Լյովա Վարդանյանի անվան ըմբշամարտի միջազգային մրցաշարում հայտնի են առաջին մեդալակիրները
ՍՊՈՐՏԿրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ` «Դինամո» մարզահամալիրում ընթանում է ՀՀ վաստակավոր մարզիչ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող Լյովա Վարդանյանին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի միջազգային 3-րդ հուշամրցաշարը:
Մեդալային առաջին գոտեմարտերից հետո Հայաստանի հավաքականի կազմում ոսկե մեդալակիր են Մանվել Խնձրցյանը (61 կգ) և Արման Մուսիկյանը (65 կգ):
Արծաթե մեդալներ են նվաճել Հելբերտ Սահակյանը (57 կգ), Սարգիս Բեգոյանը (61 կգ), Անուշավան Բարսեղյանը (70 կգ) և Նարեկ Նիկողոսյանը (74 կգ), իսկ բրոնզե` Հայկ Գասպարյանը (57 կգ), Արման Հարությունյանը (57 կգ), Լևիկ Միքայելյանը (61 կգ), Տիգրան Ղազարյանը (70 կգ), Դավիթ Մարգարյանը (70 կգ) և Նարեկ Հարությունյանը (74 կգ):
«Լյովա Վարդանյանը մեծ նվիրյալ էր ու նաև հիանալի մարդ: Այսպիսի մրցաշարերն էլ շատ կարևոր են երկրի ճանաչման, հանրահռչակման և մեր մարզիկներին փորձի ձեռքբերման հնարավորություն ընձեռելու առումով: Միայն նմանօրինակ մրցաշարերում փորձ ձեռք բերելու շնորհիվ նրանք կկարողանան հետագայում տիտղոսներ նվաճել ամենաբարձր հարթակներում ու բարձրացնել մեր եռագույնը՝ ՀՀ օրհներգի ներքո»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը, կարևորելով սպորտի զարգացումն ու մասսայականացումը` առանձնացրեց.
«Երևանի քաղաքապատերանի կողմից իրականացվող 35 մարզական միջոցառումներից 15-ը միջազգային են, և դրանցից 5-ն անցկացվելու են խաղային մարզաձևերից: Սա վկայում է այն մասին, որ մենք խրախուսում ու քաջալերում ենք տարբեր մարզաձևեր: Վստահ ենք՝ սպորտի զարգացմանն ուղղված մեր քաղաքականությունը ևս նպաստում է մեր մարզիկների հաջող ելույթներին ու գրանցած արդյունքներին»:
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանի խոսքով ֆեդերացիան նպատակ ունի առավել ուժեղ կազմ հավաքել այս մրցաշարի համար:
«Այսպիսի մրցաշարերը հանրահռչակում են ոչ միայն սպորտը, այլև մեր երկիրը: Իտալիայի հավաքականն առաջին անգամ էր մասնակցում այս մրցաշարին: Մեծ տպավորություններ ունեն, մինչ այս էլ հավաքներ են անցկացրել մեր երկրում»,-ասաց նա:
Լյովա Վարդանյանին նվիրված 3-րդ միջազգային հուշամրցաշարին մասնակցում են 9 երկրի՝ Հայաստանի, Իրանի, Վրաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Մոլդովայի, Ղազախստանի, Ղրղզստանի և Իտալիայի երիտասարդ մոտ 144 ազատոճային ըմբիշներ: