ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարտակերտի չորս կողմն ադրբեջանցիներ էին․ առնվազն 21 զոհ ենք ունեցել․ օկուպացված Մարտակերտի քաղաքապետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքի գրեթե ողջ բնակչությունը՝ շուրջ 4600 մարդ, հինգ օր շրջափակման մեջ է եղել։ Սեպտեմբերի 19-ին, երբ ադրբեջանական ահաբեկչական ստորաբաժանումները հարձակում են սկսել Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով, Մարտակերտը ևս ժամերի ընթացքում կտրվել է մայրաքաղաք Ստեփանակերտից ու մյուս շրջաններից։

«Կանայք ու երեխաներն ապաստարաններում էին։ Այդ հարցում բախտներս բերել է՝ ապաստարաններով ապահովված էինք․ 13-14 ապաստարան ունեինք՝ չհաշված շենքերի նկուղները։ Քաղաքի վրա ամսի 19-ին «սնարյադ» են գցել ադրբեջանցիները՝ ուղիղ քաղաքապետարանի դիմացի փողոցը, իսկ անտառներում ու ճանապարհներին շատ են խփել։ Տղամարդիկ դիրքերում էին մինչև ամսի 22-ը։ Որ զենքերը դնելու հրաման իջեցվեց, արդեն իրենք էլ իջան»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում հիշում է Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը։

Մարտակերտի շուրջ բոլորն արդբեջանցիներ էին․ թշնամին դիրքավորված էր ամենանպաստավոր դիրքերում։ Ամսի 24-ին, երբ շրջափակված քաղաքի բնակչությունը միակ ճանապարհով տարհանվում է, թշնամին արդեն Դրմբոնից մինչև Չլդրան դիրքեր էր դրել։

«Դրմբոնից սկսած ամեն քայլափոխի ադրբեջանցիներ էին․ ճանապարհը լրիվ իրենց վերահսողության տակ էր։ «Կալոնայով» ենք դուրս եկել քաղաքից։ Մեքենաներ են եղել, որ կանգնեցրել, ստուգել են, մի մասին էլ՝ հիմնականում վերջից եկողներին չեն կանգնեցրել։ Մինչև Ստեփանակերտ հասնելը չենք պատկերացրել, որ ստիպված ենք լինելու անվերադարձ դուրս գալ մեր հողից։ Խոսակցություններն այնպես էին գնում, որ ադրբեջանցիները պետք է հետ գնան մինչև սեպտեմբերի 19-ի դրությամբ իրենց զբաղեցրած դիրքերը, մենք էլ կկարողանանք վերադառնալ մեր տները։ Որ իմանայինք գլխներիս գալիքը, գոնե մի երկու շոր բան կվեցնեինք»,- ասում է քաղաքապետը։

Քաղաքապետարանի արխիվը, սակայն, դուրս գալուց առաջ վառել են․ այնտեղից պահպանված միակ բանը կնիքն է։
Մարտակերտում 2020թ․ 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված գյուղերից բռնի տեղահանված բազմաթիվ ընտանիքներ էին հաստատվել։ Նրանք ևս այս վերջին՝ մեկօրյա պատերազմին ոչ միայն մասնակցել, այլև՝ զոհեր են տվել։ Քաղաքապետը նշում է՝ զոհերի վերջնական թիվը հստակեցված չէ, բայց նախնական տվյալներով առնվազն 21 զոհ է ունեցել Մարտակերտը։
Զոհվածների մի մասի մարմիններն է հաջողվել տեղափոխել Հայաստան․ մեծ մասին արդեն հուղարկավորել էին Արցախում․․․

Փաստաթղթային ու սոցիալական խնդիրները, որոնց ամեն օր բախվում են այստեղ բռնի տեղահանված մեր հայրենակիցները, անթիվ են։ Զոհվածների մի մասի մահվան վկայականներն անգամ հարազատները դեռ չեն կարողացել ստանալ։

«Խնդիրները շատ-շատ են։ Մարդիկ ծննդական ա, ԶԱԳՍ-ի վկայական ա, աշխատանքյաին գրքույկ ա․․․ շատ փաստաթղթեր չեն բերել։ Արխիվն էլ, ասում են, մասամբ է տեղափոխվել։ Մի թուղթ է լինում պետք, էնքան մի տեղից մեկ ուրիշ տեղ են ուղարկում, որ անասելու։ Ու չեն էլ գտնում, հարցը չի լուծվում։ Սոցիական խնդիրներն էլ մի կողմից են նեղում․ սեպտեմբերի թոշակները մարդիկ դեռ չեն ստացել։ Ահագին բնակիչներ ունենք, որ նոյեմբեր-դեկտեմբերի 50 հազարականներն էլ չեն ստացել»,-ասում Ադրբեջանի կողմից օկուպացված Մարտակերտի նախկին քաղաքապետը։

Մարտակերտի՝ ավելի քան 4000 բնակչությունը ցիրուցան է եղել․ թե ՀՀ որ մարզում որքան մարտակերտցի կա, դեռ ճշտվում է, բայց հիմնական բնակավայրերը, որտեղ հաստատվել են բռնի տեղահանությունից հետո Երևանն է, Էջմիածինը, Հրազդանը, Գորիսը և այլն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular