ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լրագրողի 50 երանգները. 50 պատճառ լրագրողի հետ չամուսնանալու ու նրանից հեռու մնալու համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

1. Լրագրողն այն մարդն է, ով զանգահարում ու հայտնվում է անսպասելիորեն։

2. Գրեթե բոլոր պատասխանողները (ռեսպոնդենտները) նրան ոչ ադկվատ են թվում։ 

3. Ադեկվատ է միայն նա, ով սիրում է լրագրողներին ու խոսում է «սինխրոններով»։

4. Նրա՝ Ձեզնից «սինխրոն» ստանալու ցանկությունը մոլուցքի է հասնում։

5. Նա «սինխրոն» է կոչում քո 20 վայրկյանանոց տեքստը՝ կտրված ընդհանուր համատեքստից։

6. Նա շատ է զայրանում, երբ դու փորձում ես բացատրել նրան, որ խնդիրն ավելի բարդ է։

7. Նա միևնույնն է՝ «կկտրի» քո բարդ բացատրություններն ու կթողնի պահանջված 20 վայրկյանը։ 

8. Հետո քո «սինխրոնին» (հիշեցնենք, որ նա այդպես է կոչում համատեքստից կտրված խոսքերդ) նա այնպիսի բաներ կավելացնի իր կողմից, որ քո ասածի միտքը կխեղաթյուրվի անճանաչելիության աստիճան։ Եվ նա դա կոչում է «մոնտաժ»։

9. Եթե դու, ասենք, պատմում էիր քո ձեռնարկությունում, հիվանդանոցում, ինստիտուտում ծավալած աշխատանքիդ մասին, կարող ես վստահ լինել, որ նյութի մեջ կտեսնես բոլորովին այլ ձեռնարկության, հիվանդանոցի, ինստիտուտի լուսանկարներ՝ նկարված մի քանի տարի առաջ։ Սա ևս լրագրողների շրջանում մոնտաժ է համարվում։ Լրագրողը խորապես համոզված է, որ բոլոր ձեռնարկությունները զբաղվում են միևնույն աշխատանքով։

10. Նկարահանումներից առաջ Ձեզ հարմարավետ բազկաթոռից կտեղափոխեն անհարմար աթոռի վրա։ Նրանք կարող են ստիպել Ձեզ Ձեր ձեռքը վերցնել ինչ-որ անպետք առարկա՝ գիրք, կատու կամ որևէ այլ բան, կամ Ձեր ծնկներին կարող են նստեցնել երեխայի, ինչպես նաև տեղափոխել կահույքի որոշ պարագաներ։

11. Ձեր կահույքի տեղափոխության ընթացքում լրագրողը երկար կվիճի օպերատորի հետ՝ հաճախ իր խոսքում կիրառելով «տեսողական առանցք» խորհրդավոր եզրույթը։ Երբ նա վերջապես ուշադրություն դարձնի Ձեզ վրա, նրա դեմքին բռնազբոս ժպիտ կհայտնվի, ու նա կսկսի եղանակի մասին խոսել։ Սա նշանակում է, որ այն ամենից հետո, ինչ արդեն Ձեր գլխին բերել են, Ձեզ փորձում են մի փոքր լիցքաթափել հարցազրույցից առաջ։

12. Նկարահանումների ժամանակ լրագրողը կհայտնի Ձեզ, որ օպերատորի էլեկտրակուտակիչը նստել է, ու այդ իսկ պատճառով Դուք ստիպված եք լինելու կրկնել վերջին 15 րոպեների ընթացքում Ձեր ասածները։ Ընդ որում, ոչ մի երաշխիք չկա, որ այս անգամ դա կձայնագրվի։

13. Ստանալով իր 20 վայրկյանները՝ լրագրողն սկսում է բացեիբաց ձանձրանալ, հավաքել խոսափողը, անջատել տեսախցիկը, ու առհասարակ նա կորցնում է քո հանդեպ ունեցած հետաքրքրությունը։

14. Իմիջիայլոց, նա կարող է նստել նաև քո աշխատասենյակում կամ քո տանը, սակայն լոկ այն պատճառով, որ նրա հետևից դեռ մեքենա չի եկել։ 

15. Եթե դու այդ պահին ցանկանաս նրա հետ խոսել, իսկ մեքենան գա, նա քեզ հրաժեշտ կտա քեզ համար ամենակարևոր պահին, դուրս կսլանա՝ ինչ-որ բան մռթմռթալով հաջորդ նկարահանումների մասին։

16. Երեկոյան նա կզանգահարի քեզ ու շողոքորթ ձայնով  կպարզի, թե ինչ է անունդ, ու որտեղ ես աշխատում։ Ենթագրերի համար։ Նա կորցրել է այն ճմռթված թուղթը, որի վրա նա այս տեղեկությունները գրել էր նկարահանումների ժամանակ։ Կարող ես նրան ինչ ասես պատասխանել. ենթագրերը, միևնույնն է, եթեր դուրս չեն գալու։ 

17. Նա կարող է երկար խոսել քեզ հետ, իսկ հետո առհասարակ ոչինչ ցույց չտալ՝ տարբեր պատրվակներ բերելով, ասենք՝ թեմայի մեջ չէր, ցույց կտանք հաջորդ անգամ և այլն։

18. Իմիջիայլոց, նա կարող է ցույց չտալ որևէ բան ու ոչ էլ մեկնաբանել իր այս քայլը։

19. Լրագրողն այն մարդն է, ով վստահ է, որ բոլորը պարտավոր են նկարահանվել իր թղթակցություններում, եթե դա հարկավոր է իրեն։

20. Համոզելով Ձեզ մասնակցել նկարահանումներին՝ նա պատրաստակամորեն դիմում է ամենացինիկ շողոքորթությանը (նա ասում է Ձեզ, թե որքան առանձնահատուկ են Ձեր մտքերը, որ Դուք միակ բանիմաց փորձագետն եք տվյալ ոլորտում, որ Դուք հիասքանչ եք դիտվում կադրում), հաճույքով դիմում է նաև շանտաժի («եթե Դուք հրաժարրվեք, Ձեր ընկերության համար պրոբլեմային ռեպորտաժը եթեր դուրս կգա առանց Ձեր տեսակետի»)։ Նա անում է այս ամենը, եթե դա պետք է իրեն։

21. Եթե դա պետք է Ձեզ, նա դեռ շատ երկար կմտածի այդ մասին։  

22. Նա կարող է տարբեր պատրվակներով մերժել Ձեզ. կներեք, մենք դա արդեն նկարահանել ենք (իսկ Ձեզ մոտ, դիցուք, հրդեհ է), կներեք, բայց մեզ մոտ հանգստյան օր է (իսկ Ձեզ մոտ կրկին հրդեհ է), կներեք, բայց դա մեր ձևաչափից դուրս է (իսկ Դուք միևնույնն է՝ չեք հասկանա, թե ինչ է ձևաչափը)։

23. Եթե Դուք ցանկանում եք ինչ-որ լավ բան պատմել Ձեր աշխատանքի մասին, այն մասին, որ Դուք լավ ղեկավար ունեք, բարեհամբույր գործընկերներ, որ Դուք բավականին լավ աշխատավարձ եք ստանում, Ձեզ խստորեն կասեն. «Գնացեք գովազդային  գործակալություն»։ Նրանց հետաքրքրում են այն դեպքերը, երբ ղեկավարը տականք է, գործընկերները հակված են սադիզմի, Դուք տարիներով աշխատավարձ չեք ստացել ու արդեն հասցրել եք ինքնասպանության մի քանի անհաջող փորձ կատարել։ Այսպիսի ցավալի կենսապայմաններից նրանք հաճույքով ստեղծում են այն, ինչ նրանց շրջանում կոչվում է «հատուկ ռեպորտաժ»։

24. Լրագրողն այն մարդն է, ով երկու անգամ է Ձեզ ուղղում միևնույն հարցերը։

25. Այն, ինչ նա առաջին անգամ է հարցնում, նա կոչում է նախահարցազրույց, իսկ հարցազրույցը նույն բանն է, սակայն կազմված արդեն երկրորդ անգամ տրված հարցերի հիման վրա։ Նրանք դա կոչում են «տեսախցիկի առջև»։

 

26. Լրագրողն այն մարդն է, ով ամեն եթերաշրջանում միևնույն թեմայով գալիս է մոտդ ու դրա համար զայրանում քեզ վրա։

27. Իսկ ուշադիր ու բարի աչքերով նա Ձեզ նայում է լոկ այսպես կոչված նախնական նկարահանումների ժամանակ։

28. Լրագրողը մի մարդ է, ով փողոցում չի ճանաչում իր ռեսպոնդենտներին ու չի բարևում նրանց։

29. Այնուհանդերձ, նա սովորաբար վիրավորվում է, եթե ինչ-որ մեկը չի իմանում իր անունն ու այն հեռուստաընկերության անվանումը, որում ինքն աշխատում է։ Նա խնամքով թաքցնում է իր վիրավորանքը, սակայն այն կարող է ազդել իր ռեպորտաժի բովանդակության վրա։ 

30. Եթե Դուք շփոթել եք նրա ծրագիրը մեկ այլ ծրագրի հետ, դա ընդհանրապես աններելի է։ Դա վկայում է Ձեր ոչ ադեկվատ վարքի մասին ու կասկածի տեղիք է տալիս, որ Դուք կարող եք գլուխ հանել Ձեր գործից։

31. Եթե նա Ձեզ ուղիղ եթեր է հրավիրել, առաջին բանը, որ ափսոսանքով Ձեզ կասեն ներս մտնելուն պես, այն է, որ Ձեր հագուստը բացարձակապես համապատասխան չէ եթերին, որովհետև այն վանդակավոր է կամ կարմիր է կամ սև, ուստիև խախտում է գունային ներդաշնակությունը։ Ձեզ երբեք ոչ ոք չի բացատրի, թե այս ցաքուցրիվ բառերն ինչ են նշանակում։ 

32. Եթե հեռուստաընկերությունն իրեն առաջադեմ է համարում, ապա ուղիղ եթերից անմիջապես առաջ Ձեզ կարող են տանել «վիզաժիստի» մոտ։ Հենց այս եզրույթով են նրանք անվանում այն մարդուն, ով կշտկի Ձեր արտաքինը, որն իրենց կարծիքով բոլորովին եթերային չէ։ Առհասարակ նրանք կարծում են, որ գրեթե բոլոր ռեսպոնդենտները եթերային չեն։ Դա նրանց մոտ կոչվում է «անհեռուստագենիկություն»։ Չզարմանաք այս օտարոտի եզրույթներից, լրագրողների բառապաշարում ամեն ինչ հնարավոր է։ 

33. Ուղիղ եթերի ժամանակ Ձեր դեմքին լույս կգցեն ու Ձեզնից կակնկալեն կայծասփյուռ իմպրովիզներ ի պատասխան այն հարցերի, որոնք լրագրողը կազմել է մի քանի օրվա ընթացքում։ Դրանք սովորաբար դրված են նրա սեղանին, ու նա աննկատ կերպով նայում է իր թղթիկներին։ Մինչդեռ Ձեզ կտրականապես արգելված է թղթեր օգտագործել, եթե անգամ դրանց վրա գրված են հույժ կարևոր թվեր։

34. Ձեզ կարող են անգամ չհասցնել ուղիղ եթերի, որովհետև լրագրողը կարող է շփոթել այն փողոցը, որտեղ Դուք ապրում եք, ու ավտոմեքենան կայանված կլինի բոլորովին այլ վայրում։ Այդ ամենի միակ մեղավորը Դուք կլինեք։

35. Լրագրողը մի մարդ է, ով սովորաբար համարում է, որ իշխանությունը սրիկաների ձեռքում է։ 

36. Նա ուշանում է այն միջոցառումներից, որոնց մասնակցում է իշխանությունը, ու լքում է դրանք իր բաղձալի սինխրոնը ստանալուն պես։  

37. Հետո իշխանության մասին իր սյուժեում ներառելով այդ սինխրոնը՝ նա կադրից դուրս անպայման կծաղրի մարդկանց։ Նրանք սա անվանում են անկախություն։  

38. Նա ավելի բարի է սովորական մարդկանց հետ, սակայն միայն այն դեպքում, երբ նրանք չեն ծանրաբեռնում իրեն կենցաղային հոգսերով։ Ձեր գլխին փուլ եկած տանիքը նրանց մոտ ոչ այլ ինչ է, քան կենցաղային հոգս։

39. Լրագրողն այն մարդն է, ով, խոսելով Ձեզ հետ Ձեր դպրոցի խնդիրների մասին, կարող է խնդրել Ձեզ ինչ-որ բան նվագել դաշնամուրով։ Դա նրանց մոտ կոչվում է «ինտերշում» (միջաղմուկ), ու առանց դրա նա չի կարող իր ռեպորտաժներն անել։  

40. Դուք ստիպված կլինեք նվագել թեմայի հետ բացարձակապես կապ չունեցող երաժշտական գործիքով երկու անգամ՝ սկզբում ու վերջում։ Սա նրանց մոտ կոչվում է «օղակային կոմպոզիցիա»։

41. Նա կարող է Ձեզ խնդրել ևս մեկ անգամ արտասվել, որովհետև այն ժամանակ, երբ Դուք իսկապես արտասվեցիք, տեսախցիկը դեռևս միացված չէր։

42. Նա կարող է անգամ խնդրել Ձեզ, որ Դուք հանեք Ձեր ակնոցը, թեպետ Դուք առանց դրա ոչինչ չեք տեսնում։

43. Իսկ հետո էլ, նայելով Ձեր անակնոց դեմքին, նա կարող է ասել. «Չէ, ավելի լավ է, նորից դրեք ակնոցը»։

 44. Նա երկար չի խոսում Ձեզ հետ, սակայն հետո երկար քայլում է Ձեզ հետ միջանցքներով ու փողոցներով։ Դա նրանց բառապաշարում կոչվում է պատկեր։ Այդ պատկերի ֆոնին նա հետագայում բանավոր տեքստ կհավաքի Ձեր մասին։ Առհասարակ լավ է հենց սկզբից իմանալ, որ պատկերը լրագրողի համար սովորաբար խոսքերից ավելի կարևոր է։

45. Ձեզ հետ որոշ ժամանակ զբոսնելուց հետո նա կարող է Ձեզ խնդրել հնարավորինս արագ անհետանալ կադրից, որովհետև նա պետք է ուր որ է իր ստենդափն արտասանի։   

46. Ստենդափը լրագրողի սինխրոնն է։ Կարծես թե լրագրողի համար ստենդափի մեջ ամենակարևորը «իմ մեջքի հետևում» բառերն են (իմ մեջքի հետևում հրդեհ է, կենդանաբանական այգի, երկրաշարժ)։ Կարելի է կարծել, որ ստենդափի նպատակը բոորին համոզելն է, որ ուշադրության արժանի ամեն բան կատարվում է լրագրողի մեջքի հետևում։   

47. Ի տարբերություն Ձեզ՝ լրագրողն իր սինխրոնը ստանում է մի քանի դուբլից։

48. Ի տարբերություն Ձեր սինխրոնի՝ իր սեփական սինխրոնը սովորաբար դժգոհության առիթ չի տալիս լրագրողին։

49. Լրագրողն այն մարդն է, ով համոզված է, որ Ձեզնից ավելի լավ գիտի, թե ինչպես պետք է բուժել, կառուցել, սովորեցնել, ղեկավարել քաղաքը (շրջանը, երկիրը) և այլն։

50. Լրագրողն ամեն դեպքում մարդ չէ։

Նյութի աղբյուրն՝ այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular