ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սիրիական քիմիական զենքից մինչև հայ–թուրքական սահմանի ականազերծում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դեռևս 2013 թ.–ին թուրքական կառավարությունը հայտարարել էր, որ 2014–ից պատրաստվում է հայ–թուրքական և թուրք–իրանական սահմանի ականազերծման աշխատանքներ իրականացնել: Գործընթացը կազմակերպելու համար նախատեսվում է ծախսել 52,4 մլն եվրո, որի 75%–ն իր վրա վերցնել Եվրամիությունը, իսկ 25%–ը՝ պետք է վճարի Թուրքիայի կառավարությունը։

Գործընթացն ավելի ակտիվ փուլ մտավ 2016–ին և թուրքական իշխանությունները հայտարարեցին, որ ապրիլ–դեկտեմբեր ամիսների ընթացքում ականազերծվել է շուրջ 122 հազար քառ. կմ տարածք, որի ժամանակ հայտնաբերվել և ոչնչացվել է շուրջ 9 հազար ական: 2017–ին արդեն շարունակում են իրականացնել անցյալ տարվանից կիսատ մնացած գործը և ծրագրվում է ականներից մաքրել Թուրքիայի արևելյան սահմանագոտու ողջ տարածքը: Այս պահին Արարատ լեռան արևելյան Իգդիր նահանգում աշխատանքներն արդեն սկսվել են և նախնական տվյալներով նախատեսվում է Իգդիրում 20 ականապատ տարածք ականազերծել՝ չեզոքացնելով շուրջ 44 հազար ական: 

Թուրքագետ Հակոբ Չաքրյանի կարծիքով եթե ծրագիրը ֆինանսավորել է Եվրամիությունը, ապա ամենայն հավանականությամբ դա հեռանկարային որևէ ծրագրի մի մասն է միայն:

«Կա՛մ Քրդական աշխատավորական կուսակցության համար են ճանապարհ բացում, կա՛մ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մի նոր նախաձեռնություն են պատրաստում: Բայց Հայաստանի հետ կապված որևէ նախաձեռնություն այս պահին իրատեսական չի կարող լինել»,– ասաց Հ. Չաքրյանը:

Թուրքագետի կարծիքով հայ–թուրքական հարաբերությունների հարցը օրակարգից դուրս է, քանի որ ներկայում միջազգային կազմակերպությունների համար դեռևս քրդական պետություն ստեղծելու հարցն է կարևորը: Դրա համար էլ Հյուսիսային Իրաքը 2017 թ.–ին պատրաստվում է անկախության հանրաքվե անցկացնել, իսկ ԱՄՆ–ի հովանավորությամբ հյուսիսային Սիրիայում քրդերը շարունակում են ակտիվություն պահպանել: Իսկ այն, որ թուրքերը համաձայնել են թուրք–սիրիական սահմանը նույնպես մաքրել ականներից, թուրքագետի կարծիքով՝ նոր հարցեր է առաջացնում:
Խոսելով վերջին օրերին Սիրիայում կառավարական զորքերի կողմից քիմիական զենք օգտագործելու` միջազգային կառույցների տարածած հաղորդագրությունների մասին Հ. Չաքրյանն ասաց, որ հստակ տեղեկություններ կան, որ քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական տարածքում քիմիական զենքը սիրիական ինքնաթիռները չեն նետել:

«Դրանք նետել են ահաբեկիչները, որոնց հովանավորում է ԱՄՆ–ը, քանի որ «Դաիշին», «Ալ–Նուսրային» և տեռորիստական ավելի մանր կազմակերպություններին Միացյալ Նահանգներն է հովանավորում: Եվ տեսնելով, որ Ասադն ուժեղ է և կարողանում է նրանց արմատախիլ անել, նման կոնֆլիկտ ստեղծեցին: Բացի այդ, քիմիական զենքի օգտագործման մասին տեղեկությունը տարածել էին Սիրիայի ժամանակով ժամը 6:30–ին, սակայն սիրիական օդանավերը օդ են բարձրացել՝ 11:30–ին: Այսինքն, այդ լուրը տարածելն ազդանշան էր ուղղված տեռորիստական կազմակերպություններին, որպեսզի նրանք քիմիական զենքը օգտագործեն, սակայն մեղադրանքները Ասադի ուղղությամբ հնչեցվեն: Բացի այդ քիմիական ռումբերն այնպիսին են, որ ինքնաթիռից չէին կարող նետվել: Դրանք նետվում են ցամաքային մի տարածքից դեպի–մեկ այլ տարածք»,– ասաց թուրքագետը:

Մեկ այլ վարկածի համաձայն էլ քիմիական զենքը կիրառվել է որպես նորընտիր նախագահ Դ. Թրամփի և նրա վարչակազմի դեմ ուղղված քայլ, քանի որ վերջինն ընտրվելուց ի վեր չի դադարում հայտարարել, որ ինքն ամեն ինչ անելու է, որպեսզի երկրագնդի երեսից ջնջի մուսուլմանական տեռորիստական բոլոր խմբավորումները: Իսկ թե ԵՄ ֆինանսավորմամբ թուրքական սահմանի ականազերծման աշխատանքներն ինչ կապ կարող են ունենալ Սիրիական տարածքում ձևավորվող երկրորդ քրդական պետության հետ, դեռևս որևէ կանխատեսում անել հնարավոր չէ, ասում է թուրքագետը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular