ԱՄՆ-ում սահմանային առճակատում է. լարված իրավիճակ Տեխասում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍահմանային անվտանգության «Միայնակ աստղ» գործողության նախաձեռնության միջոցով Տեխասը կիրառել է ֆիզիկական խոչընդոտներ, որոնք արգելում են ինչպես ներգաղթյալներին, այնպես էլ դաշնային գործակալներին մուտք գործել սահման՝ առաջացնելով իրավական վեճեր:
ԱՄՆ-ի գրեթե բոլոր հանրապետական նահանգապետերը ստորագրել են մի հայտարարություն, որը սատարում է Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթին դաշնային կառավարության դեմ սահմանային հսկողության համար պայքարում. գրում է USA today-ը։
Հինգշաբթի օրը հանրապետական նահանգապետերի ասոցիացիայի կայքում հրապարակված հայտարարությունը քննադատում է Բայդենի վարչակազմը և ասում, որ Տեխաս նահանգն ունի իրեն պաշտպանելու սահմանադրական իրավունք:
«Մենք համերաշխ ենք մեր գործընկեր նահանգապետ Գրեգ Էբոթի և Տեխաս նահանգի հետ՝ սահմանն ապահովելու հարցում օգտագործելու բոլոր գործիքներն ու ռազմավարությունը, ներառյալ մետաղական ցանկապատերը», - նշվում է նամակում, որը ստորագրել են 25 հանրապետական նահանգապետեր:
«Քանի որ Բայդենի վարչակազմը հրաժարվել է նահանգների նկատմամբ իր սահմանադրական պարտավորություններից, Տեխասն ունի բոլոր իրավական հիմնավորումները՝ պաշտպանելու մեր նահանգների և մեր ազգի ինքնիշխանությունը»,- նշվում է նամակում:
Սպիտակ տունն անդրադարձել է նահանգապետերի հայտարարությանը ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Ես կասեի նրանց, որ եթե իսկապես ցանկանում են օգնել սահմանին, ներգաղթային համակարգի հարցում, ապա պետք է խոսեն Կոնգրեսի անդամների, իրենց նահանգի սենատորների հետ», - ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիեռը։
Նշենք, որ ապօրինի ներգաղթյալների զգալի ներհոսքի պատճառով Տեխասի իշխանությունները փշալարեր են տեղադրել սահմանին, սակայն ԱՄՆ Գերագույն դատարանն այս շաբաթ վճիռ է կայացրել հօգուտ դաշնային իշխանությունների՝ թույլ տալով սահմանապահ ծառայության աշխատակիցներին հեռացնել այդ փշալարերը: Տեխասի իշխանությունները հրաժարվել են ենթարկվել վճռին: Նահանգի ազգային գվարդիականները վերահսկողության տակ են վերցրել Իգլ Փաս քաղաքի սահմանային շրջաններից մեկը, տեղադրել են 48 կմ փշալար և թույլ չեն տալիս դաշնային սահմանապահներին հեռացնել փշալարերը։
Փաստենք, որ միայն դեկտեմբերին սահմանը հատել է ռեկորդային՝ ավելի քան 225 հազար անօրինական ներգաղթյալ։