Ջրվեժում դաժան սպանության հետքերով. կին է ձերբակալվել. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
ԻՐԱՎՈՒՆՔՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկած անհետաձգելի քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է 35-ամյա տղամարդու սպանության մի շարք հանգամանքներ։ Մեկ անձ ձերբակալվել է:
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2017թ. ապրիլի 11-ին ահազանգ է ստացվել առ այն, որ Ջրվեժի Մայակ թաղամասի շենքերից մեկի բնակարանում տղամարդու դի կա:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Դեպքի վայրում հայտնաբերվել է Երեւան քաղաքի 35-ամյա բնակչի դին՝ կրծքավանդակի առաջային եւ հետին մասում կտրած-ծակած վնասվածքներով:
Նույն օրը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, մշակվել քննչական պլան, եւ ձեռնարկվել անհրաժեշտ քննչական եւ օպերատիվ-որոնողական գործողություններ՝ տղամարդու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Արդյունքում՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել͵ որ նշված բնակարանում͵ որտեղ սպանվել է տղամարդը͵ վարձակալական հիմունքներով բնակվել է 42-ամյա մի կին։ Վերջինիս ինքնությունը եւ նրա առնչությունն սպանված տղամարդու հետ պարզվել է։
Կինը ձերբակալվել է եւ հարցաքննվել։ Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատահետքաբանական եւ դատակենսաբանական փորձաքննություններ, հարցաքննվել մի շարք վկաներ:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ քրեական գործով ձեռք բերված նախնական տվյալները͵ կասկածյալի մատնանշած հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։
Նկատի ունենալով քրեական գործի առանձնահատկությունները՝ վարույթի մասնակիցների մասնավոր կյանքի պաշտպանության նպատակով այլ մանրամասներ͵ այդ թվում՝ տուժողի եւ կասկածյալի անհատական տվյալները հրապարակման ենթակա չեն։
Նախաքննությունը շարունակվում է: