ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ունայնություն` ունայնության

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վստահ եմ կհամաձայնեք, որ հայաստանյան ողջ քաղաքական դաշտի ամենամեծ անոմալիան ներկայիս հանդարտությունն ու բուտաֆորիկ անտարբերությունն է։ Արցախի կորստից, հայաթափումից հետո ու Հայաստանին սպառնացող անվտանգային մարտահրավերների պայմաններում քաղաքական դաշտն ընդամենը հերթապահ ներկայություն է ապահովում։ Ավելին, հասարակությունն ամբողջության մեջ ապրում է միանգամայն այլ իրականությունում, որը կտրված է ինչպես իշխանությունից, այնպես էլ՝ ընդդիմությունից։ Հատկանշական է նաև այն, որ այս անտարբերությունը շատ հաճախ ունենում է անդառնալի ու կործանարար հետևանքներ։

Հիմա դիտարկենք մի հատկանշական առանցք։

Թերևս շատերս ենք նկատել, որ հայկական լրատվական տիրույթում հիմնականում տիրաժավորվում են այս կամ այն հարցի հետ կապված Ալիևի մոտեցումներն ու վերաբերմունքը, բայց նույն ժամանակահատվածում նույն թեմաներին անդրադառնում է նաև Էրդողանը (օրերս նա անդրադարձել էր Արցախի խնդրին, հայ-ադրբեջանական հարաբերություններին), բացի դրանից՝ Թուրքիայի տրանսպորտի նախարարն էր խոսել «միջանցքի» մասին՝ հայտարարելով, որ հայկական կողմից դրական ուղերձներ են հնչել «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ։ Այսինքն, Անկարան և Բաքուն ներդաշնակ ձևով համագործակցում են այս ուղղությամբ և թեման կրկին ակտիվացնում, իսկ հայկական կողմից այս հայտարարություններին ի պատասխան՝ ինչ-որ անորոշ արձագանքներ են հնչում, մասնավորապես, խոսում են Երևանի և Բաքվի միջև սահմանային դյուրացված ռեժիմի անցման վերաբերյալ, ինչն էլ ավելի մտահոգիչ է դարձնում ընդհանուր պատկերը։

Միանշանակ է, որ Ադրբեջանը փաստացի  չի փոխում իր դիրքորոշումը, իսկ հայկական կողմն անընդհատ տեղի է տալիս ադրբեջանական պահանջներին։ Այն, ինչ առաջարկել և առաջարկում է Ալիևը՝ «միջանցքի» նախագծի իրականացման մասով, ոչ այլ ինչ է, քան ՀՀ տարածքների նկատմամբ նոր հավակնություններ, նա մերժում է պայմանագրի իրագործման երաշխավորող միջազգային մեխանիզմները, իր պայմաններն ու պահանջներն է առաջ քաշում և նոր սպառնալիքների առաջ կանգնեցնում Հայաստանին։ Իհարկե, «միջանցքը» չստանալու դեպքում Ադրբեջանը հայտարարում է, որ օգտագործելու է Իրանի ենթակառուցվածքները՝ ՀՀ-ին դուրս թողնելով բոլոր տարածաշրջանային նախագծերից, բայց, եթե «բացում» ենք Ալիևի բոլոր հայտարարությունների բովանդակությունը, ապա ակնհայտ է դառնում, որ Հայաստանի կողմից, այսպես ասած, պարտավորությունների չկատարման դեպքում ադրբեջանական կողմը հիմքեր է ստեղծելու ռազմական բախումների:

Մենք ականատես ենք լինում այն բանին, որ ադրբեջանական կողմն ամեն անգամ դիմում է դիվանագիտական մանյովրների, և այնպիսի տպավորություն է, որ ամեն անգամ հայկական կողմը, գիտակցաբար կամ անգիտակցաբար, հայտնվում է այդ ծուղակում։ Ըստ էության, ադրբեջանական կողմը պատերազմից հետո ցանկացած քննարկման հարց տարանջատում է, որից հետո ստանում է իր ուզածը, իսկ հայկական կողմին, բացահայտ «քցում»։ Այդ հնարքն ադրբեջանական կողմը բանեցնում է 44-օրյա պատերազմից սկսած, իսկ հայկական կողմն ամեն անգամ վստահում է թշնամու խորամանկ առաջարկներին։

Այլ կերպ ասած՝ ցանկացած պահի ադրբեջանական կողմն ինչ-որ պատճառաբանությամբ կարող է «հայկական սպառնալիքները» չեզոքացնելու նպատակով դիմել ռազմական գործողությունների։ Պարզ ասած, սցենարը նույնն է, ինչ նրանք իրագործեցին Արցախում՝ կրկին տեղակայվելով կարևոր ռազմավարական բարձունքներում, ապա՝ իբր նկարահանելով հայկական զինված ուժերի, ռազմական տրանսպորտների տեղաշարժերը, հետո՝ մի քանի փոխհրաձգություններ, սադրանքներ և այլն, ու հիմքերը ստեղծված են նոր էսկալացիայի։

Ամփոփելով՝ փաստենք, որ Հայաստանն այսօր ի թիվս այլ գործոնների՝ գահավիժում է նաև անձնակենտրոն իշխանության պատճառով, երբ ողջ պետական համակարգը ծառայեցվում է մեկ անձի կամակորությանը։ Իսկ դա նշանակում է, որ Հայաստանն ունի ոչ այնքան նոր անձի, նոր անձերի, այլ նոր համակարգերի, այնպիսի համակարգերի կարիք, որոնք ոչ թե կծառայեն անհատներին, այլ որոնց կծառայեն անհատները։

Արմեն Հովասափյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular