ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օպերային թատրոնում ոչ միայն ռեստորան, այլ նաև շոգեբաղնիք պետք է լինի. մշակույթի նախարար (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Tert.am-ի հետ զրույցում վերահաստատեց նախկին պնդումը, որ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ռեստորան բացելու անհրաժեշտություն կա, քանի որ թատրոնի ճեմասրահում գործող «կայարանային» սննդի կետերից պետք է հրաժարվել:   

Ավելին, ըստ նրա, Օպերային թատրոնում պետք է նաև շոգեբաղնիք լինի՝ «սաունա»: «Պետք է լինի նաև մարզասրահ, պետք է լինի շոգեբաղնիք, որը Ձեզ մոտ հիմա շոկ է առաջացնում, բայց բալետի պարողների համար, արտիստների համար շատ կարևոր է, որ նրանք լինեն լավ մարզավիճակում, որպեսզի ավելորդ քաշը, ավելորդ ծանրությունը կարողանան նվազեցնել՝ լավ երգելու, լավ պարելու համար»,-ասաց նա: 

Ըստ Ամիրյանի՝ ժամանակին եղել է, որը քանդել են և կառուցել են տարբեր տիպի հաստատություններ. «Եղել է մարզասրահ, շոգեբաղնիք, ամեն բան, ինչ պետք է արտիստների համար»։ 


Իսկ մինչ այդ նա նշեց, որ մշակվում է ենթակառուցվածքների նախագիծ, խոսքը վերաբերում է սանհանգույցներին, պատշգամբին, բեմին և այլն: «Դուք հիմա խոսում եք միայն կենցաղային հատվածի մասին, բայց ծրագրային, խաղացանկային քաղաքականություն է մշակվում, ամբողջը պետք է փոխել, մենք պետք է անպայման ունենանք երկրորդ բեմը մանկական օպերային ներկայացումներ բեմադրելու համար: Անպայման պետք է լինեն հատուկ սննդակարգի ռեստորաններ, որոնք պետք է ապահովեն Օպերային թատրոնի արտիստների սննդակարգը, այդ տարածքները պետք է ծառայեն նաև շնորհանդեսների, հյուրասիրությունների համար»,-ասաց նա: 

Մշակույթի նախարարը շեշտեց, որ նշված հաստատությունները ծառայելու են միմիայն Օպերայի այցելուներին. «Ոչ դրսի, միայն Օպերայի այցելուների համար են»։

Նախարարն ասաց, որ նախագիծը պետական բյուջեի հաշվին է լինելու, չնայած նրան, որ միայն ներսի արտիստների համար նման ենթակառուցվածքներով Օպերան այդքան էլ ֆինանսապես ձեռնտու չէ: 

«Ի՞նչ է՝ Օպերային թատրոնը շահեկա՞ն է։ Մենք Օպերա ենք պահում բարձր արվեստ պրոպագանդելու համար, մեր դասական երաժշտությունը հանրահռչակելու համար, և անշուշտ պետք է լինի պետական հոգածության ներքո և ամեն բան ծառայի Օպերային արտիստներին»,-ասաց նա:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular