ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԿԿՀ-ն վարույթ կհարուցի հանրային ծառայողի պաշտոն զբաղեցնող ավագանու անդամների նկատմամբ․ գնդակը ԱԺ դաշտում է. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մտադիր է վարույթ հարուցել ավագանու 5 անդամների նկատմամբ, որոնք անհամատեղելիության կարգով նաեւ հանրային ծառայողի պաշտոն են զբաղեցնում:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Երեւանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու մի շարք անդամներ ավագանու անդամի պաշտոնի հետ անհամատեղելի պաշտոններ են զբաղեցնում։

Այսպես, ավագանու իշխանական անդամ Վլադիմիր Կիրակոսյանը համատեղությամբ նաեւ Անտառային կոմիտեի նախագահն է, Նատալյա Սինորյանը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի օգնականն էր, իսկ հիմա՝ ՔՊ խմբակցության փորձագետը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար, ավագանու անդամ Արման Բարխուդարյանը ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի խորհրդականն է, Զինա Չալիկյանը ԱԺ նախագահի ռեֆերենտն է, իսկ Լեւոն Լեւոնյանը նաեւ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնականն է:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը եւս անհամատեղելիության կարգով այլ պաշտոն զբաղեցնող ավագանիների ցուցակում է. նա ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի օգնականն է: Այսպիսով, չնայած Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստում որոշվել էր համաներել ավագանու այս անդամներին, բայց ԿԿՀ-ն, ամեն դեպքում, վարույթ է հարուցելու ավագանու այս 5 անդամների նկատմամբ:

ԿԿՀ նիստը տեղի կունենա ուրբաթ օրը, իսկ վարույթները ավագանու անդամներին կուղարկվեն 3-օրյա ժամկետում։

«Օրենքով սահմանված դեպքերում մենք պարտավոր ենք վարույթ հարուցել, քանի դեռ այլ օրենսդրական կարգավորում առկա չէ», – ասացին մեզ ԿԿՀ-ից:

Այսպիսով, գնդակը, կարելի է ասել, ԱԺ-ի դաշտում է, քանի որ ավագանու անդամների նկատմամբ վարույթ հարուցվելու է որպես հանրային ծառայողի, իսկ տվյալ դեպքում ավագանու 5 անդամներն էլ պաշտոն զբաղեցնում են ԱԺ-ում, ուստի պետք է որոշվի՝ ազատում են նրանց, թե ոչ:
Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի՝ ավագանու անդամներին համաներելու որոշումը՝ արդեն նաեւ հստակ է, որ ավագանու 5 անդամների նկատմամբ որեւէ միջոց չի կիրառվելու: Վարույթը կկրի ձեւական բնույթ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular