ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքագետ Միխայլովը ՄՔԴ անդամ դառնալու Հայաստանի որոշման մասին. Երևանը միտումնավոր դավաճանում է Ռուսաստանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Yugsn.ru–ն գրում է, որ Հայաստանը նպատակաուղղված դավաճանում է Ռուսաստանին: Նման հայտարարություն է արել ռուս քաղաքագետ, ազգամիջյան հակամարտությունների մասնագետ, անվտանգության փորձագետ Եվգենի Միխայլովը։ Նա նման եզրակացություններ է արել ոչ առանց պատճառի: Բանն այն է, որ հինգշաբթի օրը Հայաստանը պաշտոնապես դարձել է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) անդամ։ Այդ որոշումը Երևանին պարտավորեցնում է «ձերբակալել» ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, եթե նա այցելի հանրապետություն։ Սակայն երկրի կառավարությունն անհիմն է համարել խոսել Ռուսաստանի ղեկավարի ձերբակալության մասին և առաջարկեց համաձայնագիր կնքել, որպեսզի Հռոմի ստատուտի ճանաչումը չդառնա Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման պատճառ։

Հայաստանի դեսպան Էդմոն Մարուքյանը բացահայտ հայտարարել է, որ երկիրը վավերացրել է Հռոմի ստատուտը ոչ թե Ռուսաստանի Դաշնության դեմ, այլ Հայաստանի տարածքում Ադրբեջանի ռազմական հանցագործությունների պատճառով։

Այնուամենայնիվ ինչպես նշել է քաղաքագետ Միխայլովը, ՄՔԴ-ի լիիրավ անդամ դառնալու Հայաստանի որոշումը պայմանավորված է մեկ կետով, որն է արագ դուրս գալ Ռուսաստանի ազդեցության գոտուց և ստանալ ԵՄ-ի և ԱՄՆ-ի աջակցությանն ու դաշինքի ինչ որ կարգավիճակ։ «Հայաստանը միտումնավոր է դավաճանում  Ռուսաստանին: Երևանի որդեգրած այս ուղղվածության վրա ոչինչ չի ազդում՝ ոչ ՌԴ ԱԳՆ-ի, ոչ էլ Ռուսաստանի կառավարության առանձին անդամների հայտարարությունները։ Դիվանագիտական ​​այնպիսի մեսիջները, որ Մոսկվային չեն բավարարում Երևանի այդ քայլերը, ոչ մի տեղ չեն տանում։ Քանի դեռ Մոսկվան բարեհամբույր է վերաբերվում Երևանի հակառուսական քայլերին, քանի դեռ նրանք շարունակում են նույն կերպ վարվել, Մոսկվան պետք է ավելի խիստ միջոցներ ձեռնարկի հակառուսական քաղաքականությանը պատասխանելու համար։ Ռուսաստանի Դաշնությունը դրա համար ունի ճնշման հզոր լծակներ՝ և՛ տնտեսական, և՛ քաղաքական»,- ասել է փորձագետը։ Նա նաև հավելել է, որ Մոսկվան հասկանում է, որ հայ ժողովուրդը պատանդ է երկրում ստեղծված քաղաքական իրավիճակին, ուստի դեռ փորձում է ինչ որ կերպ համոզել Հայաստանի ղեկավարությանը հետագա հակառուսական քայլեր չձեռնարկել։ «Սակայն, ինչպես տեսնում ենք, Մոսկվայի այդ բարեհամբույր մարտավարությունն արդյունք չի տալիս։ Թե ինչ կլինի հետո, առայժմ անհնար է կանխատեսել, բայց բացարձակապես ակնհայտ է այն, որ ռուսաֆոբիայի աճի, պատմական ճշմարտության փոխարինման և այլ բաների ֆոնին Հայաստանը Ռուսաստանի համար դառնում է նոր Ուկրաինա։ Երևանը նույն ճանապարհով է գնում։ Միգուցե մոտ ապագայում խոսակցություններ սկսվեն Հայաստանի տարածքում ՆԱՏՕ-ի նոր բազայի մասին»,- եզրափակել է Միխայլովը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular