Հիմնական «մեթոդաբանական սխալը».... «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Փոքր չէ այն մեկնաբանների, վերլուծաբանների, քաղաքագետների թիվը, որոնք առկա իրավիճակը գնահատում են աղետային, իսկ գործող իշխանության քայլերը՝ աղետաբեր, սպառնալի, արկածախնդրական: Դե, ոչ մի սխալ բան չեն ասում, դա ակնհայտ է: Ավելին, անզեն աչքով էլ նկատելի է, որ Փաշինյանի գլխավորած իշխանության նկատմամբ դժգոհությունն աճում է ժամ առ ժամ, երկրաչափական պրոգրեսիայով: Ըստ որում, իրավիճակի հետաքրքրական նրբերանգներից մեկն այն է, որ այդ գործում հիմնական «գործող անձը» հենց... իշխանությունն ինքն է, ավելին՝ անձամբ Նիկոլ Փաշինյանը: Նա, կարելի է ասել, հնարավոր ու անհնար ամեն ինչ անում է, որպեսզի իր գլխավորած իշխանության նկատմամբ դժգոհությունն աճի ձնահոսքի նման: Ինչ անում-չի անում՝ դժգոհություններ, կոպիտ արձագանքներ...
Ավելին, քանի որ չկա մեկ կենտրոնից կազմակերպված կամ համակարգվող պայքար, ի տարբերություն, օրինակ՝ նույն 2018-ի զարգացումների, դժգոհությունները ստանում են տարակերպ ու ինքնաբուխ դրսևորումներ: Մեկը փորձում է ինքնահրկիզվել, մեկ ուրիշը ինչ-որ քար է նետում կառավարության շենքի ուղղությամբ, երրորդն ինքնապաշտպանական ջոկատ է փորձում ձևավորել, որպեսզի չկատարվեն տարածքներ հանձնելու վերաբերյալ Փաշինյանի՝ պատերազմի շանտաժով սպառնալից պահանջները: Չորրորդը Երևանի խաչմերուկում ազդանշանահարում է Փաշինյանի ավտոշարասյանը: Հինգերորդը, պատշգամբից պատահաբար տեսնելով թիկնազորով «պաշարված» Փաշինյանին, գոռում է՝ «դավաճան»: Վեցերորդը հատուկ գրանցվում է «Տիկ-տոկ» ցանցում, որպեսզի Փաշինյանի լայվի տակ թողնի իր կոշտուկոպիտ արձագանքը, յոթերորդը ֆեյսբուքներում Փաշինյանի ու նրա իշխանության հետ կապված ինչ տեսնում է, միանգամից «ջղայնիկում» է: Ութերորդը կիսաշվարած հայացքով դիմում է քեզ, թե՝ «լավ, բա վերջն ի՞նչ է լինելու...»:
Բայց հարցնում է ոչ թե առկա իրավիճակի փաստարկված գնահատական, այլ գոնե մի թո՜ւյլ հուսադրող բան լսելու ակնկալիքով... Եվ վերջապես՝ ամեն մի ուժ, միավոր, գործիչ իր դժգոհությունն ու պայքարը փորձում է անել իր տեսանկյունից, իր հնարավորությունների սահմաններում, սակայն որոշ դեպքերում հենց միմյանց դեմ «բոչկա գլորելով»: Այսինքն, իրավիճակի մյուս նրբերանգն այն է, որ ամեն մեկը պայքարում է, դրսևորվում է այնպես, ինչպես կարող է կամ հնարավոր է համարում: Ու այդ ամենի հետ կապված՝ դիտարկվում են նաև, այսպես ասենք՝ «մեթոդաբանական սխալներ»: Մեթոդաբանական առաջին սխալն այն է, որ շատերը (հասկանալի է՝ խոսքը քաղաքական ուժերին չի վերաբերում) կարծում են, թե իրենց արածը «ապաքաղաքական պայքար» է, ավելին՝ հանրության մի մասին հասցրել են այն վիճակին, որ քաղաքական բառը լսելուն պես «վատանում» են և, օրինակ՝ ամենաքաղաքական հարցով բողոք արտահայտելիս էլ ասում, թե՝ «մի քաղաքականացրեք...», «մեր ակցիան քաղաքական չէ» և այլն:
Այստեղ խնդիրը միաշերտ չէ: Ողջ հարցն այն է, որ առկա իրավիճակում (ու արդեն մի քանի տարի է, որ բովանդակային առումով վիճակն այդպիսին է) մի կողմից՝ ցանկացած պայքար ինքնին քաղաքական է (ընդհանուր, հանրամատչելի բնորոշմամբ, քաղաքականությունը հասարակության կամ հանրույթի հարաբերություններն է պետության, իսկ ավելի կոնկրետ՝ իշխանությունների հետ), մյուս կողմից՝ ավելին է, քան քաղաքականությունը, այսինքն՝ վերքաղաքական է: Իսկ եթե ավելի ճիշտ արտահայտվենք՝ վերկուսակցական է: Սկզբունքորեն, մենք ընդհուպ մոտեցել ենք գոյաբանական պայքարի շեմին: Չնայած, մենք այդ շեմին էինք արդեն այն պահին, երբ ՀՀ ղեկավարությունը հազարամյակներով բնիկ հայկական ու հայաբնակ Արցախը հռչակեց... ադրբեջանապատկան: Այսօր սակայն մենք գոյաբանական պայքարի շեմին ենք, անգամ կարելի է ասել՝ դուռը կրնկի վրա բացել ենք՝ արդեն Հայաստանի Հանրապետության հետ կապված:
Շատերն են հաճախ տարակուսում, թե ինչո՞ւ բոլոր ընդդիմադիրները, իշխանության դեմ հանդես եկողները չեն միավորում իրենց ջանքերը: Այն պահից, երբ գործող իշխանության դեմ հանդես եկողները իրենց մեջ լիարժեք կընդունեն, որ սա գոյության պայքար է, որ դա վեր է զուտ կուսակցականից, նեղ քաղաքականից, այդ պահից էլ կսկսեն որոշակի հաջողություններ արձանագրել նշված պայքարում: Երբ կգիտակցենք, որ աղետը սպառնում է բոլորիս, անկախ մեր քաղաքական, կրոնական և այլ հայացքներից, այդ պահին էլ, հնարավոր է, ուժերը մեկտեղելու և վերահաս վտանգին դիմակայելու և դրանից փրկվելու ռեալ հնարավորություն կձևավորվի: Երկրորդ և, կարծում ենք, հիմնական մեթոդաբանական սխալը որոշ իմաստով նաև փաշինյանական ծուղակ է: Պարզաբանենք: Փաշինյանը գնում է Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց, մի խոսքով՝ գնում է ու, «հանդիպման բերված» լսարանին սպառնալով պատերազմով, Թուրքիայի հարձակմամբ ու չգիտես, թե էլ ինչով, փորձում է համոզել, որ նրանք համաձայնեն տարածքներ տալուն, այսինքն՝ իրենց գյուղերը թշնամու առաջ անպաշտպան դարձնելուն, գյուղազրկվելուն, տնազրկվելուն, հայրենազրկվելուն:
Ու այդ ամենից վրդովված հայրենակիցների, նաև քաղաքական գործիչների մի զգալի մասը դրա վրա է սևեռվում այն իմաստով, թե՝ «հեսա Փաշինյանը տեղացիներին կհամոզի, որ տարածքները տան...», կամ նման ընկալումներ են ունենում: Այնինչ, նախ՝ նույնիսկ «հանդիպման բերված» լսարանը Փաշինյանին սառն է վերաբերվում ու, ինչ պետք է՝ ասում են: Բայց հիմնականը. իսկ ո՞վ է ասել, որ Ոսկեպարի դիմացի սարը, կողքի ճանապարհը, այգին կամ հանդը բացառապես ոսկեպարցունն է: Հա, տասնամյակներով ոսկեպարցի մեր հայրենակիցներն են այդտեղ ապրել, շենացրել իրենց բնօրրանը, ըստ անհրաժեշտության ու պատվով պաշտպանել թշնամուց (փառք ու պատիվ իրենց): Բայց չէ՞ որ դա ամենից առաջ Հայաստանի Հանրապետությա՛ն տարածքն է, դա մեր բոլորի՛ս պետության, բոլորի՛ս երկրի անկապտելի ու անբաժանելի, անզիջելի մի մասն է: Այսինքն, եթե Փաշինյանը հանդիպելու բան ունի, ապա պետք է ՀՀ բոլոր քաղաքացիների հետ հանդիպի, ինչպես մի ժամանակ, հիշո՞ւմ եք, ասում էր՝ այս հրապարակում 3 միլիոն վարչապետներ են...
Կարճ ասած՝ սխալն այն է, երբ մարդիկ սկսում են համարել, թե Ոսկեպարի կամ Բաղանիսի մերձակա հայկական տարածքները թշնամուն հանձնելու հարցը վերաբերում է բացառապես այդտեղ ապրող մեր հայրենակիցներին: Ճիշտ նույն կերպ՝ Մովսես ու Չինար, Ոսկեպար ու Վազաշեն, Վահան և Ճամբարակ ու մի շարք այլ բնակավայրերի, գյուղերի մեր հայրենակիցները, որ բանակին հավասար, տասնամյակներով կանգնել են, նրանք հո միմիայն իրենց բնակավայրե՞րը չեն պաշտպանել: Նրանք մեզ բոլորի՛ս են պաշտպանել: Սրանք պարզ ու հասարակ թվացող հանգամանքներ են, որոնք, սակայն, բացատրելու, տեղ հասցնելու կարիք, կարծես թե, կա: Ինչպես կան այլ «մեթոդաբանական սխալներ», օրինակ՝ թեկուզ նույն Ալմաթիի տխրահռչակ հռչակագրի հետ կապված, որոնք, եթե անհրաժեշտ է, մեկ անգամ ևս առանձին կդիտարկենք: Երբ տիրապետի գիտակցումը, որ Ոսկեպարի մոտ «տարածք հանձնելը» բացարձակապես նույնն է, եթե մեկը ելնի ու հայտարարի, թե Կասկադը հանձնես ոճրագործ թշնամուն, այն ժամանակ էլ երևի կսկսենք կամաց-կամաց ոտքի կանգնել...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում