ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Միակ խոչընդոտը եղանակային պայմաններն են»․ Մաքսային կցորդը՝ Լարսի անցակետում ձևակերպում չանցած 200 բեռնատարների մասին

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Դեպի Ռուսաստան գնացող՝ հայկական ապրանքներով բեռնված մոտ 200 բեռնատար դուրս է եկել Հայաստանի սահմանից, սակայն դեռևս Վերին Լարսի անցակետում ձևակերպում չի անցել. խոչընդոտը եղանակային պայմաններն են, «Արմենպրես»-ի հետ զրույցում իրավիճակն է ներկայացրել Ռուսաստանում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:

«Այսօրվա դրությամբ մոտ 200 բեռնատար ունենք, որ Հայաստանի սահմանները լքել են  և դեռևս Լարսում ձևակերպված չեն: Դրանց մի մասն արդեն անցել է սահմանը, ռուսական կողմում ձևակերպում են ստանում, մյուս մասը վրացական կողմում կամ մինչև արգելափակված հատվածում են, կամ արդեն անցել են, սպասում են ընթացքը շարունակելուն»,-ասել է Հակոբյանը:

Մաքսային կցորդը վստահեցրել է՝ միակ խոչընդոտը եղանակային պայմաններն են, Խաչի լեռնանցքում հաճախ ձյան, մերկասառույցի պատճառով բեռնատարների համար երթևեկությունը սահմանափակվում է:

«Այս պահի դրությամբ էլ սահմանափակված է: Ձնամաքրման աշխատանքներից հետո սպասում ենք, որ ճանապարհը կրկին երթևեկելի կլինի նաև բեռնատարների համար»,-ասել է Հակոբյանը:

Ըստ նրա՝ կան փչացող ապրանքներ, բայց այս պահի դրությամբ շատ չեն:

Իսկ Ռուսաստանից եկող ուղղությամբ բեռնատարները քիչ են՝ մի քանի տասնյակ, հիմնական մասն անցել է:

Մաքսային կցորդը նշել է․ «Այս պահին ոչ մի այդպիսի խնդիր չունենք, որի համար անհանգստանալու կարիք լինի: Ամեն ինչ բնականոն ռեժիմով իրականացվում է, մեր բեռները ձևակերպվում, անցնում են Ռուսաստանի սահման»։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular