ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գերակշիռ մեծամասնությունը չի վստահում իշխանություններին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Gallup International Association»-ի՝ Հայաստանում անցկացրած հերթական հարցման արդյունքները ուշագրավ պատկեր են ձևավորել: Նախ՝ ակնհայտ է, որ հասարակության գերակշիռ մեծամասնությունը դեմ է Նիկոլ Փաշինյանին ու իր իշխանությանը, ինչպես նաև նրանց կողմից իրականացվող քայլերին:

Ի մասնավորի, մոտ 38 %-ի կարծիքով՝ ՀՀ Սահմանադրությունը պետք է մնա անփոփոխ։ 34,2 %-ը կարծիք է հայտնել, որ առանձին դրույթներ պետք է փոխվեն, որոնք, սակայն, որևէ կերպ չպետք է վերաբերեն ազգային ինքնության սիմվոլներին և Անկախության հռչակագրին: Ավելին, հարցման մասնակիցների ընդամենը 13,4 %-ն է կարծում, որ Հայաստանի Հանրապետությանն անհրաժեշտ է նոր Սահմանադրություն: Հաջորդը. մեր քաղաքացիների 95,7 %-ը պատրաստակամություն է հայտնել հավանական պատերազմի դեպքում պայքարել հանուն Հայրենիքի: Այս ցուցանիշը ջարդում է Նիկոլ Փաշինյանի հեքիաթները կռվել չցանկանալու արդյունքում պարտվելու կամ «12 հազար դասալիքի» մասին: Ինչ վերաբերում է հենց իրեն՝ Նիկոլ Փաշինյանին, ապա, ինչպես և սպասվում էր, նրա վարկանիշը կտրուկ անկում է գրանցել:

Ի մասնավորի, նրան «լիովին վստահում» է 15,1 %-ը՝ 3 ամիս առաջվա 20,4 %-ի դիմաց։ Նրան չվստահողները («ավելի շուտ չեմ վստահում» և «ընդհանրապես չեմ վստահում») կազմում են հարցվածների 66,4 %-ը (3 ամիս առաջ՝ մոտ 55 %): Միևնույն ժամանակ ուշագրավ է ընդհանրապես քաղաքական դաշտին տրված գնահատականը: Ճիշտ է, վստահության առումով առաջատարը ՔՊ-ն ու խորհրդարանական ընդդիմությունն են, այդուամենայնիվ, հարցումները ցույց են տվել, որ մոտ 68 %-ը կա՛մ ամբողջովին հիասթափված է գործող հիմնական քաղաքական ուժերից, կա՛մ նոր ուժերի ու անհատների է ցանկանում տեսնել: Այս առումով բոլոր ուժերի համար կարևոր ցուցիչ է, որ «դժվարացել է պատասխանել» մոտ 23 %-ը, իսկ մոտ 26 %-ը հայտարարել է, որ չի մասնակցելու ընտրություններին: Ավելին, մտածելու տեղիք է տալիս այն հանգամանքը, որ հարցվածների կեսից ավելին կողմ է արտահայտվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին (միանշանակ անհրաժեշտ՝ 29,3 %, ավելի շուտ անհրաժեշտ՝ 20,8 %):

Ի դեպ, գրեթե նույն ժամանակահատվածում հարցումներ է անցկացրել նաև «Ֆոկուս» ընկերությունը: Այստեղ էլ հարցվածների մոտ 65 տոկոսը կտրուկ դեմ է արտահայտվել Սահմանադրության այնպիսի փոփոխություններին, որ Մայր օրենքից կհեռացնի Արցախի մասին հիշատակումը: Կողմ է եղել ընդամենը 13 տոկոսը: Հավելենք, որ վերջինիս հարցման արդյունքներում ուշագրավ ցուցանիշներ կան՝ կապված Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի հետ: Միջազգային կազմակերպություններից Հայաստանի քաղաքացիների համար առաջատարը ԵԱՏՄ-ն է՝ մոտ 38 տոկոսով, երկրորդ տեղում Եվրամիությունն է՝ 18 տոկոսով: Հետաքրքիր է, որ ՀԱՊԿ-ը «վազանցել» է ՆԱՏՕ-ին. առաջինի օգտին քվեարկել է 8,5 տոկոսը, երկրորդի օգտին՝ 7,2: ՄԱԿ-ն այս հարցման ցուցակի հետնապահն է՝ 4,4 տոկոսով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular