ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քննարկվել են ՀՀ սահմանային անվտանգությամբ պայմանավորված մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները

ԻՐԱՎՈՒՆՔ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 25-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը: 

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դեկոտինը։ 

Ողջունելով հյուրերին՝ Պաշտպանը բարձր է գնահատել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ֆրանսիացի գործընկերների հետ համագործակցությունը` նկատի ունենալով նաև այն ժողովրդավարական ու իրավունքահեն արժեքները, որոնցով առաջնորդվում է Ֆրանսիան։ 

Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի գործունեության ուղղությունները, մասնավորապես՝ ընդգծելով կանանց, երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, հավաքների ազատության իրավունքի, քաղաքացիական և սոցիալ-տնտեսական իրավունքների, զինված ուժերում, քրեական վարույթի շրջանակում անձանց իրավունքների պաշտպանության, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի շրջանակներում և մի շարք այլ ոլորտներում իրականացվող աշխատանքները։

Հանդիպման ընթացքում, ի թիվս այլնի, Պաշտպանն անդրադարձել է ընտանեկան, գենդերային հիմքով բռնության կանխարգելմանը և Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու անհրաժեշտությանը, կանանց իրավունքների պաշտպանության և խթանման ուղղությամբ աշխատանքների կարևորությանը։ 

Անահիտ Մանասյանը ներկայացրել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր, հատուկ անդրադարձել է անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին։

Հանդիպման շրջանակներում քննարկվել են Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգությամբ պայմանավորված մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրներին առնչվող հարցեր։

Անն-Լորանս Պետելն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության և արդյունավետ քննարկման համար՝ կարևորելով Պաշտպանի հաստատության գործունեությունը մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգի ամրապնդման հարցում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular