ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում վերածնվել է գինեգործության հնագույն «Կախանի» մեթոդը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Mir24.tv-ն գրում է, որ հայ գինի արտադրողները հայտ են ներկայացրել Խաղողագործության և գինեգործության միջազգային կազմակերպություն «Կախանի»  մեթոդը գրանցելու համար։ Սա չամիչից գինի արտադրելու վերածնված հին հայկական տեխնոլոգիա է։ Խաղողը կախում են զով սենյակում և չորացնում հատուկ եղանակով։ Այդ բարելավված տեխնոլոգիան այժմ օգտագործում են Հայաստանի մի քանի գինեգործական գործարաններ, հայտնել է MIR 24-ի թղթակից Արմեն Օսիպյանցը։

Գինու գործարանի հիմնադիր Վահագն Գևորգյանը հնագույն հայկական «Կախանի» մեթոդի վերածնման նախաձեռնողն է։ Մի քանի տարի նա եղել է գյուղերում, զրուցել ֆերմերների հետ, ուսումնասիրել պատմական աղբյուրները և արդյունքում  գտել մոռացված տեխնոլոգիայի մասին անհրաժեշտ տեղեկությունը։ Այն առաջացել է «քահել», այսինքն «կախել» բառից և հորինվել է պատահաբար. հին ժամանակներում մարդիկ խաղողը կախում էին նկուղներում, իսկ ավելցուկից գինի էին պատրաստում։

«Չամիչի գինին արտադրվում է տարբեր երկրներում, օրինակ Իտալիայում «appassimento»-ն, երբ խաղողը չորացնում են փայտե տախտակների վրա։ «Կախանի» մեթոդի տարբերությունն այն է, որ մենք այն կախում ենք պարաններից, և հատապտուղները ոչ մի բանի հետ չեն շփվում, չեն ենթարկվում որևէ մակերեսի ազդեցության բացառելով կողմնակի մանրէաբանական պրոցեսների առաջացումը»,- պարզաբանել է Վահագն Գևորգյանը։

Խաղողը կախում են հոկտեմբերի կեսերին և հավաքում դեկտեմբերի վերջին կամ հունվարի կեսերին։ Խմորումից հետո դրանցից ստացված հյութը լցնում են կավե ամֆորա «կարաս»-ի կամ կաղնե տակառների մեջ և հնեցնում վեց ամսից մինչև երկու տարի։ Այնուհետև գինին շշերի մեջ հասունանում է ևս վեց ամիս ու հետո միայն հանվում վաճառքի։

Գործարանը սկսել է գինի արտադրել «Կախանի» մեթոդով դեռ 2012 թվականին, բայց փոքր մասշտաբով։ Հետո կատարելագործել են տեխնոլոգիան, փորձել տարբեր խաղողների տեսակներ և կանգ առել «Արենի» խաղողի վրա: Մի քանի տարի առաջ ծավալը հասցվել է տարեկան 50 հազար շշի։ Գինին վաճառում են ներքին շուկայում, նաև արտահանում։

«Այս տեխնոլոգիայի կիրառմամբ մենք արտադրում ենք երեք տեսակի գինի: Առաջին «Կիսակախանին» է, որի արտադրության մեջ օգտագործում ենք կիսաչոր և երիտասարդ խաղող։ Երկրորդը դասական չոր գինի է, որն ամբողջությամբ պատրաստվում է չամիչից: Իսկ երրորդ տեսակը քաղցր է՝ 40% շաքարի պարունակությամբ առավելագույն չորացրած խաղողից։

Կախանի տեխնոլոգիայով պատրաստված գինիների համն ու բույրն ավելի ընդգծված ու հարուստ են»,- պատմել է Վահագն Գևորգյանը։

Գինեգործը որոշել է Կախանին որպես հայկական բրենդ դուրս բերել համաշխարհային մակարդակի։ Հայկական խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հետ հայտ են պատրաստել և ուղարկել Միջազգային կազմակերպություն՝ տեխնոլոգիայի գրանցման համար։

«Նախ նրանց փորձագետները կուսումնասիրեն մեր տեխնոլոգիան, որից հետո մենք կգնանք կազմակերպություն և անձամբ կներկայացնենք նրբությունները։ Դրանից հետո պարզ կդառնա՝ տեխնոլոգիան կգրանցվի, թե ոչ։ Դրական որոշումը պետք է մեծացնի Հայաստանի ճանաչումը որպես գինեգործության հին և հարուստ ավանդույթներ ունեցող երկիր, մեծացնի զբոսաշրջիկների հետաքրքրությունը, մեծացնի արտադրության և արտահանման ծավալները և նպաստի մեր գինու առաջխաղացմանը համաշխարհային շուկաներում», - ասել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը։

Հայաստանում «Կախանի» տեխնոլոգիայով գինիներ են արտադրում ևս երեք գործարան։ Մեթոդի վերածննդի նախաձեռնողները պատրաստ են կիսվել բոլոր հետաքրքրված մասնագետների հետ։ Այս տարի «Կիսակախանի»  գինին ոսկե մեդալ է նվաճել եվրոպական խոշորագույն համտեսման մրցույթում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular