Նավթի գների բարձրացման վտանգ կա․ հնարավոր են նոր թանկացումներ
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԱմերիկյան Chevron նավթագազային ընկերության ղեկավար Մայք Վիրտը կարծում է, որ Եմենի Անսար Ալլահ շարժման (հութիների) հարձակումները Կարմիր ծովում նավերի վրա լուրջ վտանգներ են ներկայացնում նավթի փոխադրման համար։ Նրա խոսքով՝ հարձակումները կարող են հանգեցնել նավթի գների բարձրացման։
Chevron-ի ղեկավարը հայտարարել է, որ ինքը զարմացած է, որ ԱՄՆ-ի հում նավթը վաճառվում է բարելի դիմաց 73 դոլարից ցածր, քանի որ «ռիսկերը շատ իրական են» հութիների հարձակումների պատճառով: «Սա շատ լուրջ իրավիճակ է, և կարծես թե գնալով վատթարանում է», - CNBC-ին հունվարի 16-ին Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ ասել է Chevron-ի գործադիր տնօրենը:
«Աշխարհի նավթի այնքան մեծ մասն է հոսում այս տարածաշրջանով, որ եթե այն փակվեր, կարծում եմ, որ իրավիճակը շատ արագ կփոխվի», - ասել է Մայք Վիրտը: Չնայած ռիսկերին, նրա խոսքով, իր ընկերությունը շարունակում է նավթ տեղափոխել Կարմիր ծովով ու սերտորեն համագործակցում է ԱՄՆ ռազմածովային նավատորմի հետ այս հարցով:
Կարմիր ծովում հութիների հարձակումները նավերի վրա ավելացել են 2023 թվականի դեկտեմբերին։ Ըստ Bloomberg-ի՝ հեղուկ բնական գազի փոխադրողները Կարմիր ծովով տարանցման ամենամեծ կրճատումն են գրանցել։ Մեկ ամսվա համեմատ նավերի թիվը նվազել է 96%-ով: Այնուամենայնիվ, ինչպես նշել է գործակալությունը, փոխադրման ժամանակի և բեռնափոխադրումների ծախսերի ավելացումը չպետք է հանգեցնի Եվրոպայում գազի դեֆիցիտի պաշարների բարձր մակարդակի և արդյունաբերական ցածր պահանջարկի պատճառով։