ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հիմա Էդվարդն էլ Վաղոյի մոտ է ու արդեն գիտի, թե ինչ էր ուզում իրեն ասել ընկերը»... Վաղարշակն Ապրիլյանի առաջին զոհն էր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2016 թվականի ապրիլի 2-ին Մարտունու շրջանի Ներքին Ճարտարի դպրոցի բակում զոհված 12-ամյա Վաղարշակ Գրիգորյանը ծնունդով Հերհեր գյուղից է։ 

Նույն օրը դպրոցի բակում ծանր վիրավորում է ստացել նաև նրա հարազատ եղբայրը` 10-ամյա Գևորգ Գրիգորյանը։ 

«Վաղարշակը տան ավագն էր, շատ էր կապված տատիկի ու պապիկի հետ, տատիկին խոստացել էր, որ բժիշկ է դառնալու»։ Վաղարշակի ու Գևորգի հորաքույր Քնար Գրիգորյանը MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ Գևորգը օրեր անց հիվանդանոցում է իմացել եղբոր կորստի մասին։

«Ու երբ այցի եկած լրագրողները հարցրել են, թե ի՞նչ երազանք ունի, նա ասաց, որ բժիշկ է դառնալու։ Ընտանիքի անդամները հասկացան, որ դրանով Գևորգն ուզում էր Վաղարշակի կիսատ մնացած երազանքն իրականացնել»,- ասաց նա։ 

2016 թվականին Գրիգորյանների ընտանիքը տեղափոխվել է Շուշի։ Հորաքրոջ խոսքով, երեխաների համար չափազանց ծանր կլիներ մնալ Ներքին Ճարտարում։ 2020 թվականին ընտանիքը Շուշիում թողեց իրենց տունն ու Վաղարշակի լուսանկարները, իսկ Ներքին Ճարտարում` Վաղարշակի հիշատակին կառուցված խաչքարը, 2023-ին՝ Վաղարշակի գերեզմանը հայրենի Հերհեր գյուղում։

«Այդքան ծանր ապրումներից հետո, ընտանիքի համար դժվար ժամանակաշրջան է։ Գոնե գերեզմանին ծաղիկներ խոնարհելու հնարավորություն լիներ»,- վշտանում է Քնար Գրիգորյանը, ապա խոսում եղբոր որդու՝ Գևորգի հաջողություններից։ 

«Գևորգը շարունակեց երազանքի հետևից գնալ։ 2023 թվականին անվճար ընդունվեց Երևանի պետական բժշկական համալսարանի «բուժական գործ» բաժինը` իր երազանքին ձուլելով եղբոր` Վաղարշակի չիրականացված երազանքը։ Այժմ նա 1-ին կուրսի ուսանող է»։ 

Վաղարշակը ապրիլյան քառօրյա պատերազմի առաջին զոհն էր։ Թշնամին առաջին հարվածով թիրախավորել էր դպրոցը, ճիշտ այն ժամին, երբ դպրոցականները դասի էին գնում։ Մեր զրուցակիցը պատմեց նաև Վաղարշակի մտերիմ ընկերոջ՝ Էդվարդ Սարգսյանի մասին։ 

«Երկուսն էլ Հերհեր գյուղից էին, երկուսի հայրերը` ՊԲ սպաներ և ընտանիքներով տեղափոխվել էին Ներքին Ճարտար։ 2016թ ապրիլի 2-ին Վաղարշակը գնաց Էդոյին կանչելու, որ միասին դպրոց գնան, ասել էր՝ «կարևոր բան ունի ասելու»։ Էդվարդը դեռ պատրաստ չէր, չէր նախաճաշել։ Բայց երբ արկը պայթել է, նա առաջինն է գնացել Վաղարշակին փնտրելու»,- պատմեց Քնարը։ Ընկերները պատմել են, որ Էդվարդն իրեն չէր ներում, որ Վաղարշակի հետ չի գնացել և անընդհատ ուզում էր իմանալ, թե կարևոր ի՞նչ պիտի նրան ասեր։

«Էդվարդը հաճախ էր այցելում Վաղարշակի գերեզմանին։ Նրա ծննդյան օրը` հունվարի 19-ին, ու զոհվելու օրը` ապրիլի 2-ին, առաջինը միշտ նա էր այցելում։ Անցած տարի արդեն ժամկետային զինծառայող Էդվարդ Սարգսյանը չկարողացավ գնալ, բայց ծնողները նրա փոխարեն գնացին»,- մեր զրուցակիցն այստեղ խոսքը թողեց  կիսատ, ապա շարունակեց․ «Հիմա Էդվարդն էլ Վաղոյի մոտ է»....

«Նա զոհվեց 2023-ի սեպտեմբերյան մարտերում և ամփոփված է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ Վաղարշակի հարազատները նրա ծննդյան օրը Էդվարդի գերեզմանին են այցի գնացել` մտածելով, որ մտերիմ ընկերները կրկին միասին են և Էդվարդն արդեն գիտի, թե ինչ էր ուզում իրեն ասել Վաղարշակը»։

MediaHub-ը մի քանի օր առաջ պատմել է Էդվարդի մասին:

Հունան Թադևոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular