ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը քիչ բան արեց սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումը կանգնեցնելու համար․ «Freedom House»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Freedom House»-ի այսօր հրապարակած «Ազատությունն աշխարհում» զեկույցն անդրադարձել է 2023 թվականին տեղ գտած զինված բախումներին՝ նաև բազմիցս կանգ առնելով Լեռնային Ղարաբաղից հայ բնակչության տեղահանման, աշխարհում ավտորիտարիզմի աճի, օրինակ՝ Ադրբեջանում և Ռուսաստանում իշխող ռեժիմների ապրապնդման վրա։

Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»։


«Freedom House»-ի տարեկան զեկույցի համաձայն, 2023 թվականին աշխարհում ազատության ինդեքսը անկում է ապրել՝ նահանջ գրանցելով 18-րդ տարին անընդմեջ։ Քաղաքական իրավունքներն ու քաղաքացիական ազատությունները թուլացել են 52 երկրներում։ Մինչդեռ բարելավումներ են նկատվել միայն 21-ում։ Թերի ընտրությունները և զինված հակամարտությունները նպաստել են աշխարհում ազատության անկմանը։

Ըստ հրապարակման, զինված հակամարտությունները և ավտորիտար ռեժիմների ներկայացրած սպառնալիքներն աշխարհը դարձրել են սակավ անվտանգ ու ժողովրդավար։

Օրինակ, ազատության ինդեքսի առումով կտրուկ անկում է գրանցվել Լեռնային Ղարաբաղում, և այն մասամբ ազատ խմբից տեղափոխվել է ոչ ազատ երկրների, տարածքների խումբ։ Պատճառը՝ անցած տարվա սեպտեմբերին ադրբեջանական զինուժի հարձակումն էր, Լեռնային Ղարաբաղի անջատողական կառավարության կապիտուլյացիան ու տեղի հայ բնակչության փաստացի արտաքսումը։

«Freedom House»-ի ներկայացմամբ, Ուկրաինա Կրեմլի լայնածավալ ներխուժման երկրորդ տարվա ավարտի ֆոնին՝ արձանագրվել է, որ ռուսաստանյան օկուպացիոն ուժերը իրենց ենթակայության ներքո գտնվող ուկրաինական շրջաններում ճնշում են մարդկանց հիմնարար իրավունքները։ Բռնաճնշումները խորանում են նաև Ռուսաստանում։

Զեկույցն անդրադառնում է նաև Իսրայել - «Համաս» հակամարտությանը, 2021 թվականին Մյանմարում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման հետևանքներին, Սուդանում մարտերից տուժած քաղաքացիների իրավիճակին և այլն։

Անդրադառնալով 2023 թվականին տեղ գտած ձեռքբերումներին և կորուստներին՝ «Freedom House»-ը կրկին հիշատակում է Լեռնային Ղարաբաղը։

Ըստ զեկույցի, վիճելի տարածքների շուրջ զինված հակամարտությունները հանգեցրել են քաղաքական իրավունքների ու ազատությունների անկմանը, և այդ իմաստով հենց Լեռնային Ղարաբաղն է ապրել տարվա ամենամեծ անկումը՝ կորցնելով 40 միավոր, քանի որ տեղի գրեթե ողջ բնակչությունը՝ մոտ 120 հազար հայեր, ստիպված են եղել փախչել՝ Ադրբեջանի զինուժի ճնշման հետևանքով։ Այդ տեղահանությունը բազմաթիվ օտարերկրյա դիտորդներ գնահատել են որպես էթնիկ զտում։

 «Freedom House»-ը հիշեցնում է, Բաքվի ռազմական հարձակումը տեղի ունեցավ Լաչինի միջանցքի իննամսյա արգելափակումից հետո, որը Լեռնային Ղարաբաղը արտաքին աշխարհին կապող միակ ցամաքային ճանապարհն էր։ Հետևանքն եղավ այն, որ տեղի բնակիչների համար լուրջ խնդիր դարձավ առաջին անհրաժեշտության ապրանքների՝ սննդի, բժշկական պարագաների և վառելիքի ձեռքբերումը։

Զեկույցը փոխանցում է, մոտ երեք տասնամյակ տեղի հայ բնակչությունը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև անլուծելի հակամարտության կենտրոնում էր։
2020 թվականին Ռուսաստանի միջնորդած նոր զինադադարից հետո, որը կանգնեցրեց ադրբեջանական ռազմուժի առաջխաղացումը, իրավիճակը վերստին սկսեց փոխվել, երբ
2022 թվականին Ուկրաինա Կրեմլի լայնածավալ ներխուժման հետևանքով սահմանափակվեցին ռուս խաղաղապահների կարողությունները, իսկ ադրբեջանական ռազմուժը սկսեց դանդաղ սեղմել անկլավի շուրջ օղակը, և ի վերջո «ադրբեջանական ռեժիմի» ճանապարհին քիչ բան էր մնացել՝ հանգուցալուծելու տասնամյակներ տևած վեճը։

Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական զինուժի հարձակումը համընկավ Ադրբեջանում ավտորիտար համակարգի ամրապնդման և բռնաճնշումների հետ։

Ըստ «Freedom House»-ի, դեռ 1990-ականներից Ադրբեջանի կառավարությունն իրականացրել է խտրական քաղաքականություն հայերի նկատմամբ, հայ քաղաքացիներին և նրանց ժառանգներին արգելված է կամ սահմանափակված է մուտքը երկիր։

Զեկույցի համաձայն, Լեռնային Ղարաբաղի գրավումը նպաստել է Ադրբեջանում 2003 թվականից նախագահող Իլհամ Ալիևի ժողովրդականության աճին, ինչը մտավախություն է առաջացրել, թե Ադրբեջանի ղեկավարությունը կարող է նոր՝ լայնամասշտաբ ներխուժում իրականացնել Հայաստանի Հանրապետություն, որի «սահմաններն արդեն խախտված են»։

Նոր ներխուժման համար Բաքուն կարող է ոգեշնչվել հյուսիսից՝ Կրեմլի օրինակից, որը ապօրինաբար խլել է Ղրիմն ու այլ տարածքներ Ուկրաինայից։ «Freedom House»-ը ընդգծում է՝ ռուսական ուժերի կողմից օկուպացված ուկրաինական տարածքներում մի քանի միլիոն մարդու ազատությունները կտրուկ սահմանափակվել են։ Ռուսական օկուպացիոն իշխանությունները 2023 թվականին շարունակել են, օրինակ, ղրիմցիներին զորակոչել ռուսական բանակ, պետականացնել մասնավոր սեփականությունը։ Այս առումով՝ իրավիճակը հատկապես ծանր է ազգությամբ ուկրաինացիների և Ղրիմի թաթարների համար, որոնց լեզուն, կրոնը և մշակույթը շարունակում են ենթարկվել ռուսական կողմի ճնշումներին, որի նպատակը տարածաշրջանի ռուսականացումն է։

«Freedom House»-ը ընդգծում է, հատկապես եվրասիական տարածաշրջանում նկատելի է նաև «ժողովրդավար ուժերի պայքարը աճող ավտորիտարիզմի դեմ»։

Զեկույցի փոխանցմամբ, Եվրասիայում ազատության ինդեքսը նկատելի անկում ապրեց 2023 թվականին, որը պայմանավորված է հիմնականում «ադրբեջանական ռեժիմի» կողմից Լեռնային Ղարաբաղից հայ բնակչության վտարմամբ, ինչպես նաև Ադբեջանում բռնաճշումների խորացմամբ, որն անցել է Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժման երկրորդ տարվա ֆոնին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular