտոր վարելու հմտությունները: Վարորդական իրավունք արդեն ուներ, մյուս երազանքները կյանքի էր կոչելու բանակից զորացրվելուց հետո»: Սամվելը բանակ է զորակոչվում 2020 թ. հունվարի 7-ին: Նրա ծառայության առաջին վեց ամիսն անցել է Արմավիրի ուսումնական զորամասում, եղել է տանկիստ: Վեց ամիս անց տեղափոխվել է Վարանդա (Ֆիզուլի), որտեղ էլ իր ծառայությունը շարունակելու էր մինչև զորացրվելը: Երբ հետաքրքրվում եմ, թե ինչ տրամադրվածությամբ է որդին մեկնել բանակ, տիկին Սիրունն արձագանքում է՝ շատ մեծ սիրով է մեկնել: «Բանակում ծառայելու ժամանակ էլ ընդունակ է եղել, աշխատասեր: Առաջադիմությունը բարձր էր, բավականին մեծ շրջապատ էր ստեղծել: Գոհ էր ծառայությունից, երբեք չէր տրտնջում:
Ցավոք, համավարակի ամիսներն էին, ո՛չ մենք կարողացանք իրեն այցելել, ո՛չ էլ նա կարողացավ արձակուրդ գալ: Պատերազմից հետո, երբ ցանկանում էինք տեղեկություններ ստանալ, թե ինչ է եղել, ինչպես, այդ ընթացքում հանդիպեցինք հրամանատարների հետ: Բոլորն իր մասին գովասանքի, դրական խոսքեր էին ասում, նշում էին, որ իր ոգին, ինչպես ասում են, «տեղն» է եղել անգամ պատերազմի ծանր օրերին: Երբեք որևէ հարցում չի ընկճվել»,պատմում է տիկին Սիրունը: Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը: «Ամեն օր խոսել ենք իր հետ, թեկուզ մի քանի րոպեով, բայց լսել ենք իր ձայնը: Հոկտեմբերի 11-ին զանգահարեց, խոսեցինք վերջին անգամ: Հարց ու փորձ էինք անում, թե ինչ ունի, շոր ու ուտելիք ունե՞ն, ասում էր՝ ամեն ինչ էլ ունենք, այնքան ուտելիք ունենք, որ էլ ասելու չի: Չի բողոքել ոչ մի բանից, հակառակը՝ անգամ պատերազմի ծանր պահերին ասում էր, որ ամեն ինչ նորմալ է»:
Տանկի մեխանիկ-վարորդ Սամվելը զոհվել է հոկտեմբերի 13-ին գրադի հարվածից, հաջորդ օրն առավոտյան ընտանիքը ստացել է որդու մահվան բոթը, նրանց հայտնել են, որ Սամվելն արդեն Հայաստանում է: «Իր տանկի հրամանատարն է ընկերոջը զանգել, հայտնել, թե որ ուղղությամբ են գնում, ու ասել՝ հետ գալու հույս չկա: Մինչև Սամվելի հրամանատարի ընկերը՝ արցախցի Վիլենը, հասնում է այնտեղ, տեսնում է, որ բոլորը զոհվել են, իր ընկերոջ հետ նաև տղաներին է դուրս բերում: Դրա շնորհիվ է, որ Սամվելս շուտ է տուն հասել, հակառակ դեպքում՝ իրեն էլ երևի շատ կփնտրեինք»: Վարանդայում տղաները շրջափակման մեջ են հայտնվել, բայց արդեն տանկով չեն եղել:
«Զինակից ընկերների պատմությունների համաձայն, Սամվելը երկու անգամ ընկել է շրջափակման մեջ, բայց հնարամտության, խիզախության շնորհիվ տղաների հետ կարողացել են դուրս գալ ծանր իրավիճակից: Երրորդ անգամ կրկին շրջափակման մեջ հայտնվելով՝ «կորցրել» են իրենց զրահատեխնիկան: Դրանից հետո նրանց հրահանգել են բարձունք պահել, հետևակի մաս են կազմել»: Սամվելն ավագ քույրիկ ունի, տիկին Սիրունը՝ երկու թոռ: «Սամվելը քույրիկի երեխաներից որևէ մեկին չի տեսել, բայց իմացել է քրոջ առաջնեկի ծնվելու լուրը: Ավագ թոռս մեկ ամսական էր, երբ Սամվելը զոհվեց: Սամվելից հետո աղջիկս դարձավ մեզ ուժ տվողը, իհարկե՝ նաև թոռնիկներս: Շատ կարևոր էր, որ նա մեզ մենակ չթողեց, մեր կողքին է»:
Հ. Գ. - Սամվել Սահակյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, Սամբոյի ֆեդերացիայի պատվոգրով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Տավուշի մարզի Սևքար գյուղի գերեզմանատանը:
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում