Պուտին-Թրամփ առաջին հեռակա բանակցությունները՝ Ուկրաինայի ապագայի շուրջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՓորձագիտական շրջանակները շարունակում են քննարկել ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ օրեր առաջ կայացած ռեզոնանսային հարցազրույցը: Սակայն, հաշվի առնելով աշխարհում ընթացող գեոպոլիտիկ պրոցեսները, թերևս սխալ կլինի այս հանդիպումը պարզ զրույց դիտարկել: Բանն այն է, որ Կառլսոնը աջակցում էր և շարունակում է աջակցել ԱՄՆ նախկին նախագա, իսկ այժմ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին և նրա ներքին և արտաքին քաղաքականության առանցքային ասպեկտներին: Ավելին՝ Կառլսոնին տեսնում են ԱՄՆ փոխնախագահի պաշտոնում, եթե, իհարկե, գալիք նախագահական ընտրություններում հաղթանակ տանի Դոնալդ Թրամփը: Վերջինիս որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը, ով ակտիվորեն ներգրավված է հոր նախընտրական արշավում, օրեր առաջ հայտարարել էր, որ Կառլսոնի թեկնածությունն ապագա փոխնախագահի պաշտոնում «արդեն սեղանին է»։
Եթե հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ ի դեմս Կառլսոնի՝ գործ ունենք ոչ թե մարգինալ լրագրողի, այլ ԱՄՆ ապագա հնարավոր բարձրաստիճան պաշտոնյայի հետ, որին, ի դեպ, Politico ամսագիրն անվանել էր ստվերային դիվանագետ, ապա ակնհայտ է, որ այս հարցազրույցը Թրամփ-Պուտին առաջին ոչ պաշտոնական բանակցություններն էին, որոնց անկյունաքարային թեման, անշուշտ, ուկրաինական քեյսն է: Կրեմլի համար Դոնալդ Թրամփի մերձավոր դաշնակցին հարցազրույց տալու համաձայնությունը հնարավորություն է սեփական մեսիջները հասցնելու և Թրամփի քաղաքական թիմի մոտեցումները զոնդաժ անելու համար: Ըստ էության, Կառլսոնը Պուտինին տվել է այն հարցերը, որոնք ամենաշատն են հուզում իր հովանավոր Թրամփին՝ փաստացի սկիզբ դնելով Ուկրաինայի ապագայի վերաբերյալ ռուս-ամերիկյան բանակցություններին:
Ինչպես գիտենք, Թրամփը երբեք չի թաքցրել իր մոտեցումը ուկրաինական քեյսի վերաբերյալ՝ հայտարարելով, որ այս պատերազմը ԱՄՆ-ին պետք չէ և ընտրվելու դեպքում 24 ժամվա ընթացքում այն կանգնեցնելու է: Սա նշանակում է, որ ԱՄՆ-ն և ՌԴ-ն, համաձայնության գալով, պարզապես կիսելու են Ուկրաինան, իսկ ավելի գլոբալ առումով՝ աշխարհաքաղաքական ազդեցության գոտիները: ՌԴ-ն, անշուշտ, կհպահպանի այն տարածքները որոնք այսօրվա դրությամբ հաջողել է վերցնել իր վերահսկողության տակ: Ընդ որում, չի բացառվում, որ Ուկրաինայի մի մասն էլ բաժին հասնի Հունգարիային, որը, լինելով ԵՄ անդամ երկիր, ողջ ընթացքում պահպանել է լոյալությունը ՌԴ–ի նկատմամբ և վերապահումներով է մոտեցել Կիևին ցուցաբերած ԵՄ օգնությանը: Ուկրաինական տարածքների հանդեպ որոշակի նկրտումներ կարող են ունենալ նաև Լեհաստանն ու Ռումինիան: Դրանից հետո բզկտված Ուկրաինային գուցե և վերցնեն ԵՄ, սակայն մեծ հարց է, թե ինչ սահմաններում ի վերջո Ուկրաինան կդառնա եվրոպական ընտանիքի մաս:
Պուտինի՝ հարցազրույցի ընթացքում հնչեցրած գլխավոր մեսիջները համընկնում են ուկրաինական հարցի լուծման մասին Թրամփի պատկերացումների հետ: Ըստ ՌԴ նախագահի՝ Կիևը վաղ թե ուշ նստելու է բանակցությունների սեղանի շուրջ: Նույն կարծիքին է նաև Կառլսոնը, համենայնդեպս, վերջինս հարցազրույցից հետո կիսվելով տպավորություններով՝ բավական լուրջ քննադատության է արժանացրել ԱՄՆ գործող վարչակազմին՝ հայտարարելով, որ Կիևի վարչակազմին զինելն ու պատերազմն ամեն գնով շարունակելը՝ աբսուրդ է: Կառլսոնը հավելել է նաև, որ, իր կարծիքով, Պուտինն իսկապես ցանկանում է խաղաղություն հաստատել և այդ ճանապարհին այս պահի դրությամբ միակ խոչընդոտը հենց արևմուտքի համառությունն է: