Նոյեմբերյանի «Արմաթ»-ցիները անօդաչու թռչող սարք են պատրաստել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆոյեմբերյանի տարածաշրջանի «Արմաթ» լաբորատորիաներում առաջին անօդաչու թռչող սարքն է պատրաստվել: Այն նախատեսված է տարածաշրջանի «Արմաթ» լաբորատորիայի սաներին անօդաչու թռչող սարքերի հավաքումը և կառավարումը ուսուցանելու համար:
«2023 թվականին «Նաիրի Ինշուրանս» կազմակերպության և իմ անձնական ներդրման շնորհիվ Բերդավանի Արմաթ լաբորատորիան վերազինվեց անօդաչու թռչող սարքերի դետալներով, ինչի շնորհիվ ունեցանք առաջին անօդաչու թռչող սարքի ծնունդը: Հուսով ենք՝ տարածաշրջանում այս աշխատանքները և ներդրումները շարունակական կլինեն, և կկարողանանք դաստիարակել ինժեներական գիտելիքներով զինված սերունդ»,- 1or.am-ի հետ զրույցում նշեց Նոյեմբերյանի շրջանային համակարգող Սլավիկ Միրիջանյանը:
Միրիջանյանի խոսքով՝ «Արմաթ» լաբորատորիաները բավականին մեծ հետաքրքրություն են վայելում սահմանամերձ շրջանում.
«Նոյեմբերյանի տարածաշրջանի Արմաթ լաբորատորիաներ այս պահին հաճախում են թվով 246 սաներ,տարածաշրջանում ունենք դասավանդող 19 խմբավար։ 2023-2024 թթ Ստեփան Գիշյան բարեգործական հիմնադրամի կողմից վերազինվել է Նոյեմբերյանի տարածաշրջանի թվով երեք՝ Կողբի թիվ 2 միջն դպրոցի, Նոյեմբերյանի հիմնական դպրոցի և Բերքաբերի միջնակարգ դպրոցի «Արմաթ» լաբորատորիաները, յուրաքանչյուրը՝ 856200 դրամ գումարին համարժեք գույքով։ Նախատեսվում է նաև Կողբ գյուղում հիմնել Նոյեմբերյանի տարածաշրջանի «Արմաթ» կենտրոն, դիմել ենք Նոյեմբերյանի համայնքապետարանին՝ գրասենյակային տարածք տրամադրելու հարցում»։
Վազգեն Միրիջանյանը սովորում է «Իրական դպրոց»-ում և այնտեղ մոտ 9 ամսի հաճախել է ԱԹՍ-ների՝ «Արմաթն օդում» խմբակ.
«Որոշվեց բացել «Արմաթն օդում» խմբակ նաև Նոյեմբերյանի շրջանում, ու քանի որ ես որոշ չափով տեղյակ էի և ինքս ծնվել և մեծացել եմ Կողբում, ինձ առաջարկեցին վերապատրաստել բոլոր այն խմբակավարներին, ովքեր ուզում են դաս տալ ԱԹՍ-ների խմբակում, սովորեցնեմ այն ամենը ինչ որ ես գիտեմ: Այժմ դեռ աշխատում ենք առաջին ՍՈՒ27 մոդելի ԱԹՍ-ի վրա: Անկնկալվում է երեխաներին տալ այնքան գիտելիքներ, որ խմբակն ավարտելուց հետո կարողանան վարել պրոֆեսիոնալ ԱԹՍ»:
Հավելենք, որ 2019 թվականին ԿԳՄՍ նախարարության կողմից` ԱՏՁՄ և մի շարք հովանավորների աջակցությամբ Նոյեմբերյանի տարածաշրջանում բացվել են «Արմաթ» լաբորատորիաներ՝ թվով 25 դպրոցներում, որտեղ 10 տարեկան և բարձր տարիքի սաներին արտադասաժամյա տրամադրվում է անվճար ինժեներական կրթություն։ Լաբորատորիաներում դասավանդվում է ծրագրավորում, ռոբոտաշինություն, եռաչափ մոդելավորում։ Աշխատում են ռոբոտների հետ, եռաչափ տպիչով և ԹԿՀ հաստոցներով։ Սաները սովորում են նաև ռադիոտեխնիկա։ Յուրաքանչյուր տարի կազմակերպվում են բազմաթիվ մարզային և հանրապետական մրցույթներ Դիջիկոդ, Արմռոբոտիքս, որոնց հաղթողները ստանում են նվերներ և դրամական խոշոր շահումներ։
Ելենա Մաթևոսյան