ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը ևս բարեկամական վերաբերմունք ունեցող երկրների շարքում է. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ Մոսկվայում ուշագրավ տվյալներ են ամփոփվել՝ կապված հետխորհրդային երկրներում կոմունիկացիոն ռեժիմների բարեկամական վերաբերմունքի վարկանիշների հետ: Նման հետազոտություն արդեն երրորդ տարին անընդմեջ անցկացնում է Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտը: Ի դեպ, նշվում է, որ մոնիտորինգի մեթոդոլոգիան և կիրառված տեխնոլոգիաները մշակված են ինստիտուտի կողմից և չունեն իրենց, այսպես ասած, «կրկնօրինակը», այսինքն, աննախադեպ են: Այս տարի հետազոտություններին մասնակցել է ռուսաստանյան և արտասահմանյան ավելի քան 400 փորձագետ՝ կրկնակի ավելի շատ, քան անցած տարի: Իրականացվել է 16 հետխորհրդային երկրներում տեղի ունեցած իրադարձությունների, պաշտոնական փաստաթղթերի, նշյալ երկրների ղեկավարների հայտարարությունների և լրատվամիջոցների մանրամասն վերլուծություն:

Ռուսաստանի հետ բարեկամական կոմունիկացիոն ռեժիմի շարքին է դասվել տասը երկիր՝ Հարավային Օսիա, Բելառուս, Աբխազիա, Ղրղզստան, Տաջիկստան, Ուզբեկստան, Ադրբեջան, Ղազախստան, Թուրքմենստան և Հայաստան: Վրաստանը գնահատվել է որպես համեմատաբար բարեկամական, իսկ հինգ երկիր գրանցել է բացասական ցուցանիշներ՝ Ուկրաինա, Լատվիա, Լիտվա, Էստոնիա և Մոլդովա: «Բարեկամության» ցանկում առաջատարը Հարավային Օսիան է՝ 93,5 միավորով: Հայաստանը եզրափակում է տասնյակը՝ 46 միավորով: Համեմատության համար նշենք, որ Վրաստանն ունի 12 միավոր: Հետազոտության արդյունքների ներկայացման ժամանակ Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի տնօրեն Վլադիսլավ Գասումյանովը երեկ նշել է, թե ինչ հիմնական գործոններ են ազդում Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունների վրա, այդ թվում՝ բացասական իմաստով:

Ի մասնավորի նա շեշտել է բևեռացման խորացումը, քաղաքակրթական խորացող տարանջատումը, անդրսահմանային կլաստերավորման համար նոր պայմանների ի հայտ գալը, ռազմական գործոնի ուժեղացումը և այլն:

Ի դեպ, նշենք, որ պրեզենտացիային ներկա են եղել ՌԴ նախագահի՝ արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետի տեղակալ Անտոն Ռիբակովը, Ռուսաստանի ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի՝ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Օլեգ Կարպովիչը, ՌԴ սենատոր, Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անդամ Նիկոլայ Կոնդրատյուկը, Հասարակության հետ կապերի ռուսաստանյան ասոցիացիայի նախագահ Եվգենի Մինչենկոն, Պետդումայի պատգամավոր Արկադի Սվիստունովը, Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի դիտորդ խորհրդի անդամ, գեներալ-լեյտենանտ, իրավագիտության դոկտոր Նիկոլայ Գրիբինը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular