ՌԴ-ն սահմանափակել է բենզինի արտահանումը․ «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Փետրվարի վերջին կրեմլյան աղբյուրներից տեղեկություն տարածվեց, թե մարտի 1-ից Ռուսաստանը դադարեցնելու է բենզինի արտահանումներն այլ երկրներ։ Պատճառը բենզինի արտադրության ծավալների նվազումն է՝ ուկրաինական զինուժի կողմից որոշ նավթամշակման գործարանների ռմբակոծումների հետ կապված։ Բացառություն կարվի ԵԱՏՄ անդամ պետությունների, ինչպես նաեւ Մոնղոլիա, Ուզբեկստան, Աբխազիա եւ Հարավային Օսիա մատակարարումների համար։ Արդյո՞ք դա նշանակում է, որ շուտով Հայաստանում կարող է դեֆիցիտ առաջանալ, ու վառելիքի գները կարող են թանկանալ։ Բենզին ներմուծողներն առայժմ փոփոխություններ չեն նկատել։ «Ռան Օյլ» ընկերությունից մեզ հայտնեցին, որ բենզինի թանկացման մասին ոչ մի պաշտոնական տեղեկություն չկա, իսկ եթե լինի, իրենք հայտարարություն կանեն։
Բենզինի վաճառքով զբաղվող «Ստանդարտ Պետրոլ» ընկերության տնօրեն Լալա Գաբրիելյանն էլ ասաց, որ ոչ մի փոփոխություն՝ ո՛չ ծավալային, ո՛չ գնային, չի նկատել։ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանն էլ ասաց, որ թեեւ ինքը հիմա նման հարցերով չի զբաղվում, սակայն, իր տեղեկություններով, արգելքը Հայաստանի վրա չի տարածվում։ «Իմ ինֆորմացիայով՝ դա Հայաստանին առայժմ չի վերաբերում, որովհետեւ մեր երկիրը ԵԱՏՄ անդամ է։ Առայժմ նման հարց չկա դրված։ Բայց, կրկնում եմ, սա իմ տեղեկությունն է»,- ասաց Բարսեղ Բեգլարյանը։ Իսկ թե Հայաստանի պրոարեւմտյան քայլերն ու ՆԱՏՕ-ի քարտուղարի այցը, Երեւանում արած հակառուսական հայտարարություններն ինչ հետեւանքներ կունենան Հայաստանի համար, կերեւա առաջիկայում: Մայիսյան տոներին ԵԱՏՄ-ն նշում է իր ստեղծման 10-ամյակը, եւ Ռուսաստանը մեծ շուքով պատրաստվում է դրան:
Մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է այցելել Մոսկվա եւ մասնակցել այդ միջոցառմանը, քանի որ ռուսական շուկայից հրաժարվելը եւ ԵԱՏՄ անդամությունը դադարեցնելը կարող են խիստ բացասաբար ազդել Հայաստանի տնտեսության վրա: Բայց կհաջողվի՞ արդյոք միանգամից երկու աթոռի նստել եւ լարախաղացություն անել երկու հակամարտող ճամբարների միջեւ, դեռեւս պարզ չէ:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 20․ 03․ 24 թ համարում։