ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Սարգսի տոնը

ՄՇԱԿՈՒՅԹ

Հայ ժողովրդական գրեթե բոլոր տոների ծիսահամալիրներում կարևոր տեղ ունեն երիտասարդների հաջողության և սերնդաճի հետ կապված սովորությունները: Սակայն ժողովուրդը սուրբ Սարգսի տոնն է ընկալել որպես երիտասարդների տոն, իսկ սրբին՝ որպես սիրո բարեխոս:

Սրբի շուրջ հյուսված ավանդազրույցները փաստում են, որ նա նաև ընտանիքների և հղի կանանց հովանավորն է: Նրա բարեխոսությանն էին դիմում կանայք՝ զավակ ունենալու, հոգու և մարմնի բժշկության, պանդուխտների տունդարձի, ռազմիկներին ուժ և կորով տալու, բուքը հալածելու նպատակներով:

Վարքաբանական գրականության մեջ սուրբ Սարգիսը հիշատակվում է որպես IV դարի զորավար, ով օգնել է կարիքավորներին, պայքարել հանուն քրիստոնեության և նահատակվել:

5-րդ դարում Հովհան Մանդակունու խմբագրած տոնացույցում սուրբ Սարգսի տոնը սահմանվել է Առաջավորաց պահքի շաբաթ օրը:  Տոնվում է հունվարի 18-ից մինչև փետրվարի 23-ն ընկած շրջանում` Զատկի տոնից 63 օր առաջ:

Տոնն առանձնակի նշանակություն ուներ հատկապես երիտասարդների համար։ ովքեր գիտեին, որ մուրազատու սուրբ Սարգիսը շնորհաբաշխ էր հատկապես իր պահքը պահողների նկատմամբ: Առաջավորաց պահքի ընթացքում ոմանք օրական մեկ անգամ՝ երեկոյան էին ուտում, իսկ առավել նախանձախնդիրները վերջին ուրբաթ օրը ծոմ էին պահում և երեկոյան ճաշակում աղի բլիթ՝ հավատով, որ իրենց ապագա կողակցից երազում ջուր կստանան:

Եթե բաժակի ջուրը լիքն էր լինում, հավատում էին, որ երկար և երջանիկ համատեղ կյանք են ապրելու: Սովորաբար աղաբլիթը թխում էին գերդաստանի բազմազավակ ու երջանիկ մայրերը: Որոշ բնակավայրերում տոնի առավոտյան աղջիկները խմբվում էին մեկի տանը, միմյանց պատմում տեսած երազը, կիսում ուրախությունն ու բարեմաղթում երազի բարի կատարում, ապա ճաշակում օրվա ուտեստը: Աղջիկները տանիքին փոխինձից պատրաստված գնդեր էին դնում և հետևում, թե երբ պիտի թռչունները մոտենան և կտցահարեն: Ապա թռչնի թռած ուղղությամբ փորձում էին հասկանալ, թե իրենց ապագա փեսացուն որ կողմերից է լինելու:

Սուրբ Սարգսի տոնից մինչև Մեծ պահքն ընկած բարեկենդանյան երկու շաբաթվա ընթացքում տեղի էին ունենում հարսանիքներ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular