ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ժողովրդավարությունը կարևոր արժեքային հենք է ՀՀ-Հունաստան հարաբերությունների զարգացման հարցում․ Նիկոլ Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեր հարաբերություններում ամենևին էլ երկրորդական դեր չի կատարում այն, որ երկու երկրները առանցքային նշանակություն են տալիս բարեփոխումներին և մասնավորապես ժողովրդավարական  բարեփոխումներին։

Այս մասին ՀՀ-ի ու Հունաստանի վարչապետների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Սա շատ կարևոր արժեքային հենք է ստեղծում մեր հարաբերությունների զարգացման համար, ոչ միայն Հունաստանի, այլև ԵՄ-ի հետ ընդհանրապես։ Ուզում եմ շնորհակալություն հայտել Հունաստանին  ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների զարգացմանը աջակցելու և հետագա աջակցության պատրաստակամության համար։ Տեղյակ եք, որ ԵՄ-ն ՀՀ-ի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի հիմնական գործընկերներից է, այս համատեքստում մեր համագործակցությունը արդեն ցույց է տվել իր արդյունքները և համոզված եմ՝ առաջիկայում ավելի տեսանելի արդյունքներ կլինեն։

Ուզում եմ ընդգծել նաև Հունաստանի մասնակցությունը ՀՀ-ում ԵՄ-ի քաղաքացիական առաքելությանը, որը դիտարկում է Ադրբեջանի և ՀՀ-ի սահմանը, Հունաստանի մասնակցությունը այստեղ շատ գնահատելի է ու կարևոր։ Քննարկեցինք նաև մեր տարածաշրջանային իրավիճակը, հատուկ անդրադարձ ունեցանք էթնիկ զտումների արդյունքում ԼՂ-ից տեղահանված ավելի քան 100,000 հայերի հումանիտար կարիքների բավարարման գործընթացին։

Ես վարչապետին պատմեցի այն միջոցառումները, որ մենք հասցրել ենք իրականցնել, ասացի նաև, որ մենք այժմ երկարաժամկետ ծրագրերի, որոշումներ կայացնելու փուլում ենք։ Եթե մեր հայրենակիցները ԼՂ վերադառնալու իրատեսական հնարավորություն չունենան, մեր քաղաքականությունն է ամեն ինչ անել, որ մնան ՀՀ-ում, այսօր քննարկեցինք այս իրավիճակի հետ կապված հարցեր»,- ասաց Փաշինյանը։

Վերջինս ընդգծեց որ Հունաստանի վարչապետի հետ քննարկել է նաև  տարածաշրջանային, միջազգային իրավիճակի հետ կապված հարցեր։

«Վարչապետ Միցոտակիսին պատմեցի Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու ուղղությամբ գործադրվող մեր ջանքերի մասին, պատմեցի նաև առկա խնդիրների մասին , ուր ենք հասել և ինչ խնդիրներ կան հետագա առաջընթացը ապահովելու համար, իհարկե տեղյակ եք, որ առաջիկայում սպասվում է Ադրբեջանի և ՀՀ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, պետք է հույս ունենանք, որ այդ հանդիպման  ընթացքում հնարավոր կլինի առաջընթաց արձանագրել»,- ասաց Փաշինյանը։

Նա խոսեց նաև ՀՀ-ի ու Հունաստանի միջև երկկողմ տնտեսական հարաբերությունների մասին։

«Ինչպես ՀՀ-ում, այնպես էլ Հունաստանում, տնտեսական լավ աճ ու դինամիկա կա, սա լավ հնարավորություն է, որ կարողանանք քայլեր ձեռնարկել երկկողմ տնտեսական հարաբերությունները խորացնելու ու մասշտաբները մեծացնելու համար։

Ցավոք ի հեճուկս մեր ջերմ բարեկամական, քաղաքական հարաբերությունների, երկկողմ առևտուրը առանձնապես տպավորիչ չէ, սա պետք է լինի մեր կառավարությունների օրակարգի հարցերից մեկը, հույս ունեմ, որ առաջիկայում մենք միջկառավարական համագործակցության հանձնաժողովի նիստ կհրավիրենք, նախնական ընկալում կա, որ այն տեղի կունենա ամռանը՝ Երևանում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular