ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բազեյանի կալանքը երկարաձգվել է, իսկ նրա դեմ ցուցմունք տվածն ազատության մեջ է․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի կալանքը դատարանը հերթական անգամ երկարաձգել է 2 ամսով։ Այս մասին մեզ ասաց Բազեյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը։ Կալանքի ժամկետը լրացել էր հունվարի 22-ին, ՀՀ քննչական կոմիտեն երկարաձգելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել դատարան, որը բավարարվել է դատավոր Մարտին Արզումանյանի կողմից։ Նշենք, որ գործն ի սկզբանե հարուցվել էր ԱԱԾ քննչական դեպարտամենտում, սակայն դեպարտամենտի՝ Քննչական կոմիտե տեղափոխվելուց հետո արդեն այն գտնվում է ՔԿ վարույթում։

Ալբերտ Բազեյանը, հիշեցնենք, ձերբակալվեց 2023 թվականի սեպտեմբերի 24-ին, երբ Հայաստանում Արցախի հայաթափման ֆոնին զանգվածային բողոքի ցույցեր էին, որոնք ուղեկցվում էին կառավարության շենքի դիմաց ոստիկանության հետ պարբերական բախումներով։ Բազեյանին ու «Խաչակիրներ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության յոթ անդամներին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 43-419-րդ հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար, թե Բազեյանն ու մյուսները Նիկոլ Փաշինյանի դեմ մահափորձ են կազմակերպել, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում չեն կարողացել ավարտին հասցնել, այսինքն՝ ԱԱԾ-ն բացահայտել ու կանխել է։ Բազեյանն այս մեղադրանքը չի ընդունում, ավելին՝ Գեորգի Մելիքյանը «Հրապարակի» հետ զրույցում նշել էր, որ գործով առաջադրված մեղադրանքը հաստատող որեւէ ապացույց առկա չէ, ընդամենը մի հոգու ցուցմունք է, որը լսել է, որ ինչ-որ մեկն ասել է, թե Բազեյանն է կազմակերպիչը, կարճ ասած՝ «փչացած հեռախոս»։

Ձերբակալումից երկու օր անց՝ սեպտեմբերի 26-ին, Բազեյանն ու մյուս մեղադրյալները կալանավորվեցին, եւ մինչ օրս, բացառությամբ գործով անցնող եւս մեկ հոգու, բոլորը գտնվում են անազատության մեջ։ Նախկինում պաշտպանը նշում էր, որ Ալբերտ Բազեյանի մասնակցությամբ քննչական-դատավարական գործողություններ վարույթն իրականացնող մարմինը չի անում, այսինքն՝ հարցաքննություններ, առերեսումներ եւ այլն։ Մելիքյանը մեզ հետ զրույցում երեկ ասաց, որ ներկայում եւս չեն անում։

«Էլի չեն անում, ոչ մի բան չեն անում։ Ինչո՞վ բացատրեն` ոչ մի բանով չեն բացատրում, դեռ դատարանն էլ ապօրինի երկարացնում է կալանքը»,- ասաց պաշտպանը։

Նրանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ հիմնավորմամբ են կալանքը երկարաձգել, կարծում են՝ Բազեյանը կարող է փախչե՞լ, նախաքննությանը խոչընդոտել, թե՞ ենթադրյալ հանցանքը կրկին կատարել, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի դեմ «մահափորձը»։ «Իրենք հավանականություն են տեսնու,, որ կարող է խոչընդոտել նախաքննության ընթացքին, նաեւ փախուստի դիմելու հավանականություն են իրենք տեսնում»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ գործով մյուս մեղադրյալները եւս շարունակում են մնալ կալանավորված, ազատության մեջ է միայն մեկը։ Հարցրինք՝ բոլոր մեղադրյալները հարցաքննվե՞լ են, կա՞ն իրարամերժ ցուցմունքներ, ինչ-որ մեկը Բազեյանի դեմ ցուցմունք տվե՞լ է։ «Այդ մի հոգին է, որ բոլորի դեմ ցուցմունք է տալիս, նա ազատության մեջ է»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ նրան եւս առաջադրված է այն նույն մեղադրանքը, որը վերաբերում է գործով անցնող մյուս անձանց։

Ինչ վերաբերում է Բազեյանի կալանքը երկարաձգած դատավոր Մարտին Արզումանյանին, ապա նա դատավոր է դարձել 2022 թվականին՝ նախ նշանակվելով Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, իսկ մեկ տարի առաջ՝ 2023 թվականի հունվարին, տեղափոխվել է Երեւան՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր, մինչ այդ դատախազ է աշխատել։

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular