Հայտնի են Մերձմոսկվայում մեքենայի բեռնախցում մահացած հայտնաբերված հայերի անունները. նրանց խոշտանգել են
ԻՐԱՎՈՒՆՔՀայտնի են Մերձմոսկվայի Ռազվիլկա ավանում «Մերսեդես»-ի բեռնախցում մահացած հայտնաբերված երկու տղամարդկանց անունները: Սպանվածներից մեկը՝ Խորեն Մարգարյանը, Հայաստանի քաղաքացի է: Երկրորդ սպանվածն Աբխազիայից Միքայել Լալայանն է: Իրավապահների վարկածով՝ սպանելուց առաջ տղամարդկանց խոշտանգել են:
«МК»-ին հայտնի է դարձել, որ «Մերսեդես»-ը երկուշաբթի երեկոյան հայտնաբերել է մոտակա տներից մեկի բնակիչը: Նրան կասկածելի է թվացել, որ անծանոթ մեքենան երկար ժամանակ կայանված է իր տան մոտ: Տղամարդը ոստիկանություն է զանգահարել:
Իրավապահները որոշել են զննել կասկածելի ավտոմեքենան եւ բեռնախցում երկու դիակ հայտնաբերել: Քննիչները կարծում են, որ սպանությունը պատվիրված է եղել:
ՌԴ ՔԿ Մոսկվայի մարզի վարչության ղեկավարի ավագ օգնական Ելենա Ֆոկինան «ՄԿ»-ին տեղեկացրել է, որ քրեական գործ է հարուցվել երկու հոդվածով՝ «Սպանություն» եւ «Զենքի ապօրինի շրջանառություն»: