ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Առաջնագծում» ներմուծողներն են. իսկ արտադրողներից որո՞նք են բարելավել դիրքերը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի տնտեսության իրական վիճակի մասին բավական հետաքրքիր տեղեկություններ է տալիս ՀՀ ՊԵԿ-ի կողմից հրապարակվող 1000 խոշոր հարկատուների ցանկը: Ի մասնավորի, ուշագրավ է, որ 2023 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների տվյալներով, ցուցակում ընդհանրապես և հարյուրյակում մասնավորապես բավական մեծ թիվ են կազմում, պայմանականորեն ասած, «ներմուծում-վաճառք» խմբի ներկայացուցիչները: Առաջատար «բնագծերում» են հատկապես հեռախոս, էլեկտրատեխնիկա, վառելիք, սնունդ, խմիչք, ծխախոտ ներմուծողները: Ընդ որում, նրանցից մի քանիսը նույնիսկ առաջին տասնյակում են:

Ի հակադրություն այս խմբի, խոշոր հարկատուների ցանկի առաջին հարյուրյակն առանձնապես հարուստ չէ հայրենական արտադրողներով. վերջիններիս քանակը, ինչպես վերջին երկու տարում, տատանվում է մեկուկես տասնյակի շրջանակներում: Ավելին, առաջին հարյուրի մեջ գրեթե նույն կազմակերպություններն են, ուստի այս պարագայում հետաքրքիր է, թե առաջատար արտադրողներից որոնք են պահպանել իրենց դիրքերը, որոնք են առաջընթաց ունեցել, որոնք՝ հակառակը:

Ընդ որում, նկատի չենք առնում հանքարդյունաբերությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ի մասնավորի ԶՊՄԿ-ն մրցակցությունից դուրս է ոչ միայն իր ոլորտում, այլև ընդհանրապես՝ Հայաստանի խոշոր հարկ վճարողների ցանկում: Նախ՝ նշենք, որ 2022 թ. համեմատ 2023 թ. արդյունքներով հարյուրյակից դուրս է մնացել «Պեռնո Ռիկարը»: Առաջին հարյուր տեղերում գտնվող արտադրողներից իրենց դիրքերը զիջել են «Ինտերնեյշնլ Մասիս տաբակը» (8 հորիզոնական), «Ասկեն» (10 հորիզոնական), «Երևանի գարեջուրը» (13 հորիզոնական), «Մոդուս գրանումը» (30 հորիզոնական) և այլն: Ինչ վերաբերում է դիրքերը բարելավածներին, ապա առաջին եռյակի հիմնական «բնակիչներից» մեկը՝ «Գրանդ տոբակոն», մեկ հորիզոնականով վեր է բարձրացել՝ հաստատվելով երկրորդ տեղում:

3 հորիզոնականով դիրքերը բարելավել է «Գրանդ քենդին», երկու հորիզոնականով՝ «Կոկա-Կոլան», հինգ հորիզոնականով՝ «Արարատցեմենտը» և այլն: Առավել տպավորիչ արդյունքներ են գրանցել «Ջերմուկ գրուպը», որը նախորդ տարի 155-րդ տեղում էր, իսկ 2023 թ. արդյունքներով հարյուրյակի մեջ է, ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Սիգարոնը» (28 հորիզոնական) և հայաստանյան մսամթերքի արտադրության առաջատար «Աթենքը» (11 հորիզոնական): Ի դեպ, վերջինս 2023 թ. համար հաղթող է ճանաչվել «Համազգային վստահության խորհրդի» ամենամյա մրցանակաբաշխության «Տարվա մսամթերք» անվանակարգում, ինչպես նաև արժանացել է «Ժողովրդական ապրանքանիշ №1 Հայաստանում» մրցանակին: Հավելենք, որ նշյալ կազմակերպություններից մի քանիսն իրենց ոլորտում միակն են առաջին հարյուրյակի մեջ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular