Բացառել դեպքերը, երբ խոշոր կազմակերպությունները տրոհում են իրենց բիզնեսը հարկային օգուտներ, առավելություններ ստանալու նպատակով. նախագիծ. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Պետական եկամուտների կոմիտեն առաջարկում է լրացումներ և փոփոխություններ կատարել Հարկային օրենսգրքում: Նախագիծը նպատակ է հետապնդում խրախուսել մրցակցությունը, քանի որ նախագծի ընդունման արդյունքում կբացառվեն այն դեպքերը, երբ խոշոր, հաճախ գերիշխող դիրք զբաղեցնող կազմակերպությունները տրոհում են իրենց բիզնեսը հարկային օգուտներ, առավելություններ ստանալու նպատակով՝ այդպիսով իսկ շուկայում ստեղծելով անհավասար մրցակցային պայմաններ մյուս տնտեսվարողների համար: Ըստ նախարարության, նախագծի ընդունումը կնպաստի ներմուծման և արտահանման ոլորտում մրցակցության ոլորտի առողջացմանը, մանր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը:
Նախագծի ընդունման արդյունքում պետական բյուջեի ծախսերի ավելացում տեղի չի ունենալու: Փոխարենը հաշվի առնելով հարկային չարաշահումների միջոցով ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող սուբյեկտների դեմ պայքարելու արդյունավետ միջոցների առկայությունը՝ հնարավոր են բյուջեի մուտքերի էական ավելացումներ: Նախագծով նախատեսված դրույթների շրջանակներում կանոնակարգվում են հարկային պլանավորման սխեմա (մեթոդ), հարկային օգուտ և հարկային պլանավորման մեթոդների չարաշահում հասկացությունները, հարկ վճարողների՝ ընդհանուր տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործող համարվելու դեպքերը: Միաժամանակ, նախատեսվում են հարկային պլանավորման մեթոդների չարաշահում կատարած հարկ վճարողների՝ շրջանառության հարկ վճարող կամ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չհամարվելու և այդպիսին համարվելուց դադարելու վերաբերյալ կանոնակարգումներ:
Նշվում է, որ Հարկային օրենսգրքում բացակայում է հարկային պլանավորման մեթոդների չարաշահման ընդհանուր կանոնը: Համաշխարհային փորձը վկայում է, որ ավելի ու ավելի հաճախ հարկ վճարողների կողմից կիրառվում են մեխանիզմներ, գործարքներ, որոնք օրենսդրությամբ «թույլատրված են», սակայն չեն բխում գործունեության իրական տնտեսական պայմաններից և նպատակ են հետապնդում թաքցնելու եկամուտները, ձեռնարկատիրական եկամուտները բաշխել ֆորմալ առումով տարբեր տնտեսվարողների միջև (սահմանված արտոնությունից մի քանի անգամ օգտվելու նպատակով), նվազեցնել եկամուտները՝ արհեստականորեն ավելացնելով ծախսերը և այլն: Նմանատիպ վարքագիծը բնորոշվում է «ագրեսիվ հարկային պլանավորում» տերմինով և այն բացառելու ուղղությամբ պայքար է մղվում նաև միջազգային մակարդակով: Այդ նպատակով ընդունվել է «Հարկման բազայի քայքայումը և շահույթի տեղափոխումը կանխելու նպատակով հարկային պայմանագրին առնչվող միջոցառումների իրականացման վերաբերյալ» բազմակողմ կոնվենցիան, որին միացել է նաև Հայաստանը, սակայն հարկային պլանավորման մեթոդների չարաշահման հասկացությունը մեր ներպետական իրավակարգավորումներում բացակայում է, որի պատճառով էլ մշակվել է նախագիծը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում