Ադրբեջանը «շնորհավորում է» հայերի Սուրբ Զատիկը. Դավիթ Բաբայանը՝ սահմանային լարվածության մասին
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՍահմանները վերահսկվում են, և մեր բանակը, ինչպես միշտ, ռազմավարական նախաձեռնողականությունն իր ձեռքն է պահում։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով ապրիլի 13-ին և լույս 14-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմանը՝ ասաց Արցախի նախագահ Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանը։
«Պետք է հաշվի առնել մի շարք հանգամանքներ. երբ տոն օրերը մոտենում են՝ հիմա էլ Սուրբ Զատկի տոնն է, հակառակորդը ընդգծված ձևով իր սև գործը փորձում է անել, լարել իրավիճակը։ Սա իրենց բնույթն է, յուրովի «շնորհավորում են»»,- փոխանցեց Բաբայանը։
Դավիթ Բաբայանը հավելեց՝ պաշտոնական Ստեփանակերտը մոտ 10 տարի առաջ համանախագահներին առաջարկել է՝ որպես փոխվստահության և կայունության պահպանման մեխանիզմ, ներդնել այն գաղափարը, որ տոն օրերին՝ կրոնական, ազգային, զինադադարի ռեժիմը չխախտվի: «Համանախագահները սա ընդունել են որպես կարևոր առաջարկ, բայց Ադրբեջանը ոչ միայն մերժել է, այլև ի հակառակ դրան՝ հատուկ ընդգծվածությամբ հենց տոն օրերի ժամանակ խախտում է զինադադարի ռեժիմը։ Որևէ արմատական փոփոխություն չկա, պարզապես նման աննորմալ, անմարդկային քաղաքականություն են վարում»,- եզրափակեց նա։