ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Համակարգային կոռուպցիան Հայաստանում չի նվազել, հակառակը՝ ավելացել է». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրվա իշխանությունը պարբերաբար փորձում է ցույց տալ, որ զբաղված է կոռուպցիայի բացահայտմամբ, կոռուպցիայի դեմ պայքարով: Ոմանք սա շոու են համարում, իսկ իշխանությունը պնդում է՝ երկրում արմատախիլ են արել համակարգային կոռուպցիան: Ի վերջո, կոռուպցիան այս տարիներին արմատախիլ արվե՞ց, կամ գոնե նվազեցի՞ն դրա ծավալները, թե՞ ոչ: Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը կարծում է, որ պայքարը կեղծ է, կոռուպցիան եղել է ու շարունակում է մնալ:

«Համակարգային կոռուպցիան Հայաստանի Հանրապետությունում չի նվազել, հակառակը՝ ավելացել է: Դրա մասին է վկայում Հաշվեքննիչ պալատի վերջին եզրակացությունը, նորը դեռևս չի հրապարակվել, երբ Հայաստանի պետական գնումների կեսը կատարվել է մեկ անձից, ինչը խստիվ արգելվում է օրենքով, և դա ինքնին կոռուպցիայի դրսևորում է: Կոռուպցիայի դրսևորում են դպրոցաշինության շատ ծրագրեր: Իմ ծննդավայր գյուղում երկու տարի առաջ շինարարությունը սկսել են, հետո շինարարին ասել են, որ այլևս չես կարող շարունակել, նոր մրցույթ պետք է հայտարարենք: Այսինքն, որտեղ սկսում են, կիսատ են թողնում: Ճանապարհաշինությունը նույնպես կիսատ են թողնում, և այդպես շարունակ: Կոռուպցիոն դրսևորում է մասնագիտական ցածր մակարդակով, պրոֆեսիոնալիզմի ընդհանրապես բացակայությամբ ծանոթներին պաշտոնների նշանակելը, դրանք բոլորը կոռուպցիայի ապացույցներ են»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սարգսյանը:

Ինչ վերաբերում է վերջին՝ ամենաաղմկահարույց պատմությանը՝ էկոնոմիկայի նախարարին պաշտոնից ազատելուն ու քրեական վարույթ նախաձեռնելուն, ապա, ըստ մեր զրուցակցի, գործն ինքն իրենով կարելի է փուչիկ համարել, որովհետև այդ գումարը, որի մասին խոսում են, ամեն դեպքում պետբյուջեից դուրս չի գրվել: «Սա ակնհայտ է դարձնում, որ ևս մեկ շոու է»,-նշում է Աուդիտորների պալատի նախագահը:

«Եթե նպատակ կար կոռուպցիայի դեմ պայքարելու, ապա նույն էկոնոմիկայի նախարարը անցած տարի խոսում էր Փոթիի նավահանգստում լաստանավերի ձեռքբերման մասին: Ի սկզբանե տրանսպորտային ոլորտի մասնագետները, տնտեսագետները ահազանգում էին՝ դա տնտեսապես ոչ ձեռնտու ծրագիր է, վատնումները, որ իրականացնում են բյուջեից, վաղը չեք կարողանալու փոխհատուցել: Հետո էկոնոմիկայի արդեն նախկին նախարարը հանդես եկավ հայտարարությամբ, որ բիզնեսն ուղղակի չկարողացավ օգտագործել այդ լաստանավերը: Բայց բիզնեսը հայտարարել էր, որ իրեն ցամաքային ճանապարհով ավելի ձեռնտու տարբերակներ են առաջարկում, ձեր լաստանավերը չենք օգտագործելու: Սա կոռուպցիա է, որի համար արժեր, որ մարդիկ դատվեն, այնինչ հիմա դատվում են այլ բանի համար»,-ամփոփում է Նաիրի Սարգսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular