ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Անորոշությունից խելագարվում եմ, գոնե իմանամ՝ գերի է». Մարատին ու Ալբերտին սպասում են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Մարատի ու ամուսնուս՝ Ալբերտի ընկերությունը 16 տարվա պատմություն ունի»,- MediaHub-ի հետ զրույցում պատմում է Լուսինեն, ավելացնում, որ հենց այդ ընկերությունն ու հաճախակի հանդիպումները դարձան իր ու Ալբերտի ծանոթության, ապա ամուսնության պատճառը։ 

Մարատը Լուսինեի հորաքրոջ որդին է. «Ինչպես ամբողջ կյանքում են եղել միասին, այդպես էլ այսօր, երբ անհայտության մեջ են, և նրանց մասին սեպտեմբերի 19-ից այս կողմ լուր չունենք»:

Ալբերտ Ավետիսյանն ու Մարատ Խաչատրյանը Ասկերանի շրջանի Սզնեք գյուղի տարածքում են եղել, երբ սկսվել է պատերազմը։ Նույն օրը թշնամին գրավում է վերին ենթաշրջանը Ստեփանակերտին կապող գլխավոր ու միակ մայրուղին և խաղաղ բնակչությունը, ինչպես նաև այդ տարածքում ծառայություն իրականացնող ստորաբաժանումները, հայտնվում են պաշարման մեջ։ Կինը պատմում է. «Քանի որ այդ հատվածում մարտերը թեժ էին ու ժամ առ ժամ իրավիճակը փոխվում էր՝ ոչ մեր օգտին, ես միայն մտածում էի Ալբերտի, Մարատի ու Կարմիր-Սզնեք գյուղերի մեր բարեկամ-ծանոթների մասին։ Կապ չկար, որ կարողանայի խոսել հետը։ Վերջին անգամ սեպտեմբերի 19-ին եմ խոսել, նախքան պատերազմի վերսկսումը»։ 

Հաջորդ օրը, երբ կրակն արդեն դադարել է, սկսվել է մարդկանց տարհանումը։ Խաղաղ բնակիչների մի մասը Ստեփանակերտ է հասել անտառներով, բոբիկ, դատարկ, առանց ոչինչ վերցնելու, մի մասը՝ մեքենաներով, մյուսները՝ տարհանվել են։ 

«Ալբերտից ու Մարատից որևէ տեղեկություն չենք ունեցել։ Դիմել ենք փրկարար ծառայության օպերատիվ շտաբ, որոնողական աշխատանքներն իրականացվել են բոլոր ուղղություններով, քաղաքացիների ու ծառայողների դիակներ են իջեցրել, բայց մեր տղերքից ոչ մի լուր, ոչ մի հետք։ Հետո ենք իմացել, որ այդ հատվածում մարդկանց են գերեվարել։ Ալբերտը Կարմիր գյուղից է, տարածքին քաջածանոթ, եթե գերեվարված չլիներ, վստահ եմ, ուր էլ լիներ՝ կգար»,- ասում է մեր զրուցակիցը, մեջբերում այդ տարածքից վերադարձած մարդկանց պատմածը, ովքեր տեսել են Ալբերտին ու Մարատին։ 

«Բնակիչներից մեկն ասաց՝ լսել է, որ ադրբեջանցիները ռուսերենով «сдавайтесь, сдавайтесь» են ասել, որից հետո այլևս տղաները չեն երևացել»։ Լուսինեն ենթադրում է, որ ամուսինն ու ընկերը գերեվարվել են։ 

«Անորոշությունից արդեն խելագարվում եմ, սպասումը սարսափելի բան է։ Գոնե իմանամ գերի է։ Դիմել եմ բոլոր հնարավոր կառույցներին, առայժմ դրական պատասխան չկա։ Հուսով եմ, Բաքվի ղեկավարությունը մեր դեպքում էլ մարդասիրական քայլ կցուցաբերի ու մեր տղամարդկանց էլ կվերադարձնի։ Շատ դժվար կյանք ենք տեսել ես ու Ալբերտը։ Մոտ 15 տարի է՝ ամուսնացած ենք, առայժմ երեխա չունենք։ Բուժման փուլ ենք անցել, հիմա, երբ արդեն հնարավոր էր բալիկ ունենալ, սկսվեց պատերազմը»,- ասում է Լուսինե Ավետիսյանը։ 

Նա համոզված է, որ Բաքվում պահվող հայերի հետ նաև Ալբերտն ու Մարատն են։ Կինը հույսը չի կորցնում, գիշեր-ցերեկ աղոթում է, որ ամուսինն ու եղբայրը մի օր անպայման կվերադառնան և նոր կյանք կսկսեն՝ նոր բնակության հասցեում։

Հունան Թադևոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular