ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արևմուտքի և Ադրբեջանի էներգետիկ շահերը Հարավային Կովկասում ամբողջությամբ համընկնում են

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եթե 44-օրյա պատերազմից առաջ Ադրբեջանն էներգետիկ ռեսուրսները, այդ թվում՝ գազը, ծառայեցնում էր Արցախի խնդրի շուրջ բանակցային գործընթացում իր համար նպաստավոր պայմաններ ձևավորելու նպատակին, ապա այժմ փորձում է այն օգտագործել որպես Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում առանցքային տարածաշրջանային դերակատար՝ իր դիրքերն ամրապնդելու գործիք։ Ուշագրավ է, որ հավաքական Արևմուտքի էներգետիկ շահերը Հարավային Կովկասում ամբողջովին համընկնում են Ադրբեջանի շահերի հետ և այս հանգամանքը պետք է լուրջ քննության առնվի արևմտյան արտաքին քաղաքական վեկտոր որդեգրելու կողմնակիցների կողմից:

Դիցուք՝ ԱՄՆ-ի հետաքրքրությունները Հարավային Կովկասում պայմանավորված են էներգետիկ նկատառումներով, ինչպես նաև՝ տարածաշրջանում իր ազդեցության մեծացմամբ՝ մրցակցության մեջ լինելով Ռուսաստանի հետ: Նրա գլխավոր նպատակը՝ Ռուսաստանը շրջանցող այլընտրանքային էներգետիկ ուղիների ստեղծումն է, ինչը և իրագործվել է ԱՄՆ–ի աջակցությամբ՝ Բաքու-Թբիլիսի-Ջեհյան նավթամուղի և Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի կառուցմամբ։  ԱՄՆ–ն ամենևին շահագրգռված չէ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հետ սերտ հարաբերություններ ստեղծել: Սակայն՝ որպես բուֆերային գոտի Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի միջև, այս տարածաշրջանում ԱՄՆ–ի հետաքրքրությունները մեծանում են: Տարածաշրջանային ներգրավվածությունը կարող է նպաստել ԱՄՆ-ին առաջ տանել իր շահերը՝ Կասպյան ավազանի նախագծերում, ինչպես նաև՝ նվազեցնել Ռուսաստանի և Իրանի տարածաշրջանային ազդեցությունը:  Ընդգծենք, որ Կասպյան էներգակիրների մատակարարումը Եվրոպային՝ շրջանցելով Ռուսաստանը, ԱՄՆ-ում միշտ վայելել է ինչպես դեմոկրատների, այնպես էլ հանրապետականների աջակցությունը, և այդ նախագիծը Վաշինգտոնի համար ռազմավարական կարևորություն ունի։

Վաշինգտոն-Բաքու էներգետիկ համագործակցության հիմնական ուղղություններն են՝ Ադրբեջանում նավթի և գազի հատվածի զարգացումը, նոր խողովակաշարերի կառուցումն ու շահագործումը, Արևելք-Արևմուտք միջանցքի երկայնքով ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը և ոչ նավթային հատվածում փոխադարձ առևտրի ընդլայնումը։ Այսօր ևս Ադրբեջանն ԱՄՆ-ի հիմնական առևտրային գործընկերներից մեկն է Հարավային Կովկասում։ Երկու երկրների տնտեսական հարաբերությունների ցուցանիշներից մեկն այն է, որ տարեցտարի ավելանում է ապրանքաշրջանառության ծավալը։ Այսպես, օրինակ, 2022 թ.-ին ԱՄՆ ներկրումները Ադրբեջանից կազմել է 173 միլիոն դոլար՝ 2020 թ.-ի 37 միլիոնի փոխարեն: Ադրբեջանը գտնվում է Տրանս-կասպյան միջազգային տրանսպորտային երթուղու (հայտնի է Միջին միջանցք անունով) վրա, որը կապում է Չինաստանը Թուրքիային և Եվրոպային՝ Ղազախստանի, Կասպից ծովի, Ադրբեջանի և Վրաստանի միջոցով։ Այն շրջանցում է Ռուսաստանը (որը տասնամյակներ շարունակ եղել է Չինաստանի և Եվրոպայի միջև հիմնական ցամաքային կապը) Բաքու-Թբիլիսի-Կարս (BTK) նորակառույց 826 կմ երկարությամբ երկաթգծով: Քննարկվում է նաև Անդրկասպյան խողովակաշարի (Trans-Caspian Pipeline – TCP) նախագիծը, որը գազը Թուրքմենստանից կբերի Ադրբեջան և այնուհետև դեպի Հարավային գազային միջանցքին՝ Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղին, որը ներկայումս ադրբեջանական գազը Թուրքիայի տարածքով հասցնում է դեպի հարավ-արևելյան Եվրոպա: Այսպիսով, հաշվի առնելով, որ Հարավային Կովկասը էներգետիկ և տրանսպորտային հանգույց է Եվրոպայի և Ասիայի միջև և դրա դերը առավել քան արժևորվում է ուկրաինական ճգնաժամի ֆոնին՝ որպես ռուսական գազի այլընտրանք, ԱՄՆ-ը դիտարկում է Ադրբեջանին որպես էներգառեսուրսների ստաբիլ մատակարարման աղբյուր և փորձում է ապահովել դրա անվտանգ անցումը դեպի Եվրոպա:

ԱՄՆ-ի՝ Ադրբեջանում ունեցած էներգետիկ շահերին շաբաթներ առաջ անդրադարձել են նաև ամերիկյան մի շարք «ուղեղային կենտրոններ»: Դրանցից ամենահեղինակավորներից մեկը՝ Foreign policy in Focus կենտրոնը ծավալուն հոդված էր նվիրել՝ նկարագրելով Վաշինգտոնի որդեգրած ռազմավարությունը Բաքվի հետ հարաբերություններում: Հոդվածում, մասնավորապես, նշվում է, որ տարածաշրջանում ԱՄՆ-ի պլանավորման հիմքում Ադրբեջանն է։ Հաշվի առնելով երկրի հսկայական էներգետիկ ռեսուրսները, հատկապես՝ նավթն ու բնական գազը, ԱՄՆ պաշտոնյաներն Ադրբեջանը համարում են Հարավային Կովկասում այն բանալին, որը կօգնի Եվրոպային նվազեցնել կախվածությունը ռուսական էներգակիրներից:

Ավելին՝ Բաքվում ԱՄՆ դեսպանատունն օրեր առաջ հայտարարել է, որ ԱՄՆ-ն կողմ է դեպի Եվրոպա գազի արտահանման ծավալների մեծացմանն ու այդ ծրագրերը մեծամասամբ կապված են Ադրբեջանի հետ: Իսկ շաբաթներ առաջ Մյունխենում ԱՄՆ նախաձեռնությամբ հանդիպում է կայացել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ նախագահի գլոբալ ենթակառուցվածքների և էներգետիկ անվտանգության հարցերով հատուկ համակարգող Ամոս Հոխշտեյնի միջև։ Հանդիպմանը քննարկվել են Միջին միջանցքի զարգացումը և Ադրբեջանի դերն այս գործընթացում։

Գանք Եվրոպա. ԵՄ տարածքում խորացող էներգետիկ ճգնաժամը Բրյուսելին ստիպում է ակտիվացնել էներգակիրների, առաջին հերթին՝ բնական գազի այլընտրանքային աղբյուրների փնտրտուքը։ Այդ համատեքստում ԵՄ-ն վերջին շրջանում առանձնահատուկ հետաքրքրություն է ցուցաբերում կասպյան, մասնավորապես՝ ադրբեջանական գազի նկատմամբ։ Հարավային Կովկասում ինչպես հավաքական Արևմուտքի, այնպես էլ զուտ ԵՄ-ի շահերը խարսխվում են երեք հիմնական նպատակների վրա՝

  1. ապահովել կասպյան էներգակիրների անվտանգ տեղափոխումը դեպի Եվրոպա՝ շրջանցելով Ռուսաստանը,
  2. Հարավային Կովկասում ձևավորել այնպիսի աշխարհաքաղաքական միջավայր, որը տարածաշրջանից աստիճանաբար դուրս կմղի Ռուսաստանի ռազմական, տնտեսական և քաղաքական ազդեցությունը,
  3. խոչընդոտել Հարավային Կովկասում Իրան-ՌԴ ռազմաքաղաքական առանցքի ձևավորումը և Իրանի դերակատարության մեծացումը։

Ադրբեջանի նկատմամբ ԵՄ–ի լոյալ մոտեցումն օրինաչափ է, եթե հաշվի առնենք վերջինիս տնտեսական և աշխարհաքաղաքական շահերը։ Եթե միայն 2022թ․ առաջին կիսամյակի ընթացքում ԵՄ-ն միայն Ադրբեջանից ներմուծված գազի համար վճարել է շուրջ 5 մլրդ եվրո, ապա, օրինակ, Հայաստանի հետ ԵՄ ամբողջ ապրանքաշրջանառությունը նույն ժամանակահատվածում չի հատել 1 մլրդ դոլարի սահմանը։ Պատահական չէ, որ 2022թ սեպտեմբերին Ադրբեջանի հերթական ագրեսիայից հետո Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը շտապեց հայտարարել, որ ԵՄ-ն չի դիտարկում Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը, այդ թվում՝ գազային գործարքի չեղարկումը կամ սառեցումը։ Ընդամենն ամիսներ առաջ Բրյուսելն ու Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել Ադրբեջանից Եվրոպական միություն գազի մատակարարումների ավելացման վերաբերյալ:

Վերջում նշենք նաև, որ «Զանգեզուրի միջանցքի» բացման գլխավոր շահառուն էլ է հանդիսանում Արևմուտքը: Ինչպես և կարելի էր ենթադրել՝ Հայաստանի հաշվին Արևմուտքը ցանկանում է իրացնել իր էներգետիկ շահերը: Լրացուցիչ ծավալների համար Եվրոպային անհրաժեշտ են նոր երթուղիներ Կասպից ծովի տարածաշրջանից բնական գազի և այլ ածխաջրածինների մատակարարման համար: Եվ այս առումով Հայաստանի Սյունիքի մարզն սկսում է շատ կարևոր նշանակություն ձեռք բերել Արևմուտքի համար։ Եվ հենց դա է պատճառը, որ Արեւմուտքը պահանջում է խաղաղության պայմանագրում ֆիքսել միջանցքը՝ այն էլ առանց ռուսական կողմի վերահսկողության: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular