ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանից ոսկու ձուլակտորների արտահանման համար կգործի պետական տուրք

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում նախատեսվում է ոսկու, պլատինի և պալադիումի ձուլակտորների արտահանման համար սահմանել  պետական տուրք:

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Նախագծով մենք արտահանման տուրք ենք սահմանում ոսկու, պլատինի և պալադիումի ձուլակտորների վրա՝ հաշի առնելով այն, որ այս առևտրով զբաղվող ընկերությունները պետք է որոշակի մասնակցություն ունենան ՀՀ բյուջեում»,-ասաց Քերոբյանը:

Արտահանման տուրքը նախատեսվում է սահմանել դրանց շուկայական արժեքի 0.8-1 տոկոսի սահմաններում: Նախարարը հավելեց, որ Պետական տուրքի մասին օրենքով կա ֆիքսված գին, օրինակ՝ 1 կգ ոսկու համար դա մոտավորապես 200 հազար դրամն է, ինչը մոտ 1 տոկոսն է:

«Վերջին ժամանակահատվածում այս տիպի առևտուրն էական աճ է արձանագրել: Եվ կարիք կա հնարավորինս արագ դա կարգավորել»,-նշեց Քերոբյանը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հետաքրքրվեց, թե արդյոք Հայաստանում ձուլակտորներ  ձուլվո՞ւմ են, և քանի՞ ընկերություն է ձուլակտորների արտահանմամբ զբաղվում:

Նախարարը պատասխանեց, որ Հայաստանում ոսկու ձուլակտոր չի արտադրվում: Ոսկու հանքերը արտահանում են անմշակ ոսկի: «Դա բանկային ստանդարտի վերջնական ոսկու ձուլակտոր Հայաստանում չի դառնում դեռևս: Բայց մենք այդ ուղղությամբ աշխատում ենք: Եվ հավանական է, որ այդ առումով կունենանք նորություններ»,-ասաց Քերոբյանը:

Ինչ վերաբերում է ընկերությունների թվին, ապա Հայաստանում մոտ 10 ընկերություն է զբաղվում ոսկու, պալադիումի և պլատինի արտաքին առևտրով: «Եթե կա հնարավորություն ստեղծել այնպիսի միջավայր, որ Հայաստանում գործող ընկերությունները կարողանան միջազգային առևտրով զբաղվել, ապա մենք այդ հնարավորություն չենք փակում: Բայց միաժամանակ այս նախագծով պատշաճ կերպով հարկում ենք»,-նշեց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular