ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտաքին քաղաքականությունը դարձրել են «լարախաղացություն». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի արտաքին քաղաքականության համատեքստում շատ տարօրինակ երևույթներ են տեղի ունենում։ Նախ՝ իշխանափոխությունից մոտ 6 տարի անց օրվա իշխանությունները հանկարծ հիշել են, որ «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահներ կան, և որոշել են պաշտոնապես դիմել Ռուսաստանին՝ նրանց հեռացնելու համար։ Ռուս սահմանապահներին հեռացնելու թեզերից մեկն այն է, թե նրանց գտնվելն օդանավակայանում որևէ միջպետական պայմանագրով չի կարգավորվել։ Բայց այդ դեպքում հարց է ծագում, թե ի՞նչ հիմքերով է այս հարցն ընդհանրապես կարգավորվել։ Ինչո՞ւ այս վեց տարում գոնե մեկ անգամ չհիշեցին այս մասին և ինչո՞ւ հիշեցին հենց հիմա: Այս իրողության համատեքստում իշխանական ու մերձիշխանական սատելիտները թմբկահարում են, թե նման քայլով ուժեղացնում ենք մեր ինքնիշխանությունը և թուլացնում ենք կախվածությունը Ռուսաստանից։

Իրականում կան տեղեկություններ, որ սա Արևմուտքի հերթական պահանջն է, որպեսզի ռուսները հնարավորություն չունենան վերահսկել իրենց հետ կապակցված անձանց ու միավորների ելումուտը: Բայց դա էլ դեռ մի կողմ: Այս ամենի հետ կապված՝ ի հայտ են գալիս մի շարք հարցեր: Եթե իշխանությունները կողմնակից են ընդհանրապես արտաքին քաղաքական կուրսը փոխելու, ապա ինչո՞ւ, օրինակ՝ Թուրքիայի ու Իրանի սահմանից չեն հեռացնում ռուս սահմանապահներին։ Ավելին, Փաշինյանն ու իր ԱԽ քարտուղարն ամեն անգամ շեշտում են, թե ռուսական ռազմաբազայի հեռացման հարց չկա։ Միևնույն ժամանակ, իշխանությունները հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ-ի կամ ռուս դիտորդների տեղակայման հարցը չեն քննարկում, սակայն կողմնակից են, որ եվրոպական դիտորդները ոչ միայն մնան, այլև նրանց թիվն ավելանա։

Միևնույն ժամանակ, չնայած այն հանգամանքին, որ ռուս սահմանապահների հեռացման հարցն իշխանությունները չեն ցանկանում քննարկել, այնուամենայնիվ, նրանք խիստ շեշտադրումներով ընդգծում են, որ Ներքին Հանդում հենց ռուս սահմանապահներն են խոչընդոտել և թույլ չեն տվել, որ եվրոպացի դիտորդներն արձանագրումներ կատարեն։ Բայց դրանից առաջ բազմիցս ականատես ենք եղել այնպիսի դեպքերի, երբ նույն եվրոպացի դիտորդների դիտարկման տարածքում Ադրբեջանը սադրանքների է դիմել, խախտել է հրադադարը, որի արդյունքում հայ զինվորներ են զոհվել, բայց ՀՀ իշխանությունների մտքի ծայրով անգամ չի անցել որևէ կերպ արձագանքել կամ նշել եվրոպացի դիտորդների առաքելության ձախողման մասին։ Մյուս կողմից էլ՝ չնայած իշխանությունները փորձում են ցույց տալ, թե դեպի Արևմուտք տանող գիծ են որդեգրել, Հայաստանի նպատակը ԵՄ-ի հետ ինտեգրվելն է, սակայն որևէ խոսք չկա ԵԱՏՄ-ի կազմից դուրս գալու մասին, որտեղ գերակայում է Ռուսաստանը։

Իշխանություններն անընդհատ շեշտում են, որ ԵԱՏՄ-ում տնտեսական համագործակցությունը բավական արդյունավետ բնույթ է կրում, և նաև դրա արդյունքում է, որ Հայաստանին հաջողվում է բարձր տնտեսական աճ արձանագրել։ Զավեշտն այն է, որ եթե ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց ընդհանրապես դրված չէ, ապա հայտարարվում է ՀԱՊԿ-ի շրջանակում մեր անդամակցությունը սառեցնելու մասին։ Իշխանություններն անգամ չեն բացառում, որ հարկ եղած դեպքում կարող են ՀԱՊԿ-ի կազմից դուրս գալ։ Մի խոսքով, ինչպես բոլոր ոլորտները, Հայաստանի արտաքին քաղաքականությունն էլ այն աստիճանի շիլաշփոթ վիճակում է, որ անգամ դիվանագիտական դաշտի բարձրակարգ մասնագետները չեն կարող լիարժեք գլուխ հանել։

Լիակատար անորոշությունն ու երկակիությունը բոլոր հարցերում գերակայում է։ Ընդհանրապես, հստակություն չկա, թե ինչ տեսլական է դիտարկում Հայաստանը, ինչ նպատակների է փորձում հասնել։ Շարժվում ենք ընդամենը իրավիճակային ու կիսատ-պռատ որոշումներով։ Բայց արտաքին քաղաքականությունը փորձադաշտ կամ «որբի գլուխ» չէ, որի վրա իշխանությունները մազ կտրել կարող են սովորել։ Թեպետ, ինչպես ցույց է տվել ժամանակը, նրանք բոլոր ոլորտների հետ են այդպես վարվել ու վարվում՝ բերելով ավերումների: Այստեղ խնդիրը նույնիսկ այն չէ՝ նման «լարախաղացությունը» դիտավորությա՞ն, թե ապաշնորհության արդյունք է: Փաստը մնում է փաստ, որ այս ամենը ծանրագույն հետևանքներ է ունենում: Արցախի ողբերգությունը՝ օրինակ:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular