Ջրվեժում խանդի հողի վրա կատարված դաժան սպանության գործով կասկածվում է սպանվածի մտերմուհու 18-ամյա որդին
ԻՐԱՎՈՒՆՔSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք քննչական բաժնում ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշով հարուցված քրեական գործի շրջանակում որպես կասկածյալ որոնվում է Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Մազմանյան 2 շենքում հաշվառված 18-ամյա Արթուր Կարապետի Գևորգյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է ապրիլի 11-ին Ջրվեժի «Մայակ» թաղամասի 31 շենքի 1-ին բնակարանում 35-ամյա Արա Հարությունյանին դանակի բազմաթիվ հարվածներով սպանելու մեջ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանություն կատարողը կասկածել է, որ իր մայրը կապի մեջ է եղել սպանվածի հետ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 11-ին սպանություն էր տեղի ունեցել Երևանում:
Ժամը 23: 40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժին ահազանգ էր ստացվել, որ Ջրվեժի «Մայակ» թաղամասի 31 շենքի 1-ին բնակարանում տղամարդու դի կա: Դեպքի վայր էր ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Ժամանել էր նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Դավիթ Գևորգյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ մահացածը Ջրվեժի «Մայակ» թաղամասի 26/1 շենքի 10-րդ բնակարանի բնակիչ, 35-ամյա Արա Հարությունյանն էր: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, նա մահացել էր մարմնի տարբեր մասերում ստացած բազմաթիվ կտրած-ծակած վնասվածքներից: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշով:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանությունը կատարվել էր այն բնակարանում, որը վարձակալված էր: Սպանությունը կատարվել էր խանդի հողի վրա և այդ պահին սպանության փաստով կար ձերբակալված, որը կին է, ում տվյալները նախաքննության շահերից ելնելով՝ չէինք հրապարակել:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: