Ի՞նչ կապ ունի Վլադիմիր Գասպարյանը «ՍԱՍ»-ի սկանդալի հետ.«ՀԺ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՍԱՍ գրուպում» անցկացված նախընտրական ժողովի գաղտնի ձայնագրությունը չի կարող անտարբեր թողնել Ազատ, անկախ, ինքնիշխան Հայաստանի, ազատ անկախ ինքնիշխան որեւէ քաղաքացու: Առավել եւս` այդ ձայնագրության նկատմամբ չեն կարող անտարբեր լինել Հայաստանի իրավապահ մարմինները:
Այն, ինչ տեղի է ունենում 40 րոպեների ընթացքում, Հայաստանի քաղաքացու հիմնարար իրավունքների ոտնահարում է: Պարունակում է պաշտոնեական դիրքի չարաշահմամբ, քաղաքացուն իր կամքին հակառակ գործողություններ ստիպելու, դրանք չկատարելու դեպքում աշխատանքից հեռացնելու սպառնալիքի, կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունների, ստիպողաբար որեւէ թեկնածուի օգտին ձայն կորզելու, կաշառելու, նյութապես կամ բարոյապես շահագրգռելու էլեմենտներ:
Իսկ «Երեւան-Սիթիո՞ւմ»: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ ընթացք են ստացել նույն ժողովները այստեղ: Ասում են՝ «Սիթիներում» սովորություն ունեն իրենց աշխատանքը թերի կատարած աշխատակիցներին ֆիզիկական բռնությամբ պատժել: Ի՞նչ կլինի նրանց հետո, ովքեր կհրաժարվեն ընտրել համապատասխան թեկնածուին, կամ ձայն հավաքել նրա համար, չարժե նույնիսկ պատկերացնել: Աշխատանքից ազատվելով պրծնելը տվյալ պարագայում, թերեւս, մատաղի թեմա է: Իսկ «Մուլտի գրուպ»-ի աշխատողնե՞րը: Հնարավո՞ր է, որ նման ժողովներ նրանք չեն վայելել: Իհարկե, հնարավոր չէ:
Մի քիչ ավելի գրական հայերենով, մի քիչ ավելի փողոցային լեզվով, ուղղակի կամ անուղղակի սպառնալիքներով, մեծ կամ փոքր պարգեւներով, առյուծի վանդակն ընկնելու հեռանկարով, կամ առանց դրա, այս խոսակցությունը տվյալ ժամանակահատվածում սփռված է եղել ողջ Հայաստանով:
Ըստ որոշ վերլուծությունների, «ՍԱՍ գրուպի» ժողովի ձայնագրությունը պատահականություն չէ, այլ կապ ունի տվյալ ընտրատարածքում Արտակ Սարգսյանի մրցակից, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսայի՝ Արթուր Գեւորգյանի հետ: Այսինքն, դա նախընտրական շրջանում ձեռք բերված կոմպրոմատ է, որը կախված ընտրությունների արդյունքներից կամ գործի կդրվեր, կամ ոչ:
Այս վարկածի օգտին կարող է երկու փաստարկ բերվել: Առաջին` ինչպե՞ս եղավ, որ ամբողջ Հայաստանում տեղ գտած այդ խոսակցություններից նման ձայնագրություն հրապարակվեց միայն «ՍԱՍ»-ի ժողովից: Երկրորդ`նման բան կազմակերպելու համար ոստիկանության տրամադրության տակ եղած օպերատիվ միջոցները խիստ օգտակար կլինեին: Իհարկե, պարզ է, որ ցանկացած այդպիսի ժողովի մասնակից սեփական հեռախոսով կարող էր ձայնագրություն կազմակերպել, բայց փաստ է, որ նման բան տեղի չի ունեցել:
Եւ ինչպե՞ս կարող էր տեղի ունենալ, եթե նման ժողովների մասնակիցներին «5 անգամ ավելի վատ» վերաբերմունք են խոստանում միայն նրա համար, որ ձայն չեն բերում: Ձայնագրության փորձ անելու համար գնդակահարվելը միանգամայն իրական վտանգ է:
Ոստիկանության հետ սերտ հարաբերություններ ունենալը նման վտանգից ապահովագրված զգալու լավագույն տարբերակն են:
Տվյալ դեպքում, սակայն, կարեւոր չէ, թե ով է կանգնած այս ձայնագրության թիկունքում, կարեւորն այն է` ով կկանգնի Ազատ անկախ եւ ինքնիշխան Հայաստանի քաղաքացիների թիկունքին, եւ եթե քաղաքացիներն այնքան էլ ազատ եւ անկախ չեն, ով է նրանց այդպիսին դարձնելու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում