ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զավեշտալի լրատվական խուլիգանություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հայաստանյան լրատվական դաշտն ու ընդհանրապես խոսքի ազատությունը վերջին տարիներին աննախադեպ կերպով ազատականացվեցին: Սա փաստ է, որի հետ դժվար է չհամաձայնելը: Սակայն այս ազատականացումը, որքան էլ տարօրինակ է, այնուամենայնիվ, պետք է ունենար իր սահմանները, այլապես խոսքի ազատությունը դառնում է գռեհկաբանություն: Գռեհկաբանությունն էլ իր հերթին սկսում է լայն տարածում ստանալ մեդիա տիրույթում և էլեկտրոնային լրատվական հարթակներում:

Սա վատ է, բոլորս գիտենք, բայց ոչ բոլորն են պայքարում դրա դեմ, քանի որ ֆեյսբուքյան «լայքը» դարձել է որոշ լրատվամիջոցների գերագույն նպատակը, եթե իհարկե կարող ենք դրանց լրատվամիջոց կոչել: Կարծում ենք բոլորս ֆեյսբուքյան մեր հաշիվը մտնելիս բազմիցս հանդիպում ենք «Շտապ» գրությամբ վերնագրերի, որոնք ոչ միայն լուր չեն կարող կոչվել, այլև ընդհանրապես հատում են ցնդաբանության սահմանները:


Ի դեպ, այստեղ պետք է շեշտել, որ որևէ ուղղվածություն այս փսևդոլուրերը չունեն և հավասարապես կարող են վերաբերվել ինչպես քաղաքական գործիչներին, այնպես էլ արվեստի, շոուբիզնեսի ներկայացուցիչներին և այլն: Հենց այս տրամաբանությամբ և, բնականաբար, անիմաստ «լայքեր» հավաքելու համար, մենք օրինակ բերենք մի փսևդոլուր այն մասին, թե նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը դառնում է վարչապետ: Հասկանալի է, նման վերնագիր շրջանառության մեջ դրել են կամ ինչ-որ երեխաներ, կամ բանականությունից բավական հեռու գտնվող անձինք: Ըստ էության այս գործելաոճը ընդամենը լրատվական մանր խուլիգանություն է:

Սակայն հետաքրքիր է, որ այսօրինակ վերնագրերին, սկսում են տուրք տալ տարբեր լրատվամիջոցներ, որոնք գուցե և հասկանում են նման փսևդոլուրերի աբսուրդ լինելը, սակայն կարճաժամկետ դիտումներ ունենալու համար գնում են այսպիսի քայլերի: Սա արդեն իսկ զավեշտալի է, քանի որ ցանկացած իրեն հարգող լրատվամիջոց կամ տեղեկատվական հարթակ պետք է որ մանր խուլիգանությունը չդարձնի արհեստական դիտումներ ունենալու գործիք, բայց դե, ինչպես ասում են, ունենք այն, ինչ ունենք:


Սակայն, այդուհանդերձ, պետք է շեշտել, որ ցանկալի կլիներ ոչ միայն լրատվամիջոցները, այլև ընդհանրապես տեղեկատվական տարբեր հարթակները զերծ պահեին հասարակությանը, թող ներվի ասել, ամեն տիպի լակոտական մակարդակի մանիպուլյացիաներից, առավել ևս այնպիսի դեպքերում, երբ, ասենք, հարցը վերաբերում է լուրջ քաղաքական կամ հասարակական գործիչներին, քանի որ այս դեպքում արդեն խուլիգանությունը ամենամեղմ բնորոշումն է:


Տիգրան Դավթյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular