ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանն արցախցիներին բնակարան չի տալու

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ հայտարարություններ արեց, սակայն մեր ուշադրությունը գրավեց ԼՂ-ից բռնի տեղահանվածների սոցաջակցության ծրագրերի և բնակարանային ապահովության ծրագրերի հետ կապված հայտարարությունը։ Մասնավորապես, Փաշինյանը նշեց, որ 40+10 հազարի ծրագիրը, ըստ երևույթի, կերկարացվի մինչև տարվա վերջ։
Սակայն արցախահայությանը բնակարանապահովման ծրագրի մասին խոսելիս Փաշինյանն ասաց․ «Եթե բնակարանային ծրագիրը անենք միայն ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար, կարող է լարում ստեղծվել հանրության ներսում»։ Նրա խոսքով՝ եթե ԼՂ-ից բռնի տեղահանվածները ցանկանում են օգտվել այդ ծրագրերից, պետք է ՀՀ քաղաքացիություն  ստանան՝ այդ լարումից խուսափելու համար:  

Դեռ մեկ ամիս առաջ մենք գրել էին, որ բազմաթիվ արցախցիներ չեն ստանում աջակցությունը՝ 40+10 հազարի ծրագրի գումարները: Այսօր էլ հետաքրքրվեցինք Արցախի ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Մետաքսե Հակոբյանից՝ այդ խնդիրը հարթվե՞լ է, արդյո՞ք այժմ արցախցիները ստանում են աջակցությունը և ի՞նչ ընթացք կա բնակարանների ծրագրի մասով։

«Փաշինյանի ասածում, ինչպես միշտ, տեսնում ենք այն վտանգները, որ ցանկացած օրենք կամ սահմանադրական պահանջ կարող է օգտագործվել ի վնաս քաղաքացու»,- ասաց նա։

Անդրադառնալով 40+10 հազարի ծրագրի շարունակականությանը՝ պատգամավորը նշեց, որ վստահ էր, որ այդպես էլ լինելու է, քանզի դա Փաշինյանի գործելաոճն է՝ տեսնում էին արցախցի մեր հայրենակիցների դժգոհության ալիքը, որը գնալով մեծանում էր և նրանք պատրաստվում էին ցույցեր ու բողոքի ակցիաներ իրականացնել: Իսկ հիմա՝ իր ոճի մեջ, Փաշինյանը պիտի ցույց տա, որ ինքը բարի, կամեցող և աղետներից փրկող կերպար է:

Ըստ Արցախի ԱԺ պատգամավորի՝ բնակարանների ծրագիրը տարիներ շարունակ ձգվելու է և ամենայն հավանականությամբ կյանքի չի կոչվելու, մնալու է թղթի վրա գրված ինչ-որ որոշում։ Նա նաև նշեց, որ այս իշխանությունների պարտականությունն է ապահովել և գործընթաց իրականացնել, որպեսզի հայը կարողանա վերադառնալ Արցախ և դրան զուգահեռ պարտականությունն է այդ մարդկանց ապահովել արժանապատիվ կեցությամբ և ապրելու հնարավորությամբ՝ մինչ իրենց ծննդավայր վերադառնալը։

«Եթե լինեին ազգային իշխանություններ, ապա այս քաղաքականությունը կվարեին, բայց քանի որ մենք չունենք ազգային իշխանություն՝ վարվում է առնել, վաճառել, փող և ոչ ավելի քաղաքականությունը»,- ասաց Հակոբյանը։

Վերադառնալով հարցին, թե արդյո՞ք արցախցիները այժմ ստանում են 40+10 հազար ծրագրի գումարները, խնդիրները հարթվել են, Մետաքսե Հակոբյանը պատասխանեց, որ ցավոք՝ անգամ փետրվար ամսվա գումարները շատերը չեն ստացել։

«Հազարավոր արցախցիներ չեն ստանում այդ գումարը տարբեր պատճառաբանություններով, ինչ-որ սահմանափակումներ էին դրվել անիմաստ և ոչ իրատեսական։ Այս իշխանությունը անունը դնում է, որ հանրային շերտերի հետ են հանդիպում, բայց որևէ շփում ու առնչություն տեղի չի ունենում արցախցիների հետ և անգամ տեղեկացված էլ չեն արցախցիների խնդիրներից։ Ինչքան էլ այս ամենը ներկայացնեն որպես բարի կամքի դրսևորում, բայց այս ամենը օղակ է, որը գցել են ժողովրդի կոկորդից ու ձգում են ամեն օր»,- եզրափակեց Հակոբյանը։

Այսպիսով, կարող ենք փաստել, որ բռնի տեղահանված արցախցիներից շատերը շարունակում են անտեսված լինել իշխանությունների կողմից, իսկ բնակարաններ ստանալու ծրագրի շուրջ այնքան խնդիրներ ու խոչընդոտներ, նաև պահանջներ կան, որ ուղղակի կարելի է լռել:

Մարիաննա Արամյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular