ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոնսոլիդացիան այլընտրանք չունի 

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իր իշխանության վեց տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանը քանիցս ապացուցել է, որ ՀՀ բոլոր ժամանակների ամենաավտորիտար ու ռեպրեսիվ կառավարիչն է, ով իր ընդդիմախոսներին լռեցնելու համար պատրաստ է ցանկացած քաղաքական բռնաճնշումների։ Անցնող վեց տարիների ընթացքում մենք բազմակի անգամներ համոզվել ենք դրանում, տեսել, թե տարբեր առիթներով ինչպես են ակնհայտ և՛ բացառապես քաղաքական գործունեության, և՛ հռետորաբանության պատճառով մարդիկ զրկվում ազատությունից։ 

Առավել հատկանշական է այն, որ Փաշինյանը բնավ չի էլ թաքցնում, որ դիմելու է նման քայլերի․ բոլորս ենք հավանաբար հիշում, թե ինչպես էր նա հրապարակավ հայտարարում, թե «ասֆալտին կփռենք, բորդյուր կլիզեք»։ Այո, սա փաստացի ՀՀ քաղաքական հայտարարություններից մի հատված էր, որին Նիկոլի սիրելի Արևմուտքը և «ժողովրդավար» միջազգային հանրույթը ոչ մի արձագանք չտվեց և լուռ համակերպվեց նրա խոսույթի հետ, անգամ այն ժամանակ, երբ նրա անմիջական ցուցումով հրապարկներում մարդկանց քարշ էին տալիս գետնին, այդ թվում` զոհվածների ծնողներին ստորաբար հեռացնում Եռաբլուրից։
Հայաստանում հավատարմագրված դեսպանները, միջազգային կառույցի ներկայացուցիչները և մնացած «իրավապաշտպան» կառույցները «օկ» են Փաշինյանի հետ, որ նա նման ռեպրեսիվ մեթոդներով ճնշի ընդդիմադիրներին. նրանց կողմից բարձրացված հարցերը, որոնք ոչ միայն լեգիտիմ են, այլ բացարձակ ճշմարտություն, միանգամից կլռեցվի և տվյալ անձը կհայտնվի անազատության մեջ (ասվածի վառ օրինակը Արմեն Աշոտյանի դեպքն էր, երբ Աշոտյանի կողմից հրապարակած գաղտնի փաստաթղթերը վկայում էին, որ Փաշինյանը պատրաստվում է ոչ միայն հանձնել Արցախը հայաթափման գնով, այլ առաջիկայում Ադրբեջանին միակողմանի մեծ զիջումներ է նախապատրաստում)։ 
Վերջին օրերին մենք ականատես եղանք բռնաճնշումների հերթական դրվագին, երբ ակնհայտ բռնի ուժ կիրառելով ձերբակալվեցին, ապա 2 ամսով կալանավորվեցին Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը։ Այս կալանավորումները ոչ մի իրավական հիմք չունեին այն առումով, որ մեղադրանք է ներկայացվում «համացանցում խուլիգանություն» անելու հոդվածով, թե իրականում ով է կոնկրետ տուժողը և ում դիմումի համաձայն է քննիչը նման գործ հարուցել։ Սրանք դրվագներ են, որոնք իրավաբանության ոչ մի նորմի մեջ չեն տեղավորվում, քանի որ, եթե կա հանցանք, ապա միանշանակ է, որ պետք է լինի նաև տուժող, սակայն տվյալ դեպքում անհասկանալի է, թե ով է համարվում տուժողը։
Աշոտյանի գործի աբսուրդը նրանում է, որ, ըստ էության, չկա փողերի լվացման կասկածյալ, ինչի մասին վերջին դատական նիստում նշվեց քանիցս, սակայն ՀՀԿ փոխնախագահն ապօրինաբար շարունակում է մնալ անազատության մեջ, և սա այն դեպքում, երբ դատավոր Դոլմազյանը ոչ մի հոդաբաշխ փաստարկ մինչ օրս չի ներկայացնում` նրան փակի տակ պահելու հիմնավորման վերաբերյալ։ 
Քաղբանտարկյալների դրվագներից ամենաաբսուրդը, թերևս, Մամիկոն Ասլանյանինն է, երբ Վանաձորի ընտրված քաղաքապետին կալանքի տարան միայն այն պատճառով, որ հաղթել էր ՔՊ թեկնածուին, մինչ այդ էլ ոչ մի կերպ չէր համագործակցել իշխանության հետ, երբ նրանք վերջինիս առաջարկել էին ընտրություններին գնալ իրենց ցուցակով։ Ասլանյանն արդեն 2 տարի 4 ամիս է գտնվում է կալանքի տակ, իսկ նորմալ դատական նիստեր մինչ օրս չեն կայացվել (գործը վկաների ցուցմունքների փուլում է, կան 40-ից ավելի վկաներ, և դիտավորյալ մեռցնում են գործընթացը, որպեսզի Ասլանյանը հնարավորինս երկար մնա անազատության մեջ)։
Դրվագները շատ են, քաղբանտարկյալներ՝ նույնպես, որոնք հավիտյանս կմնան հայոց պատմության էջերում՝ ասոցացվելով փաշինյանական բռնաճնշումների հետ, իսկ պատասխանը մեկն է․ Նիկոլը սեփական իշխանությունը պահելու համար անում է և անելու է ամեն ինչ այնքան ժամանակ, քանի դեռ չկա միասնականություն և ընդհանուր կոնսոլիդացիա, որը ստեղծված իրականության միակ տրամաբանական լուծումն է։

Արմեն Հովասափյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular