ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Վայլդբերիզ»-ի ապրանքն ապրիլի 1-ից կթանկանա․ այս որոշմամբ օգնում են թուրքերին «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 1-ից հայաստանցիները կզրկվեն եւս մի հաճույքից՝ չեն կարողանա այլեւս իրենց սիրելի «Վայլդբերիզ» ցանցից էժան ապրանքներ պատվիրել, եւ սա ՊԵԿ-ի անհաջող կատակը չէ։


Պետությունը որոշել է վերացնել այն արտոնությունը, որը տրված էր 2022 թվականից, եւ կրկին իջեցնել անմաքս առեւտրի շեմը։ 2024 թվականի ապրիլի 1-ից յուրաքանչյուր անձ կարողանալու է ոչ թե 200 հազար դրամի անմաքս ապրանք ներկրել, այլ ընդամենը 200 եվրոյի։ Այսինքն՝ եթե նախկինում 200 հազար դրամի ապրանքը առցանց վաճառողները բերում էին անմաքս, ապա հիմա կկարողանան անմաքս բերել միայն մոտ 80-85 հազար դրամի ապրանք։ Սա անխուսափելիորեն բերելու է առցանց պատվերների թանկացման։ Օրինակ, եթե նախկինում 1000 դոլարանոց բջջային հեռախոս բերելու համար անձը վճարում էր մոտ 30 հազար դրամ, ապա հիմա կվճարի 57 հազար դրամ։ Այնպես որ, լավ կլինի՝ ապրիլյոթյան նվերները պատվիրենք մինչեւ ապրիլի 1-ը։

Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշմամբ, ՀՀ-ում ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար առցանց անմաքս առեւտրի թույլատրելի շեմը 2022 թվականի մարտի 31-ից 6 ամսով սահմանվել էր 200 հազար դրամ՝ նախկին 200 եվրոյի փոխարեն։ Հետագայում էլ արտոնության ժամկետը երկարացվել էր։ 

Տնտեսագետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանն էլ է կարծում, որ, իհարկե, սա բերելու է առցանց առեւտրի թանկացման, այս որոշման սոցիալական բաղադրիչը բացասական է, սակայն Հայաստանի կառավարությունը չէր կարող չենթարկվել ԵՏՀ որոշմանը եւ չկիրառել այն կամ հավերժ հետաձգեր արտոնության վերացումը։ «Եթե ԵԱՏՄ անդամ ես, չես կարող չենթարկվել կոլեգիալ որոշման։ Դու այսպիսի կարգավորումները պատվիրակում ես վերազգային կոմիտեին, նա էլ այդպիսի որոշում է ընդունել, պետք է կիրառես։ Անվերջ երկարացնել արտոնությունները՝ չենք կարող։ Դրանք ժամանակավոր են տրվում։ Օրինակ՝ կհիշեք, մենք ունեինք նաեւ ավտոմեքենաների ներկրման գծով որոշակի արտոնություն, որը ժամկետի ավարտից հետո վերացվեց»։ 

«Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ, տնտեսագետ, նախկինում մաքսային համակարգում ղեկավար պաշտոններ զբաղեցրած Երվանդ Թարվերդյանն էլ կարծում է՝ որոշումը հարկահավաքի տեսանկյունից լավն է, առցանց առեւտուր անողների համար՝ վատ։ «Այն երկրում, որից գալիս է ապրանքը, հարկերը հետ են վերադարձվում։ Իհարկե, տրամաբանական է, որ պետք է հարկել»,- ասում է նա։

- Բայց մարդիկ մեղք չե՞ն։ Հազիվ մի քիչ էժան առեւտուր էին անում։ 

- Պետությունն ավելի մեղք է։

- Մեղք է՝ թող անիմաստ ծախսեր չանի։

- Դրա հետ համաձայն եմ։

Առավել հաճախ հայաստանցիներն առեւտուր են անում ռուսական «Վայլդբերիզ» առցանց հարթակից, որի գործունեության ծավալները Հայաստանում էականորեն աճել էին։ Ըստ տարեվերջյան տվյալների, մոտ կես մլն մարդ է Հայաստանում օգտվում այս հարթակից` իրեն անհրաժեշտ իրերը պատվիրելով առցանց, որը շոշափելիորեն ավելի էժան է, քան մեր խանութներում վաճառվող ապրանքը։ «Վայլդբերիզ» ընկերության ղեկավար Տատյանա Բակալչուկն անցած ամառ եկել էր Հայաստան, հանդիպել Փաշինյանի հետ, ջերմ-ջերմ խոսքեր էին իրար ասել եւ որպես մեծ ձեռքբերում էին ներկայացնում։ 

Հայաստանում ընկերությունը լոգիստիկ կենտրոն է հիմնել, որի շնորհիվ ապրանքներն ավելի արագ են առաքվում, իսկ փոքր բիզնեսն ավելի հեշտ էր արտահանում իր արտադրանքը Ռուսաստան։ Իհարկե, հիմա՝ մաքսվող շեմը կրկնակի իջեցնելուց հետո, այս բոլոր «պլյուսները» հօդս են ցնդելու։ Իսկ կօգտվեն փոփոխությունից խանութներն ու տոնավաճառները, որոնց առեւտուրը համարյա կանգնել էր։ Այսպես, եթե ամբողջ աշխարհում զարգանում է առցանց առեւտուրը, մեզ մոտ այն հետընթաց է ապրում՝ առաջ մղելով Թուրքիայից ու Չինաստանից ապրանք բերողներին։ Ստացվում է, որ այս մեր որոշմամբ կրկին օգնում ենք թուրքերին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular