ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արդյո՞ք Հայաստանը կգնա Վրաստանի կամ Ուկրաինայի ճանապարհով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Pulseday.ru-ն գրում է, որ Ղարաբաղյան հակամարտության ավարտից հետո առաջին անգամ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերադառնում է մեծ քաղաքականություն։ Սանկտ Պետերբուրգում նա մասնակցել է Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին, ինչպես նաև ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին։

Այն բանից հետո, երբ Ադրբեջանը ավարտել է իր ռազմական գործողությունը Լեռնային Ղարաբաղում, Փաշինյանը բացակայել է ՀԱՊԿ անդամ երկրների տարեկան հանդիպմանը։ Նա նաև անտեսել է ԱՊՀ պաշտոնական գագաթնաժողովը։ Միաժամանակ, Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ԱՄՆ-ում բանակցություններ է վարել Պենտագոնի ղեկավարի օգնական Լորա Կուպերի հետ։ Հանդիպումից հետո երկրները պայմանավորվել են մեծացնել ռազմատեխնիկական համագործակցությունը։ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ աշխատանքային այցով եղել է Հունաստանում և Կիպրոսում։ Հանդիպման արդյունքում նա միջերկրածովյան հանրապետությունների գլխավոր շտաբների ներկայացուցիչների հետ ստորագրել է ռազմական համագործակցության մասին համաձայնագիր։ Հիշեցնենք, որ Հունաստանը ՆԱՏՕ-ի անդամ է:

Հայաստանը փորձում է «նստել երկու աթոռի վրա», ասել է քաղաքագետ Իգոր Եգորովը։ Չնայած այն բոլոր անբարյացակամ գործողություններին, որոնք Հայաստանը կատարել է վերջին երեք տարիների ընթացքում Ռուսաստանի նկատմամբ, նա հավասարակշռում է Արևմուտքի հետ և պահպանում բարեկամական հարաբերություններ իր պատմական հարևանի հետ, նշել է փորձագետը։

«Փաշինյանը բաց է թողել Ռուսաստանի մասնակցությամբ մի շարք հանդիպումներ ԱՊՀ, ՀԱՊԿ և այլ ձևաչափերում։ Հիմա նա եկել է Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵԱՏՄ երկօրյա գագաթնաժողովին, և դա չնայած Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ Հայաստանի համագործակցությանը։ Ըստ երևույթին, Անդրկովկասյան այդ հանրապետությունը կցանկանար հայտնվել Արևմուտքի պրոտեկտորատի տակ, սակայն պատմական հիշողությունն ու ռացիոնալությունը Փաշինյանին հուշում են, որ նա պետք է կապեր պահպանի Ռուսաստանի հետ։ Նրա համար ԵԱՏՄ գագաթնաժողովին այցը հնարավորություն է շփվելու ԱՊՀ այլ ղեկավարների հետ, հասկանալու, թե ով և ինչպես է վերաբերվում Հայաստանին, հավելյալ կապեր հաստատելու համատեքստում»,- «pulseday.ru»-ին տված հարցազրույցում նշել է քաղաքագետը։

Չնայած Հայաստանի քաղաքական անորոշությանը, նրա տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ ամուր են։ Դեկտեմբերի կեսերին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Երևանում հանդիպել էր Նիկոլ Փաշինյանին։ Այնտեղ նրանք քննարկել էին երկու պետությունների համագործակցության հարցերը։ Մասնավորապես, Օվերչուկը Հայաստանի ղեկավարին վստահեցրել էր, որ Ռուսաստանը տեխզննում կանցկացնի և Մեծամորի ատոմակայանի շահագործումը կերկարաձգի մինչև 2036 թվականը։ Ենթադրվում է նաև, որ Ռուսաստանի Դաշնությունը կօգնի հանրապետությանը նոր էներգաբլոկների կառուցման հարցում։ 

Այնուամենայնիվ, քաղաքագետ Իգոր Եգորովը կարծում է, որ երկու պետությունների փոխադարձ ապագան անամպ չի լինի։  «Եթե խոսենք ռուս-հայկական հարաբերությունների զարգացման հեռանկարների մասին, ինձ թվում է, որ դրանք ամբողջությամբ դրական չեն։ Իմ կարծիքով, Հայաստանը՝ ի դեմս Փաշինյանի և, ասենք, նրան սատարող արևմտյան ուժերի, խաղադրույք է կատարել հետևյալի վրա. խաղաղություն կնքել Ադրբեջանի հետ երկրի համար քիչ թե շատ ընդունելի պայմաններով, իսկ դրանից հետո կրճատել Մոսկվայի հետ շփումները և փորձել դուրս մղել ռուսական զորքերը Գյումրիի ռազմաբազայից։ Այսինքն կանխատեսվում է, որ Հայաստանը կդառնա Հարավային Կովկասում հակառուսական կենտրոն, քանի որ Վրաստանի հետ նման պլանը չաշխատեց»,- նշել է փորձագետը։

Եգորովի խոսքով, Ռուսաստանի նկատմամբ հետխորհրդային պետությունների միջազգային քաղաքականությունը կարելի է բաժանել երեք ուղղությունների: Դա կա՛մ դաշնակցային համագործակցություն է, ինչպիսին են իրենց պահում, օրինակ, Ղազախստանը կամ Բելառուսը։ Կամ Դա ագրեսիվ դիմակայություն է, որը տեղի է ունեցել Ուկրաինայում, իսկ Մոլդովայում թափ է հավաքում։ Վրաստանի օրինակը յուրօրինակ է, չնայած այն հանգամանքին, որ երկիրը չի մասնակցում Ռուսաստանի կողմից ստեղծված միջկառավարական կազմակերպություններին, բայց չի փորձում հակասություններ ունենալ իր տնտեսական գործընկերոջ հետ։ Թե ինչ ճանապարհ կընտրի Հայաստանն իր համար, կտեսնենք առաջիկա երեք տարիներին։ «Արևմուտքը Կովկասում իր ազդեցությունը մեծացնելու համար չի կարող հույս դնել Ադրբեջանի վրա։ Նա բավականին անկախ պետություն է, որը գործելու է իր շահերից ելնելով։ Նույնը վերաբերում է Թուրքիային, թեև այդ երկիրը ՆԱՏՕ-ի անդամ է։ Դա այն երկիրը չէ, որը կհակադրի Ռուսաստանին: Արդյունքում, իմ կարծիքով, Հայաստանը շատ ձեռնտու կետ է ապագայում այնտեղ արևմտյան որևէ ուժ տեղակայելու համար»,- հավելել է Իգոր Եգորովը։

Քաղաքագետ Կոնստանտին Կալաչևն իր հերթին նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ ընդգծված բարեկամական հանդիպում է ունեցել։ Այսպիսով, դա դրական ազդանշան է: «Տնտեսության և պարզապես երկու ժողովուրդների հարաբերությունների տեսակետից այժմ կարևոր է վնաս չհասցնելը։ Հայաստանը, անշուշտ, հիասթափված է, որ Ռուսաստանը, իրենց կարծիքով, խաղաց Ադրբեջանի կողմից։ Գործընկերների և դաշնակիցների շրջանակն ընդլայնելու նրա ներկայիս ցանկությունը հասկանալի է: Սակայն այս իրավիճակը դրամատիզացնելու կարիք չկա։ Մենք պետք է բաց պահենք դռները»,- ասել է Կոնստանտին Կալաչևը։

Հայաստանի եւ Ռուսաստանի քաղաքական հարաբերությունները գնահատելուց առաջ պետք է դրանք դիտարկել տնտեսական տեսանկյունից, նոր միայն ապագայի կանխատեսումներ անել։ Այսպես, քաղաքագետ Արման Ղուկասյանն ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունը հանրապետության բոլոր գործընկերներից ամենամեծ ներդրումներն է անում հանրապետությունում։ Նա նշել է, որ Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամն արդեն շուրջ 533 մլն դոլարի ներդրում է կատարել Հայաստանում, և  ևս 300 մլն դոլար է նախատեսվում։

Երկու պետությունների միջև փոխադարձ առևտրաշրջանառությունը հասել է իր գագաթնակետին և հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում կազմել է 4,4 միլիարդ դոլար, ընդ որում, այդ ցուցանիշները նույնիսկ գերազանցել են 2021 թվականի նույն ժամանակահատվածի արժեքները։ Հանրապետության բնակչության շրջանում Մոսկվայի հետ համագործակցության հաստատումն ավելի շատ է, քան հարաբերությունները խզելու գաղափարը, հավելել է Ղուկասյանը։

Քաղաքագետն ընդգծել է, որ Հայաստանի շրջադարձը Ռուսաստանից մեծ հարված կհասցներ հանրապետության տնտեսությանը: Նույնիսկ արևմտյան երկրների հետ համագործակցությունը Երևանին չի տալիս այն օգուտի մեկ քառորդը, որը նա ստանում է Մոսկվայի հետ երկխոսությունից։ Ըստ Ղուկասյանի որոշ լրատվամիջոցներ կարող են միտումնավոր բացասական նարատիվներ տարածել ռուս-հայկական գործընկերության մասին, քանի որ նրանք իրենց նպատակներն են հետապնդում։ Դրական դինամիկայի պահպանման օգտին է խոսում նաև ռազմատեխնիկական ոլորտում երկու երկրների համագործակցությունը։ Այսպես, Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը զեկուցել է, որ սպառազինությունների մատակարարումները գործնականում ավարտված են, և այժմ մշակվում են նոր պայմանագրեր։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am







Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular