Նադալը հայտարարել է, որ չի մասնակցի Ինդիան Ուելսի մրցաշարին
ՍՊՈՐՏԱշխարհի նախկին առաջին ռակետ Ռաֆայել Նադալը հայտարարել է, որ չի մասնակցի Ինդիան Ուելսում (ԱՄՆ) Masters մրցաշարին։
Այս մասին 37-ամյա իսպանացի թենիսիստը հայտնել է սոցիալական ցանցում․
«Մեծ տխրությամբ պետք է հրաժարվեմ Ինդիան Ուելսում անցկացվող այս հիանալի մրցաշարից: Բոլորը գիտեն, թե որքան եմ ես սիրում այս վայրը և որքան եմ սիրում այստեղ խաղալ: Սա նաև պատճառներից մեկն է, որ ես շատ շուտ եկա՝ մարզվելու և պատրաստվելու համար։
Ես քրտնաջան աշխատել և մարզվել եմ, և դուք բոլորդ գիտեք, որ այս շաբաթավերջին հանձնեցի թեստը, բայց ես ինձ պատրաստ չեմ զգում ամենաբարձր մակարդակով հանդես գալու նման կարևոր մրցաշարում: Սա հեշտ որոշում չէ, իրականում դժվար է, բայց ես չեմ կարող ստել ինձ և հազարավոր երկրպագուներին։ Ես կկարոտեմ բոլորիդ և վստահ եմ, որ մրցաշարը մեծ հաջողություն կունենա»,- գրել է Նադալը։