ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


81 տոկոսը դժգոհ է, իսկ 74 տոկոսը ձայնը տալիս է այդ ուժին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ընտրություններում 5 տոկոսի շեմը չհաղթահարած «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակով առաջադրված թեկնածու Անահիտ Բախշյանը միակն էր այս ուժից, որ երեկ խոսեց ընտրությունների արդյունքների, իրենց պարտության եւ այլոց հաղթանակների մասին։

Բայց նրա համար դժվար էր բառեր ու տրամաբանություն գտնել՝ կատարվածը նկարագրելու համար։ «Էս ընտրությունները մեկնաբանելու համար պիտի ուղեղդ անջատես, տրամաբանությունդ բացառես, միայն այդ դեպքում է հնարավոր մեկնաբանել։ Իսկ եթե վերլուծում ես, ուզում ես տրամաբանորեն հասկանալ՝ ինչ կատարվեց, չես կարողանում։

Ինչո՞ւ, որովհետեւ, եթե ժողովրդի 81 տոկոսը դժգոհ է իշխանությունից, թվում է, թե եկել է պահը, որ հիմա իմ դժգոհությունն արտահայտելու եմ՝ նրանց չընտրելով, եւ սա լրիվ կլինի տրամաբանական։ Բայց տեղի է ունենում հակառակը՝ 81 տոկոսը դժգոհ է, իսկ 74 տոկոսը ձայնը տալիս է էդ ՀՀԿ եւ ԲՀԿ՝ իրար հետ միասին, որոնք երկուսն էլ իշխանություն են ինձ համար։

Ու էստեղ, ինչպես ասում են, ուղեղդ կախում է»,- մեզ հետ զրույցում այսպես մեկնաբանեց տիկին Բախշյանը։ Ավելի ուշ, հիշելով Դաշնակցության մասին, այս ուժին եւս դասեց ՀՀԿ-ԲՀԿ զույգի կողքին։

Հետո փորձեց բացատրել, որ մեր քաղաքացիների իրավագիտակցության ցածր մակարդակը բերում է նրան, որ մարդիկ իրապես պատգամավոր չեն ընտրում, «այլ շնորհակալություն են ասում էն մարդուն, ով իրենց գործատուն է, ով իրենց 10 հազար դրամ կաշառք է տալիս, ով իրենց աշխատանքի է նշանակում»։

Մի խոսքով՝ ընտրությունները, ըստ Բախշյանի, դարձել են շնորհակալություն հայտնելու, երախտիքի մի ձեւ իրենց հարստահարողների, իրենց շահագործողների նկատմամբ։ Անահիտ Բախշյանն արդեն շնորհավորել է ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի կողքին նաեւ խորհրդարան անցած չորրորդ ուժին՝ «Ելքին», եւ նշեց, որ նրանք լավ աշխատեցին քարոզարշավի ընթացքում։

- Իսկ «Ազատ դեմոկրատների» չանցնելու հանգամանքն ինչո՞վ էր պայմանավորված։

- Այստեղ կարեւոր դեր խաղաց այն, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը հասարակությունը ծանոթ չէր։ Փաստորեն, հինգ տարի խորհրդարանում «Ազատ դեմոկրատների» գործունեությունը չէր եղել պատշաճ հրապարակավ, չնայած իրենք առանձին չմտան, «Ժառանգության» հետ մտան, բայց դա էլ խանգարեց, դա էլ կարող էր ազդեցություն ունենալ, որովհետեւ բոլորը դիտում էին իբրեւ «Ժառանգություն»։ Այսինքն՝ անիրազեկվածությունը եւ այն, որ այդ գաղափարները, որ «Ազատ դեմոկրատները» բերում էին, դրանք չէին հասունացել, չէին եփվել հասարակության մեջ։ Խոսքը դեպի Եվրոպա ձգտելու եւ ԵԱՏՄ-ից դուրս գալու գաղափարի մասին էր, որը թեպետ շատերին էր դուր գալիս, բայց եփված չէր։

- «Ազատ դեմոկրատներին» գուցե լավ ծանոթ չէր հասարակությունը, բայց փոխարենը Ձեզ էին լավ ճանաչում, Ստյոպա Սաֆարյանին, Հրանտ Բագրատյանին։ Ձեր ֆակտորն ինչո՞ւ լավ չաշխատեց։

- Այո, շատ լավ հարց եք տալիս․․․ որովհետեւ, ասում եմ, հասարակության կողմից գնահատվեց ոչ թե մեր՝ որպես պատգամավորի գործունեությունը, այլ գնահատվեց այն մարդկանց գործունեությունը, որոնք գործատու են, որոնք կաշառք տվեցին։

- Հետընտրական որեւէ զարգացում կանխատեսո՞ւմ եք կամ ճիշտ համարո՞ւմ եք։

- Կանխատեսել՝ դժվարանում եմ, բայց ես՝ ինքս, դեմ եմ, որովհետեւ ընտրական գործընթացն ընտրատեղամասերում մեծամասամբ նորմալ ընթացել է, դա բոլորն էլ ասում են։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular