Կոսովոյում ստեղծված իրավիճակի պատճառով Սերբիան պահանջում է շտապ հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍերբիան պահանջում է անհապաղ գումարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ, հարցումը կներկայացվի երկուշաբթի։ Այս մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, հայտնում է տեղական «B92 Net» պորտալը։
«Ուզում եմ Կոսովոյի և Մետոխիայի մեր քաղաքացիներին ասել, որ ես շատ լավ գիտեմ, թե ինչ իրավիճակում են նրանք գտնվում։ Մեր 902 տնտեսվարող սուբյեկտները դինարով եկամուտ չեն կարողանա ստանալ։
Կուրտի ռեժիմը (Կոսովոյի վարչապետ-խմբ.) կարծում է, որ հաղթելու միակ ճանապարհը սերբերի բացակայությունն է Կոսովոյում։ Հիմա բոլորը տեսնում են, թե որքան ճիշտ էինք մենք, երբ պնդում էինք, որ միայն մի կողմն է ցանկանում սրել հակամարտությունը։ Նրանք ամեն ինչ անում են սերբերին հայրենիքից հեռացնելու համար։ Մենք կպաշտպանենք մեր պետական և ազգային շահերը»,- հավելել է Վուչիչը։
Նա ասել է, որ երկուշաբթի իր նամակը կստանան ԵՄ անդամ երկրների բոլոր ներկայացուցիչները, ԵՄ մարմինների ներկայացուցիչները, ինչպես նաև Խորհրդի անդամ բոլոր երկրների նախագահներն ու վարչապետները, նաև Եվրոպայի, ինչպես նաև Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդներ:
«Մենք նրանց հայտնել ենք մեր մտահոգության մասին Կոսովոյում և Մետոխիայում տիրող իրավիճակի վերաբերյալ: Նամակում մատնանշում եմ միջազգային իրավական նորմերի խախտման յուրաքանչյուր ակտ, էսկալացիայի այն քայլերը, որոնք Պրիշտինան արել է վերջին 2,5 տարում»,- նշել է Սերբիայի նախագահը։
Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին Կոսովոյի իշխանությունները տեղական սերբական կազմակերպությունների և քաղաքացիների համար սկսել են դինարի փոխարեն եվրո օգտագործելու անցումային շրջանը։