ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրացագիտության կենտրոնը նոր մեկնարկի հիանալի կետ է. Անդրեասյանը՝ Վրաստանի խորհրդարանի ներկայացուցիչներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսիա Սվաջյանը, ԱԺ պատգամավոր Նարեկ Բաբայանը, ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն, Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի հանձնաժողովի մի շարք անդամներ:

ԿԳՄՍ նախարարը, ողջունելով հյուրերին, նախ շնորհավորել է Վրաստանի ֆուտբոլի հավաքականի նախորդ օրվա հաջողության՝ Հունաստանի նկատմամբ տարած հաղթանակի առթիվ։ Ժաննա Անդրեասյանը երկու երկրների բարեկամական սերտ հարաբերությունների զարգացումն ապահովելու նպատակով կարևորել է կրթության, գիտության և երիտասարդության ոլորտներում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունների զարգացումը և ընդլայնումը:

«Վրաստանի գործադիր մարմնի գործընկերների հետ երկկողմ համագործակցության օրակարգը քննարկելու հնարավորությունից հետո ուրախ ենք նաև օրենսդիր մարմնի շրջանակում այդ երկխոսությունը շարունակելու: Կարծում եմ՝ փոխադարձ այցելություններն ու քննարկումները ցույց են տալիս հարաբերությունների այն բարձր մակարդակը, որն առկա է երկու երկրների միջև»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը՝ կարևորելով համագործակցության ներուժի ամբողջական իրացումը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել այս օրերին Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիորգի Ամիլախվարիի գլխավորած պատվիրակության այցին Հայաստան, որի շրջանակում մարտի 27-ին Երևանի պետական համալսարանում հանդիսավորությամբ բացվել է վրացագիտության կենտրոնը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը համոզմունք է հայտնել՝ այն կնպաստի գործընկերության խորացմանը: «Պատրաստ ենք քննարկել վրացագիտության կենտրոնի հիման վրա մեր հետագա ծրագրերն ու անելիքները: Սա նոր մեկնարկի հիանալի կետ է, որտեղից կարող ենք այդ ուղղությամբ ավելի ընդլայնել մեր համատեղ աշխատանքները: Թբիլիսիի պետական համալսարանում գործում է հայագիտության կենտրոնը, որը շատ լավ ավանդույթներ ունի: Կարծում ենք՝ այս ուղղությամբ մեր աշխատանքը կարող է շատ հեռանկարային լինել»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:

Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել երկու բարեկամ ժողովուրդների միջև անմիջական շփումները: Այս համատեքստում Գիվի Միքանաձեն ընդգծել է ինչպես գործադիր, այնպես էլ օրենսդիր մարմինների միջև սերտ համագործակցության ամրապնդումը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև համատեղ իրականացվող աշխատանքները Վրաստանի հայալեզու դպրոցների հայոց լեզվի և գրականության ուսուցիչների մասնագիտական վերապատրաստման, ատեստավորման և հավաստագրման գործընթացի շրջանակում, ՀՀ հանրակրթական դպրոցներում վրացերենի դասավանդման փորձն ու դրա ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև միջպետական ծրագրի շրջանակում իրականացվող կրթաթոշակային ծրագիրը:

Վրացական կողմն ընդգծել է, որ հետաքրքրված է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում «Դպրոցական սնունդ» ծրագրի իրականացման հաջողված փորձով: Հարևան երկիրը ցանկություն ունի առավել մանրամասն ուսումնասիրելուց հետո ծրագիրը տեղայնացնել Վրաստանի դպրոցներում:

Վրաստանի խորհրդարանի ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև գիտության, բարձրագույն կրթության ու երիտասարդության ոլորտներում երկկողմ համագործակցության ծրագրերին՝ վերահաստատելով հարաբերությունների ամրապնդմանն ուղղված քայլերի պատրաստակամությունը: Մասնավորապես՝ կարևորվել է Erasmus+, Horizon Europe ծրագրերի շրջանակում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունը, որը կնպաստի երկու պետությունների բուհերի և գիտական կազմակերպությունների միջազգայնացման գործընթացի զարգացմանը:

ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև Հայաստանի և Վրաստանի միջև երիտասարդական համաժողովների կազմակերպումը, որը, անկասկած, կնպաստի երկու երկրերի երիտասարդների շփման և երկխոսության զարգացմանը, բարեկամական կապերի ամրապնդմանը և համատեղ նոր նախաձեռնությունների իրականացմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular