ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Երևանի ու Բաքվի հարաբերություններում լարվածությունը չի մարում»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իր կառավարությունը չի կարողացել պայմանավորվել Ադրբեջանի հետ այն քարտեզների շուրջ, որոնցով սահմանազատում է իրականացվելու, սակայն պնդել է, որ չորս գյուղ, որոնք փաստացի գտնվում են Տավուշի մարզում պետք է փոխանցվեն Բաքվին, քանի որ նախկինում դրանք եղել են Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում, հակառակ դեպքում կարող է պատերազմ սկսվել,-գրում է ng.ru-ն:

Տավուշում սահմանի թեման արդիական է դարձել այն բանից հետո, երբ մարտի 9-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակը հայտարարել էր, թե Հայաստանը պետք է Բաքվին փոխանցի չորս «ոչ էքսկլիվային գյուղեր»։

Այսինքն Երևանը պետք է տարածքային զիջում կատարի միակողմանիորեն ու նախքան սահմանազատման սկսվելը։ Դրանից հետո էլ Բաքուն ցանկանում է վերահսկողություն հաստատել չորս էքսկլավների վրա, որոնք են Յուխարի Ասկիպարան, Քյարքին (բնակեցված Վերին Ոսկեպար և Տիգրանաշեն հայկական գյուղեր), ինչպես նաև Սոֆուլուն և Բարխուդարլին (դատարկ բնակավայրեր):

Բայց Փաշինյանը պատրաստ է տարածքներ զիջել միայն սահմանազատման շրջանակներում: «Սահմանազատման արդյունքում մենք ստանում ենք պետական սահման, և տրամաբանորեն հետևում է, որ այնտեղ բանակ չպետք է լինի։ Այնտեղ պետք է սահմանապահներ լինեն»,- ասել է Փաշինյանը։

Նրա կարծիքով, դրա շնորհիվ կկրճատվի Ադրբեջանի հետ նոր պատերազմի վտանգը։ Ադրբեջանցի քաղաքագետ Իլգար Վելիզադեն չի բացառել, որ Հայաստանի ղեկավարի առաջարկը կարող է ընդունվել։ «Քանի որ այդ գյուղերը գտնվում են անմիջապես սահմանին, կարելի է ենթադրել, որ դրանց տալը կապված կլինի սահմանազատման հետ։

Դա տրամաբանական է, քանի որ դա կօգնի հետագայում խուսափել խնդիրներից ու թյուրիմացություններից։ Բացի այդ, այս թեման քննարկվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի հաստատման հանձնաժողովի շրջանակներում։ Երևի, կողմերը նախապես պայմանավորվել են այդ հարցում։

Իսկ թե կոնկրետ ինչպես է գծվելու սահմանը, ամենայն հավանականությամբ կկրկնվի Շուռնուխ գյուղի պատմությունը, որի մի մասն անցել է Ադրբեջանին»,- ng.ru-ին ասել է փորձագետը։

Հայ լրագրող Դավիթ Գալստյանը, ով վերջերս եղել է Տավուշի մարզի վիճելի տարածքներում, ng.ru-ին պատմել է, թե կոնկրետ ինչի շուրջ է վեճը։

«Այդ գյուղերի տարածքը բնակեցված չէ, այնտեղ հիմնականում ավերակներ են։ Բայց Հայաստանի և Ադրբեջանի համար դրանք կարևոր են հաղորդակցությունների վերահսկողության տեսանկյունից։ Խոսքն առաջին հերթին Հայաստան-Վրաստան գլխավոր ճանապարհի մասին է, որը մի քանի տեղով հատում է հին խորհրդային սահմանը։ Մոտակայքում կա նաև գազատար Վրաստանից։ Բացի այդ, հին խորհրդային սահմանն անցնում է Ոսկեպար գյուղով, և եթե այնտեղ հայտնվի ադրբեջանական բանակը, ապա գյուղը կարող է ամբողջությամբ դատարկվել։ Հիմա այնտեղ մոտ 800 մարդ է ապրում»,- պարզաբանել է Գալստյանը։

Լրագրողի խոսքով Տավուշում հայկական բանակն ունի պաշտպանության գծի ամենահագեցած ու ամրացված հատվածը, և դրա կորուստը կխաթարի զինված ուժերի ներուժը։ Բացի դա, փաստ չէ, որ Ադրբեջանը զինվորականներին թույլ կտա նոր դիրքեր ստեղծել։

Ոսկեպարի բնակիչները բացասաբար են արձագանքել տարածքները տալու մասին լուրերին, լրագրողների հետ հարցազրույցներում նրանք ասել են, որ պետք է ոչ թե բանակցել Բաքվի հետ, այլ ուժեղացնել պաշտպանությունը ադրբեջանական ներխուժումը կանխելու համար։

Միաժամանակ նրանք զգուշացրել են, որ մեկը մյուսի հետևից հողատարածք հանձնելով` Հայաստանի իշխանությունները, ի վերջո, կարող են կորցնել նաև Երևանը։ Հայաստանի ընդդիմությունը Փաշինյանին մեղադրել է դավաճանության մեջ:

Օրինակ, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոնը, վարչապետին անվանել է «ադրբեջանական անշարժ գույքի գործակալ»։ Հանրապետության նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը համաքաղաքացիներին կոչ է արել համախմբվել այնպես, ինչպես կարողացան անել 1918 թվականի Սարդարապատի ճակատամարտի ժամանակ, որտեղ հայկական զորքերը կարողացան կասեցնել օսմանյան բանակի առաջխաղացումը դեպի Հայաստան և դրանով իսկ փրկել հայ բնակչությանը ցեղասպանությունից։

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էլ ասել է, որ եթե մարտի 27-ին 500 հազար մարդ հավաքվի Երևանի կենտրոնում, ապա իշխանությունը կտապալվի, և երկիրը ստիպված չի լինի ինչ որ բան տալ Ադրբեջանին։ Մոսկվայում անմիջապես են հրաժարվել Տավուշի մարզի վերաբերյալ բանակցություններին ներգրավվելուց և դրանց հետևանքների պատասխանատվությունը կրելուց, քանի որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն են որպես միջնորդներ հանդես եկել այդ պայմանավորվածությունների ձեռքբերման հարցում, այսինքն նրանք պետք է զբաղվեն իրենց աշխատանքի արդյունքներով:

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի իշխանություններն ընդգծել են, որ սահմանազատման հարցերը պետք է լուծվեն առանց բնակչությանը ահաբեկելու, հանգիստ ու կառուցողական մթնոլորտում, և Ռուսաստանը կարող է օգնել այդ գործընթացն իրականացնելու հարցում։

Մինչդեռ, ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելն ասել է, որ Վաշինգտոնը շարունակում է հայ-ադրբեջանական կարգավորման հարցում ակտիվորեն համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ։ Նա այդպես է պատասխանել այն հարցին, թե հակամարտության սրումը կանխելու համար որքանո՞վ է անհրաժեշտ հրատապ սահմաններ գծել տարածաշրջանում։

Դեռևս հայտնի չէ, թե կոնկրետ երբ կլուծվի այդ «ոչ էքսկլավային գյուղերը» Ադրբեջանին փոխանցելու հարցը։ Երևանը պնդում է, որ վիճելի տարածքներում պետք է որոշել, թե որտեղից է սկսվում Հայաստանի տարածքը, և դա պետք է արվի իրավական ուժ ունեցող փաստաթղթերի հիման վրա։ Մինչդեռ, ամերիկյան Stratfor վերլուծական ընկերությունը կարծում է, որ Հայաստանի իշխանությունները կշարունակեն տեղի տալ իրենց հարևանների պահանջներին։

Ըստ վերլուծաբանների` Հայաստանը վախենում է Ադրբեջանի ռազմական հզորությունից։ Այնուամենայնիվ, ըստ Stratfor-ի` գյուղերը տալը դեռ կապված է սահմանազատման գործընթացի առաջընթացի հետ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular