Մակրոնը եւ Զելենսկին ստորագրել են համաձայնագիր անվտանգության երաշխիքների մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի եւ Ուկրաինայի նախագահներ Էմանուել Մակրոնը եւ Վլադիմիր Զելենսկին Փարիզում հանդիպման ժամանակ ստորագրել են համաձայնագիր Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին, տեղեկացրել է Euronews-ը։ Մինչ այդ Ուկրաինայի նախագահը նման պայմանագրեր էր կնքել Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի հետ։
«Ես կցանկանայի մեկ անգամ եւս ընդգծել, որ Ֆրանսիան կշարունակի աջակցել Ուկրաինային երկարաժամկետ հեռանկարի համար։ Դա է մեր ստորագրած տասնամյա համաձայնագրի նպատակը, որը գործելու է այնքան ժամանակ, մինչեւ որ Ուկրաինան մտնի ՆԱՏՕ»,- հայտնել է Էմանուել Մակրոնը։
Համաձայնագրի շրջանակում Փարիզը Ուկրաինային կտրամադրի 3,24 մլրդ եվրոյի (2023-ին 2,1 մլրդ եւ 2022-ին՝ 1,7 մլրդ եվրոյից հետո) լրացուցիչ ռազմական օգնություն, ինչպես նաեւ Կիեւ կուղարկի սպառազինություններ եւ կմասնակցի Ուկրաինայի ԶՈւ զինվորների եւ սպաների ուսուցանմանը։
Պայմանագրի նպատակներից մեկն ուկրաինական բանակը ՆԱՏՕ-ի հետ ավելի համատեղելի դարձնելն է եւ Ուկրաինային անհրաժեշտ ամեն ինչ տրամադրելը, որպեսզի նա կարողանա շարունակել պաշտպանել իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։