ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աջափնյակում նախկին ամուսինը խանդից փորձել է ազոտական թթու ներարկել իր երեք երեխաների մորը

ԻՐԱՎՈՒՆՔ

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Խաչատրյանի նախագահությամբ ավարտվեց Հայկ Բ.-ի գործի դատական  քննությունը:

33-ամյա Հայկին մեղադրանք էր առաջադրվել սպանության փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով:

Գործով տուժողը Հայկի նախկին կինն է:

Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի դեկտեմբերի 15-ին իր բնակարանում «իրեն պարբերաբար խաբելու շուրջ նախկին կնոջ հետ վիճաբանության ժամանակ Հայկ Բ.-ն ննջասենյակից վերցրել է նախապես այնտեղ թաքցրած ներարկիչը՝ ազոտական թթվով լցված, աննկատ թիկունքից մոտեցել է կնոջը, փորձել է ներարկել, բայց կինը ասեղի ծակոցից շրջվել է, ներարկիչի ասեղը կոտրվել է, ներարկում չի կատարվել…»:

Եվ այսպես, ըստ մեղադրանքի, Հայկ Բ.-ն փորձել է ազոտական թթու ներարկելով՝ սպանել իր նախկին կնոջը, սակայն իր կամքից անկախ հանգամանքով պայմանավորված՝ չի կարողացել, քանի որ ներարկիչի ասեղը կոտրվել է…

Դատարանում Հայկ Բ.-ն սպանության փորձի համար իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե Արփի Հ.-ի(անունը փոխված է) հետ ամուսնացել է 2006 թվականին: Մինչև 2015 թվականը համատեղ են ապրել: Սկզբում համերաշխ են եղել, հետագայում ինքը խանդել է կնոջը, իրենց հարաբերությունները լարվել են:

2015 թվականի փետրվարին իրենք ամուսնալուծվել են, կինն իրենց 3 երեխաների հետ բնակություն է հաստատել հայրական տանը:

Ամուսնալուծությունից հետո էլ ինքը շարունակել է խանդել կնոջը, միաժամանակ փորձեր է արել նրա հետ հարաբերությունները կարգավորելու:

Իրենք պայմանավորվել են, որ միմյանց չեն խաբելու: Ինքը կնոջն ասել է՝ եթե նա իրեն խաբի, ինքը նրան «կիսլատայով» վառելու է, ոտքերը ջարդելու, ինվալիդ է դարձնելու:

2015 թվականի դեկտեմբերի 15-ին որդին իրենց տանն է եղել: Կինը զանգել ու ասել է, թե ուզում է երեխային վերցնել: Ինքը հարցրել է՝ որտե՞ղ է նա: Կինն ասել է, թե տանն է:

Ինքը խոսակցությունից անմիջապես հետո զանգել է կնոջ հայրական տուն և երեխայից իմացել է, որ մայրը տանը չէ: Պարզելով, որ կինը խաբել է իրեն, ինքը ենթադրել է, որ նա ուրիշ տղամարդու հետ է երևի, այդ տղամարդու հետ շփվելուց հետո գալու է երեխայի հետևից: Ինքը որոշել է «պատժել» կնոջը, ինչպես և սպառնացել էր՝ որոշել է «կիսլատայով» վառել, բայց մինչ այդ՝ որոշել է «ստուգող հարցեր» տալ:

Երբ կինը եկել է, ինքը հետաքրքրվել է, թե նա որտե՞ղ էր «քարշ գալիս»: Կինն էլ ասել է՝ քո մայրն է քարշ գալիս: Նա պահանջել է, որ երեխան հագնվի:

Ինքը զայրացած լինելով՝ գնացել է խոհանոց, սեղանի վրայից վերցրել է ներարկիչը, որ ննջասենյակի պահարանում շշի մեջ պահված ազոտական թթուն լցնի ներարկիչի մեջ ու լցնի կնոջ վրա:

Երբ խոհանոցից դուրս է եկել, կնոջն ասել է. «Հերիք ա թափառես, թափառելու փոխարեն էրեխեքին տիրություն արա»: Կինը նորից պատասխանել  է. «Մերդ ա թափառում»:

Ինքը ավելի է բարկացել, քաշել է կնոջ թևից ու դատարկ ներարկիչը մտցրել է նրա մեջքը, որ ցավ պատճառի ու վախեցնի: Կինն այդ ժամանակ շրջվել է, ներարկիչի ասեղը կոտրվել ու մնացել է  նրա մարմնում:

Արփին գոռացել է, կանչել է լոգարանում գտնվող իր մորը, իսկ ինքն այդ ժամանակ ներարկիչը ձեռքին գնացել է ննջարան, որ ներարկիչի մեջ ազոտական թթու լցնի:

Թթուն ներարկիչի մեջ լցնելիս է նկատել, որ ասեղը կոտրված է: Ներարկիչը կիսով չափ լցրել է ազոտական թթվով, ներարկիչը ձեռքին՝ իր առաջ պահած, դուրս է եկել ննջասենյակից, անմիջապես մոտեցել է Արփիին:

Նա տեսել է ներարկիչն ու գոռացել է: Կանչել է իր մորը, ձեռքերով փակել է դեմքը, սկսել է տեղում պտտվել: Ինքը ներարկիչի ամբողջ պարունակությունը «անկանոն լցրել է» կնոջ վրա՝ հիմնականում գոտկատեղից ներքև՝ ոտքերին: Երբ կինը հանել է հեռախոսը, ինքը դատարկ ներարկիչը շպրտել է նրա ոտքերի տակ ու դուրս է եկել տանից:

Հետագայում իմացել է, որ կնոջը շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց: Ինքը հետո գնացել է այնտեղ, բայց իմացել է, որ կինն արդեն գնացել է:

Այդ դեպքից հետո իր ու կնոջ հարաբերությունները լարվել են, նա թույլ չի տվել, որ ինքը երեխաներին տեսնի: Բարկացած՝ նրան հաղորդագրություններ է ուղարկել՝ սպառնալով «սատկացնել», բայց՝ ոչ իր ձեռքով, ասել է, թե իր տունը մի «բոմժի» կտա, ով «կսատկացնի» նրան: Դա արել է զայրույթից, բայց նման դիտավորություն իրականում չի ունեցել…

Նախկինում եղել են մի քանի դեպքեր, երբ ինքը ձեռքով հարվածել է կնոջը…

Իրականում ինքը կնոջը սպանելու մտադրություն չի ունեցել, ինքը գիտակցում է, որ այդ դեպքում երկար ժամանակով բանտ կընկներ, իր 75 տարեկան մայրն ու 3 երեխաները կմնային առանց իր խնամքի:

Եթե ինքը ցանկանար սպանել կնոջը, խոհանոցից դանակ կվերցներ, կխփեր ու կսպաներ: Ինքը չի ցանկացել անգամ նրան մեծ վնաս պատճառել, այլապես թթուն կլցներ նրա դեմքին, կայլանդակեր, ինքը թթուն լցրել է նրա ոտքերին: Նա խոր այրվածքներ էլ չի ստացել: Եթե ցանկանար նրան մեծ վնաս տալ, թթվի ամբողջ շիշը կդատարակեր նրա վրա, բայց ինքը ներարկիչով է լցրել՝ ցանկանալով «թեթև վնաս տալ, սուր ցավ պատճառել՝ իրեն խաբելու համար»: Բացի այդ՝ կատարել է իր խոստումը՝ «կիսլատայով» վառելու վերաբերյալ

Նախապես հնարավոր չէր թթուն լցնել ներարկիչի մեջ ու պահել, ներարկիչը կքայքայվեր:

Ամբաստանյալը նշել է, թե նախաքննական ցուցմունքները տվել է՝ գտնվելով հոգեմետ դեղերի ազդեցության տակ, որոնք խմել էր բժշկի նշանակմամբ:

Տուժող կինը հայտնել է, որ իր և նախկին ամուսնու միջև անընդհատ վիճաբանություններ են եղել՝ Հայկի անիմաստ խանդի պատճառով: Հայկը չի թողել անգամ, որ ինքը հեռախոսով խոսի իր ծնողների, եղբոր հետ, ինքը ստիպված՝ խոսել է նրանց հետ ու անմիջապես ջնջել է համարը, իսկ այդ հանգամանքը լրացուցիչ խանդի պատճառ է հանդիսացել:

Միմյանցից հեռանալուց հետո Արփին չի խոչընդոտել երեխաների հանդիպումները հոր հետ, սակայն նրա խոսքով՝ Հայկը ուշ-ուշ էր այցելում երեխաներին: Երբեմն երեխաները կարոտում ու լաց էին լինում, և Արփին զանգում-կանչում էր Հայկին կամ երեխաներին տանում էր նրանց տուն՝ ասելով, որ երեխաները կարոտել են:

Հայկը կարող էր երեխաներին մոտենալ փողոցում և առանց Արփիին կամ նրա ծնողներին զգուշացնելու՝  տանել իրենց տուն:

Հայկը, ըստ Արփիի, ավելի շատ ձգտում էր իրեն տեսնել, քան՝ երեխաներին…

Տուժողը նշել է, որ Հայկը պարբերաբար սպառնացել է իրեն. «Ասում էր՝ հաշմանդամ կդարձնի, կսպանի, միայն թե ես չամուսնանամ ուրիշ տղամարդու հետ»…

Դեպքի օրը Արփին գնացել է Հայկի տուն՝ այնտեղ գտնվող երեխային իր տուն տանելու: Մտել է հյուրասենյակ, երեխային ասել է՝ պատրաստվիր, գնում ենք: Հայկն էլ ասել է, թե երեխան չի գնալու: Այդ հողի վրա վիճել են:

Արփին երեխային ուղարկել է միջանցք, ինքն էլ գնացել է երեխայի հետևից: Հայկը հետևից անսպասելի հարձակվել է, Արփին ուժեղ ծակոց է զգացել թիկունքին ու շրջվել է:

Այդ ժամանակ Հայկը արագ գնացել է ննջասենյակ: Արփին ուժեղ ցավ ու վախ է զգացել: Սկսել է գոռալ, բարձր կանչել լողասենյակում գտնվող սկեսուրին: Երեխան նույնպես վախեցել է ու սկսել է բարձր լաց լինել:

Հայկը, ըստ տուժողի, ննջասենյակում մնացել է մի քանի վայրկյան, մտել ու անմիջապես դուրս է եկել: Նա ներարկիչն իր առաջ պահած՝ արագ մոտեցել է Արփիին: Կինը ձեռքերով փորձել է պաշտպանել դեմքը:

Հայկը ներարկիչի պարունակությունը լցրել է կնոջ վերարկուի ու ոտքի վրա: Ներարկիչը գցել է հատակին և փախել է: Արփիի հագուստը՝ վերարկուն ու շալվաըը, արագ սկսել են քայքայվել ու հալվել, ինչից Արփին հասկացել է, որ Հայկն ինչ-որ թթու է լցրել իր վրա:

Այդ ժամանակ վրա է հասել Հայկի մայրը, օգնել է Արփիին՝ մեջքի հատվածից հանել է ներարկիչի կոտրված ասեղը: Արփին հատակից վերցրել է Հայկի նետած ներարկիչը:

Տուժողը բժշկի է գնացել, ասել է, թե իր կարծիքով՝ իրեն ներարկում է կատարվել: Բայց հերքվել է ներարկում կատարելու հանգամանքը:

Արփին քննիչին է ներկայացրել կոտրված ասեղը, ներարկիչը, իր վնասված հագուստը, ինչպես նաև իր ստացած վնասվածքների լուսանկարները:

Տուժողը պնդել է, որ իր ընկալմամբ՝ Հայկը ցանկանում էր իրեն սպանել, քանի որ նա բազմիցս իրեն ահաբեկել ու սպառնացել է, իսկ ազոտական թթու ներարկելն այլ բան, քան սպանելու դիտավորությունը, նշանակել չէր կարող:

Ըստ տուժողի ցուցմունքի՝ նա ներարկման պահը չի տեսել, միայն ծակոց է զգացել թիկունքի հատվածում, ապա Հայկը մտել է ննջասենյակ, այնտեղից դուրս է եկել ներարկիչը ցուցադրաբար բռնած, ներարկիչի պարունակությունը թափել է ոտքին ու փախել է:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ տուժողի առողջությանը պատճառվել են թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ:

Սպանության փորձի մեղադրանքը դատարանը հաստատված չի համարել, այլ վերաորակել է արարքը ու Հայկ Բ.-ին մեղավոր է ճանաչել կնոջը խոշտանգելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119 հոդվածի 1-ին մասով: Գործի քննությամբ դատարանն ապացուցված է համարել, որ Հայկ Բ.-ն նախկին կնոջը ուժեղ ցավ, ֆիզիկական տառապանք պատճառելու դիտավորությամբ է գործել:

Դատարանը հաստատված չի համարել ամբաստանյալի կողմից տուժողին սպանելու ուղղակի դիտավորության առկայությունը: Չփարատված կասկածները մեկնաբանվել են հօգուտ ամբաստանյալի:

Հայկ Բ.-ն դատապարտվել է 2 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2016 թվականի փետրվարի 29-ից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular