ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞րն էր ինքնագովերգման «շնորհավորական ուղերձի» հիմնական շեշտը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը, չգիտես ինչու, կարծում է, թե ինքը «մեծ գործ» է անում, ավելին՝ «մեծ շնորհ», երբ առիթ-անառիթ հայտնվում է հեռուստաէկրաններին, լրահոսում և իր «հանճարեղ» մտորումներն ու անզուգական խոհերն է ներկայացնում: Նրան երևի ոչ ոք չի զեկուցում, որ իր պատկերն ու ձայնն արդեն տևական ժամանակ է, ինչ ամենից անցանկալին են հանրության համար: Սա՝ շատ մեղմ ասած: Կամ էլ, որն ավելի հավանական է, նա դրա մասին հրաշալի գիտի, բայց հատուկ է այդպես անում՝ մարդկանց հոգեբանորեն է՛լ ավելի բորբոքելու համար:

Ահավասիկ, երեկ էլ Փաշինյանը որոշել էր շնորհավորել Հայաստանի կանանց, մայրերին, աղջիկներին: Ավելին, մի ամբողջ ուղերձ էր շարադրել Մարտի 8-ի առթիվ: Լավ, քանի դեռ վարչապետի պաշտոնում է, ի պաշտոնե նույնիսկ պարտավոր է շնորհավորել, ուղերձ հղել: Բայց այստեղ արդեն առաջ է գալիս գլխավոր հարցը՝ իսկ ո՞րն էր Փաշինյանի մարտիության «շնորհավորական ուղերձի» շեշտը:

Ի՞նչ էր ուզում ասել կամ ի՞նչ ասաց: Թվում է՝ անիմաստ հարց է. մաղթանքներից ու շնորհավորանքից բացի, ուրիշ ի՞նչ պիտի ասեր: Բայց Նիկոլ Փաշինյանը Նիկոլ Փաշինյան չէր լինի, եթե նույնիսկ մարտիության ուղերձը չդարձներ սեփական «փիառի» միջոց:

Այո, Մարտի 8-ի առթիվ Փաշինյանի ուղերձի առանցքային շեշտը, դրա «կարմիր թելը» ինքնագովաբանությունն էր: Ասածն այն էր, թե՝ չկա ու չի եղել որևէ իշխանություն, իր գլխավորածից բացի, որ այդպես հոգատար, այդքան ուշադիր, այդքան դրական վերաբերմունք ունենա կանանց նկատմամբ, թե՝ տեսեք-տեսեք, կանայք բարձր պաշտոններ են զբաղեցնում իր գլխավորած կառավարության կազմում (կարելի է կարծել՝ Հայաստանում նախքան այս չեն եղել կին նախարարներ, փոխնախարարներ, ԱԺ փոխնախագահներ, այլ կին պաշտոնյաներ): Գումարած՝ իր ոճով անհասկանալի «տեղեկանքներ» սկսեց պատմել 500 մանկապարտեզի, ինչ-որ 300 դպրոցի մասին, կանանց հորդորեց ավելի շատ երեխաներ ունենալ, կանանց վրա որպես լավություն փորձեց «ծախել» Ակադեմիական քաղաքի ծրագիրը: Եվ այլն, և այլն: Ու մեկ էլ՝ հոպ, հանկարծ այս ամբողջի մեջ՝ նորից ինքնիշխանության մասին: Թե ինչ կապ ունի, միայն ինքը կիմանա: Չնայած, մնացածն էլ առանձնապես «կապված» չէին: Իսկ վերջում Փաշինյանը նաև հայրենիքի պաշտպանության համար զոհված կանանց մասին խոսեց, զոհված զինվորների մայրերին հիշատակեց իր խոսքում:

Ասում է. «Պետությունը, միայն ինքնիշխան, զարգացած, ուժեղ և բարեկեցիկ պետությունը կդառնա ամոքումը կորստյան վշտի, և մենք գնում ենք այդ ճանապարհով»: Ամեն անգամ թվում է, թե ոչնչից այլևս անկարելի է զարմանալ կամ զայրանալ այն ամենից հետո, ինչ արել է Նիկոլ Փաշինյանը մեր երկրի գլխին: Բայց չէ, նա վարպետ է նաև այս հարցում, ու հենց ինքն է անընդհատ ստիպում հիշեցնել, թե ում մեղքով, ում վարած «քաղաքականության» հետևանքով են հայրենիքի պաշտպանությանը լծված նաև կին զինվորականները զոհվել:

Ում մեղքով, ում վարած «քաղաքականության» հետևանքով են հազարավոր ու հազարավոր զինվորների կորուստը, այդ կորստյան վիշտը, որի «ամոքման» մասին խոսում է Փաշինյանը: Ում մեղքով, ում վարած «քաղաքականության» հետևանքով են սևազգեստ դարձել այդ զինվորների մայրերը, կանայք, քույրերը: Ում մեղքով, ում վարած «քաղաքականության» հետևանքով են տնազուրկ դարձել, բռնի տեղահանվել մեր արցախցի հազարավոր մայրեր, քույրեր, կանայք ու աղջիկներ: Թե բա՝ ամոքումը կորստյան վշտի... Լավ, դուք ինքներդ ձեզ հետ միայնակ մնալիս, գլուխը բարձին դնելիս ոչինչ չե՞ք զգում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular